Protestant.am-ը զրուցել է հայտնի երգիչ Արմոյի (Արմո Հովեյան) հետ

288

 

«Մարդկային գործերը լի են սխալներով, հավատացե՛ք և վստահե՛ք ամենակարող Աստծուն, ում գործերն անքննելի և հիասքանչ են». Արմո

 

Արմո, Ձեր ֆեյսբուքյան մի քանի գրառումները մեծ իրարանցում առաջացրեցին համացանցում: Դրանցում Դուք անթաքույց ներկայացնում եք Ձեր քրիստոնեական դիրքորոշումները: Հանդիսատեսը Ձեզ ճանաչում էր այլ կերպ, սակայն Դուք անսպասելիորեն ներկայացաք նորովի: Կպատմե՞ք, թե ինչ գլոբալ փոփոխություն է կատարվել Ձեր կյանքում:

Ես պարզապես վերածնվեցի, դա իմ կյանքի ամենամեծ փոփոխությունն է։ Ես գտա, հանդիպեցի իմ Տիրոջը։ Սիրտս բաց արեցի Հիսուս Քրիստոսի առաջ, ով իմ կյանքի բոլոր օրերում շարունակում էր այն թակել՝ առանց հոգնելու, առանց ինձ լքելու։ Նա իմ կյանքում եղած ամենամեծ հրաշքն է։

Ձեր դավանած արժեքները հավանաբար միանշանակ չեն ընկալվում գործընկերների, ընկերների, բարեկամների շրջանում: Արդյոք դժվար չէ՞ հոսանքին հակառակ գնալը:

Չենք կարող Աստծուն և միաժամանակ աշխարհին ծառայել։ Ինչպես Տերն է ասում. «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կսիրի և մյուսին կատի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի» (Մատթեոս 6։24): Եթե իմ ընտրությունը Տերն է և Տիրոջ օրենքը, բնականաբար այն մարդիկ, ովքեր աշխարհին են ծառայում, չեն կարող իմ դավանած արժեքներն ընկալել։ Ինձ համար դժվար չէ, քանի որ ինձ պահողն Աստված է և «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է՝ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ: Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ Նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, Նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե՝ ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց, նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը… Բայց այս բոլորից շա՜տ ավելի հաղթական ենք դուրս գալիս Նրա շնորհիվ, Ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:» (Հռոմ. 8:31-39)

Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին, պիտակավորումներին:

Եթե հարցը հոգևոր կյանքին է վերաբերում, ապա քննադատության կարևորությունը կախված է նրանից, թե ում կողմից է այն լինում։ Եթե Աստծո մարդն ինձ մի բան ասի, որը, կարծում եմ, ավելի շատ խորհրդի կարգով կլինի, բնականաբար կընդունեմ։ Բայց երբ այն լինում է մարդկանց կողմից, ովքեր այս աշխարհի իշխանին են ծառայում, ուրեմն դա… նորմալ է, դա փաստում է, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Այն, ինչ Հիսուսին ասեցին, նրա հետևորդներին էլ կասեն, որ ժամանակներում էլ գտնվենք։

Երբեմն տպավորություն է ստեղծում, որ եթե մարդ Ատվածաշունչ է կարդում, ուրեմն դեմ է հայ եկեղեցուն: Ի՞նչ կասեք այս առումով:

Դա պարզապես անհասկանալի է ինձ համար, որովհետև եթե եկեղեցին Աստվածաշնչի վրա չի հիմնվում, ուրեմն նրա գոյությունն անիմաստ է։ Ո՞րն է իմաստը եկեղեցի հաճախելու, եթե մեր նպատակը Տիրոջ հետ հանդիպելը և Նրա Խոսքը լսելը չէ։ Եկեղեցին Աստծո ժողովուրդն է։ Այսօր Աստված իր եկեղեցին կենդանի քարերից է պատրաստում՝ ինձնից և ձեզնից, ովքեր կգործեն Տիրոջ փառքի համար։ Հավատքը կրոն չէ, հավատքը կյանք է։ Ամեն մեկս Աստծո տաճար ենք, պատրաստված Սուրբ Հոգին ընդունելու համար։ Դա նույնն է երբ մարդ «Աստված, Աստված» է ասում, բայց Հիսուսի անունը երբեք չի տալիս։ Երբ բացատրում ես, որ Հիսուս Քրիստոսն է միակ ճշմարիտ և կենդանի Աստվածը, նա քեզ աղանդավոր է անվանում։ Դա էլ տգիտությունից է գալիս և Աստվածաշունչ չկարդալուց։ Ամեն մեկն իր կերպարով և իր պատկերացումով մի աստված է ստեղծում և սկսում պաշտել՝ ճշմարտությունը թողնելով։


 

 

Ձեր ամուսնական հոլովակը շատ սիրվեց և ընդունվեց հասարակության կողմից: Այն անաղարտ սիրո հիանալի օրինակ է, որտեղ երևում է Ձեր անկեղծ սերն ու նվիրվածությունը: Տարվա այս շրջանում նշվում են «սիրահարների» մի քանի «տոներ»: Չանդրադառնալով դրանց իրական նշանակությանը, այլ պարզապես հաշվի առնելով, որ երիտասարդներն այս շրջանում ավելի զգայուն են և ինչ որ սպասումների, փնտրտուքների մեջ են, որպես այդ փուլն անցած երիտասարդ, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

Խորհուրդ կտամ ապաշխարել և հանձնվելով Տիրոջ ձեռքերի մեջ՝ վստահել միմիայն Նրան։ Այն, ինչ մարդն է անում, լի է դժվարություններով, սխալներով, հալածանքներով և ափսոսանքներով: Սակայն այն, ինչ Աստված է անում, կատարյալ է։ Այսօր շատ դժբախտ հոգիներ կան, ովքեր իրական սիրո կարիքն ունեն, սակայն փնտրում են այդ սերը մարդկանց մեջ, սխալ մարդկանց մեջ և հիասթափվում։ Կատարյալ սերը միայն Հիսուս Քրիստոսի մեջ է։ Երբ մենք գտնում ենք Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, մեր կյանքը մի նոր իմաստ է առնում և Տերն էլ մեզ ճիշտ մարդու կողքին է դնում։ Շատերն իրենց նյարդերի, ուժերի հաշվին են ընտանիք պահում և քիչ-քիչ լուծվում, բայց երբ Տերն է քո ընտանիքը պահում, դու միայն վայելում ես Նրա սիրո քաղցրությունը։ Մարդկային գործերը լի են սխալներով, հավատացե՛ք և վստահե՛ք ամենակարող Աստծուն, ում գործերն անքննելի և հիասքանչ են։ Հանձնեք Նրան ձեր հոգսը և Նա կկարգավորի ձեր կյանքը՝ հոգևորից սկսած, անձնականից վերջացած։

Բազմաթիվ անգամ տրված, բայց այդուանդերձ բոլորին շատ հետաքրքրող մի հարց. Ի՞նչ է սերը:

Քանի որ սերը երկնքից տրված ամենամեծ պարգևն է, ես Աստծո խոսքերով կպատասխանեմ այս հարցին «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ՝ կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ՝ ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ՝ ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է։ Սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա։ Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում»։ (Ա Կորնթ 13։ 1-8) «Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է»։ (Ա Կորնթ 13։ 13)

Շատ քրիտոնյա երիտասարդներ արվեստի տարբեր բնագավառներում իրենց առաջին քայլերն անելիս բախվում են մեծ հակազդեցության և խոչընդոտների: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց՝ արգելքները հաջողությամբ հաղթահարելու համար:

Քրիստոնյա մարդու կյանքում երբեք ոչինչ պատահական չի լինում։ Ամեն դժվարության և փորձության հետ Աստված ելքն էլ է ցույց տալիս։ Երբ մենք, մեր կյանքը Քրիստոսին ենք նվիրում, կարևոր է, որ Նրա կամքի մեջ ընթանանք։ Առաջնորդվենք աղոթքներով, որպեսզի Տերն առաջնորդի մեզ։ Ամեն մի դժվարության հանդիպելիս հիշենք, որ մենք Հիսուս Քրիստոս ունենք մեր կյանքում, ում համար անկարելի ոչինչ չկա և առանց Նրա թույլտվության ոչինչ չի լինում։

Ինչո՞ւ է Նա թույլ տալիս այս դժվարությունն իմ կյանքում, ի՞նչ ունի Տերն ինձ ասելու, ես ի՞նչ պետք է հասկանամ, որ մինչ օրս չեմ հասկացել։ Խոչընդոտները մեզ համար են անհաղթահարելի, բայց Տիրոջ հետ ամեն բան հնարավոր է։ Պարզապես վստահեք Նրան։
Թող Տիրոջ օրհնությունն ամեն մեկիս հետ լինի և մեր կյանքերում Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը փառավորվի։ Ամեն:

Շնորհակալություն: Թող Աստված առատորեն օրհնի Ձեզ ու Ձեր բոլոր աստվածահաճո նախաձեռնությունները:

 Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ