Թուրքիայի Խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Բեյրութի Հայկազյան համալսարան

639

Հունվարի 26-ին, Թուրքիայի Խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Բեյրութի Հայկազյան համալսարան։

Պարոն Փայլանը, համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոստյանի հետ կրթօջախի տարածքում կատարած շրջայցից հետո, նիստերի դահլիճում հանդիպել է լրագրողների հետ. հայտնում է haigazian.edu.lb կայքը։

Մամուլի ասուլիսից հետո, Բեյրութի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցու սրահում հարյուրավոր ունկնդիրների առջեւ Կարո Փայլանը դասախոսել է «Թուրքիո ներկա կացությունը եւ հայ համայնքը» խորագրով։

Ներկայացնելով պատվավոր հյուրին՝ համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը նշել է․ «Կարո Փայլանն Սփյուռքի այն եզակի արհեստավարժ քաղաքական գործիչներից է, ով երբեք չի վարանում բարձրաձայնել ճշմարտությունը, եւ 2015-ին պատգամավոր ընտրվելուց ի վեր, միջազգային հանրությանը հայտնի է իր համարձակ հայտարարություններով եւ քայլերով»։

Դասախոսության ընթացքում, պարոն Փայլանն իր խորը մտահոգությունն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ՝ անդրադառնալով նաեւ ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ «Թուրքիայում ժողովրդավարության խիստ վատթար վիճակի մասին է վկայում այսօր 5 հազար քաղբանտարկյալների դեռեւս անազատության մեջ գտնվելը». հայտարարել է պատգամավորը։

Նա նաեւ պատմական ակնարկ է կատարել Սուլթան Աբդուլ Համիդի ժամանակներում Օսմանյան կայսրության տարածքում տիրող իրավիճակի շուրջ, երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» (թուրք. «İttihat ve Terakki») կուսակցության հայատյաց քաղաքականության եւ Ցեղասպանությունից հետո ծավալված աշխարհաքաղաքական զարգացումների մասին։ «Նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը վտանգում է Թուրքիայում հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածությունը». նշել է Մեջլիսի հայազգի պատգամավորը։

Դասախոսության ավարտին, Կարո Փայլանը հանգամանորեն պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Շնորհակալություն հայտնելով պարոն Փայլանին այցի համար՝ Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոստյանը նշել է. «Կարո Փայլանն ավելի քան խորհրդանշում է անցյալ հարյուրամյակի պատմության, գոյապայքարի, զրկանքների եւ արդարության ծանրությունը՝ դառնալով հայերի եւ բոլոր հալածյալ ժողովուրդների խղճի լռեցված ձայնը։ Լինելով կրթությամբ մանկավարժ՝ նա այսօր աշխատում է ոչ սովորական լսարանի առջեւ, անհամեմատ խորը դասագրքերով»:

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից 1955 թ.-ին հիմնված Հայկազյան համալսարանը միակ հայկական բարձրագույն կրթօջախն է Սփյուռքում։

Սուրեն Սահակյան
ԱՀԱԸ Հանրային կապերի պատասխանատու

Լուսանկարները եւ տեսանյութը՝ amaa.am կայքում

Այս մասին գրում են՝

ԱԿՕՍ շաբաթաթերթի թուրքերեն հոդվածը. Paylan Haygazyan Üniversitesi’nde konuştu

Կարօ Փայլանի շփումները Լիբանանի մէջ (agos.com.tr, արեւմտահայերէն)

Հայկազյան համալսարանի մամլո հաղորդագրությունը. Member of the National Assembly of Turkey, MP Garo Paylan at Haigazian University

Մեկնաբանություններ