Վեր կաց, ելիր դեպի Բեթել. Րաֆֆի Շահվերդյան

989

Հակոբի ընտանիքը ճգնաժամի մեջ էր. աղջիկը անարգված ու բռնաբարված էր, (Ծննդ. 34. 1,2) իսկ նրա տղաներն իրենց ձեռքերն արյունոտեցին՝ սպանելով իրենց քրոջը պղծող մարդկանց (Ծննդ. 34. 25, 26):

Հակոբի համար ծանր էր տանել շնությունը եւ սպանությունը՝ իր ընտանիքի մեջ:

Եւ Յակոբն ասեց Շմաւոնին եւ Ղեւիին, Ինձ այս երկրի բնակիչների՝ Քանանացիների եւ Փերեզացիների մէջ ատելի անելով ինձ փորձանքի մէջ գցեցիք. Եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. Նորանք ինձ վերայ կ’հաւաքուին, ինձ կ’զարկեն, կ’կորչեմ ես եւ իմ տունը։
Ծննդ. 34․30։

Մինչ նա տառապում էր այս վախերով, Տերը խոսեց նրա հետ: Այն Աստվածը, որ դժվար պահին ելք ունի բոլորի համար:

«Եւ Աստված ասեց Հակոբին. Վեր կաց, ելիր դէպի Բեթել եւ այնտեղ բնակվիր, եւ այնտեղ մի սեղան շինիր Աստծուն, որ քեզ երեւաց քո եղբայր Եսաւի երեսից փախած ժամանակդ»․ Ծննդ. 35․1։

Վեր կաց ելիր դեպի Բեթել. ճգնաժամի մեջ միակ ապահով տեղը բեթելն է՝ Աստծո տունը, Աստծո ներկայությունը և քո աղոթքի վայրը: Այնտեղ, ուր ժամանակին հանդիպել ես Աստծուն: Ոչ միայն գնալ, այլեւ բնակվել, մնալ այդ ներկայության մեջ. ընդունել Տիրոջ տան ծածկոցը եւ մնալ Տիրոջ տան մեջ:

Եվ իհարկե սեղան շինել Տիրոջ համար. երկրպագել ու պաշտել նրան. այն, ինչ պակասում էր Հակոբի ընտանիքում: Աղոթքի կառույցի պակասը կվնասի մեր ընտանիքը: Իսկ Բեթելում վերականգնված աղոթքը կբժշկի եւ կջերմացնի մեր ընտանեկան օջախը:

Հակոբը «այո՛» ասեց Տիրոջ հրամանին եւ կոչ արեց իր ընտանիքին՝ «վեր կենանք գնանք վեր դեպի Բեթել»: Եթե քո ընտանիքը տառապում է՝ գտնվելով ճգնաժամի մեջ. այսօր քո հերթն է կոչ անելու ընտանիքիդ անդամներին, որ միասին վեր կենաք Տիրոջ տունը գնաք՝ ելնեք Տիրոջ լեռը եւ Իր ներկայության մեջ մնաք: Այդտեղ էր, որ բոլորը հեռացրին իրենց կուռքերը և թաղեցին բեվեկնու տակ:

Եւ բոլոր օտար աստուածները, Յակոբին տուին, որ իրանց ձեռքին կար, եւ իրանց ականջներումն եղած օղերը. Եւ Յակոբը թաղեց նորանց Սիւքէմի մօտ եղած բեւեկնու տակին։
Ծննդ. 35․ 4

Բեթելում սրբվեց ընտանիքը, նորոգվեց ու նոր հարաբերության մեջ մտավ իր Աստծո հետ: Ուրեմն, վե՛ր կենանք, գնա՛նք վեր դեպի Բեթել:

Հովիվ Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ