Գրիգոր Նարեկացի. Տե՜ր գթած, բարերար

473

Դու ես, Տե՜ր, միայն գթած, բարերար,
Երկայնամիտ ու ամենակարող,
Ամեն անհասի հասնելու համար անճառ զորավոր՝
Քավության, փրկման, կենագործելու,
Լուսավորելու, վերհաստատելու,
Գիշատիչների ու վիշապների
Ժանտ ժանիքներից կյանքի կորզելու,
Խոր անդունդներից՝ առաջնորդելու բերկրալի լույսին,
Այլև մեղքերի հորձանուտներում խեղդվելուց փրկած՝
Արդարների հետ երջանիկ՝ փառքով բազմեցնելու։
Ամեն մի հոգի, շնորհիդ կարոտ,
Ակնկալությամբ, հույսով պատարուն սպասում է քեզ,
Լինի երկնավոր, թե երկրաբնակ,
Մեղքերով ընկած, թե արդարությամբ հաստատված կրկին,
Թե՛ տեր, թե՛ ծառա,
Թե՛ դշխո տիկին և թե՛ աղախին,
Զի կենդանության շունչը բոլորի քո ձեռքում է լոկ։
Եվ քեզ՝ Հորդ հետ և քո Սուրբ Հոգուն
Փա՜ռք հավիտենից հավիտյանս, ամեն։

Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», ԲԱՆ ՁԲ Է

Մեկնաբանություններ