Protestant.am-ը զրուցել է հովիվ Կարեն Խաչատրյանի հետ

1238

Protestant.am-ը զրուցել է Հայաստանի «Ռեմա» ավետարանական եկեղեցու ավագ հովիվ` Կարեն Խաչատրյանի հետ

Գուցե շատ է խոսվել  Ձեր ապաշխարության պատմության մասին, բայց, ամեն դեպքում, ևս մեկ անգամ կպատմե՞ք մեր ընթերցողին:

Սիրով, այն իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Ծնվել և մեծացել եմ Երևանում, հայկական լավ ընտանիքում, ողողված ծնողներիս գորովով և հոգատարությամբ։ Սիրել եմ գիտությունը: Դպրոցս, այնուհետև Ճարտարագիտական Համալսարանը ավարտել եմ ամենաբարձր գնահատականներով և որպես Սովետական Միության քաղաքացի, դաստիարակվել եմ աթեիստական աշխարհայացքով։ 1988-ի երկրաշարժից հետո, երբ սկսվեց հոգևոր արթնությունը Հայաստանում, իմ ընկերներից ոմանք հավատքի դարձան:

Իսկ ես այդ փաստը ընդունեցի որպես անձնական մարտահրավեր և ի գործ դնելով իմ ողջ մտային կարողությունը՝ ապարդյուն փորձում էի նրանց ետ բերել այդ «մոլորությունից»։ Սակայն ստացվեց հակառակը՝ 1990-ի գարնանը ես երկու գերբնական փորձառություն ունեցա, որից մեկը չար հոգու հետ հանդիպումն էր. այն հիմնովին քանդեց իմ աթեիստական աշխարհայացքը, իսկ մյուսը՝ Տեր Հիսուսի հետ կենդանի հանդիպումն էր. այն ինձ դարձրեց Նրա նվիրյալ հետևորդը։

Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք Ձեր առաջին ծառայողական քայլերը:

Դեռևս մի քանի ամիս եկեղեցի հաճախելու ընթացքում Հոգեգալստական եկեղեցու եղբայրները նկատեցին նախանձավորությունս և նվիրումս Տիրոջը ծառայելու համար և սկսեցին ինձ ծառայություներ տալ. նախ մեր տնային խմբում՝ որպես ավագի օգնական, հետո՝ ավագ, իսկ հետո մասնակից դարձրին եկեղեցու ընդհանրական ծառայություններին նույնպես։ Շրջադարձային փորձառություն դարձավ Փարոսի հավաքատեղիում մի քանի հազար մարդու Աստծո Խոսքը քարոզելը, երբ դեռ նոր էր տարիս բոլորել հավատքի մեջ։ Այստեղ առաջին անգամ զգացի Աստծո Հոգու կենդանի օծությունը իմ և Նրա զորավոր ազդեցությունը լսողների վրա։ Կարծում եմ հենց այդ օրը ես հասկացա, որ Աստված ինձ կանչել է Իր Ավետարանը քարոզելու։

Ինչպե՞ս ծնվեց «Ռեմա» եկեղեցին:

1997-ին Տիրոջ անմիջական կանչով Պարույր Աթանեսյան եղբոր հետ հիմնեցինք «Լոգոս» եկեղեցին, որը սկզբում բաղկացած էր մեր ընկերներից և մտերիմներից, ովքեր Երևանի կենտրոնի և Արաբկիրի համայնքներից էին։ Արդեն 2000 թվականին եկեղեցին ուներ մոտ 200 անդամ և, քանի որ ձևավորվել էին երկու տարածքային ծառայողական թիմեր իրենց որոշակի առանձնահատկություններով, առաջնորդող խորհուրդը որոշեց ձևավորել երկու նոր համայնքներ․ Արաբկիրի համայնքը, որը շարունակվեց կոչվել «Լոգոս», առաջնորդեց հովիվ Պարույր Աթանեսյանը, և կենտրոնի համայնքը, որը կոչվեց «Ռեմա» և որին պատիվ ունեմ առաջնորդելու ցայսօր։

Ո՞րն է Եկեղցու գլխավոր նպատակը կամ տեսիլքը:

Հարցին կարճ կպատասխանեմ․ Մեր նպատակն ու տեսիլքն է․ Լինել նորկտակարանային արդի և ազդեցիկ եկեղեցի, որը կփառավորի Հիսուսին և Ավետարանով կհասնի մեր և այլ մշակույթներին։

Ըստ Ձեզ, ո՞րն է այս տարիների ընթացքում Ձեր եկեղեցու ամենմեծ ձեռքբերումը:

Ձեռքբերումները տարբեր են և թերևս անհնար է դրանցից որևէ մեկը մատնանշել որպես «ամենա-ամենան», սակայն կթվեմ դրանցից մի քանիսը, գնահատականը թողնելով Տիրոջ դատին․

  1. Արվեստի և շուո-բիզնեսի ոլորտի մարդկանց Ավետարանով հասնելու մեջ զգալի հաջողությունը:
  2. Ինչու՞ չէ, այսպես կոչված «ստանդարտ հոգեգալստական» եկեղեցիներից տարբեր, ուրույն դեմք ունենալը։
  3. Քրիստոսի Մարմնին հրաշալի փառաբանության երգերի ընծայումը և այլն։

«Ռեմա» եկեղեցին հաճախ ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր շրջանակների կողմից քննադատության է ենթարկվում, ինչպե՞ս եք վերաբրվում դրանց:

Վերաբերվում եմ հանգիստ, փորձում եմ դրանում տեսնել իմ եղբայրների անհանգստությունը մեր համայնքի և նախանձավորությունը՝ Ավետարանի համար։ Նաև ջանում եմ տարանջատել առողջ քննադատությունը վատ տեղեկացված լինելու պատճառով հնչող զրպարտություններից։

Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի հոգևոր վերածնունդը, ապագան:

Եթե Եկեղեցու ներկա իրավիճակը էապես չփոխվի, խնդիրներ շատ կլինեն։ Իսկ վերածնունդը կլինի երբ Աստված նորից ներխուժի դեպի մեր իրականություն, մարդիկ նորոգվեն և նոր սերունդ բարձրանա, ովքեր չեն կրկնի նախորդների սխալները։

Հետևո՞ւմ եք մեր կայքի գործունեության և ինչպե՞ս եք գնահատում այն:

Պարբերաբար հետևում եմ և շատ եմ գնահատում այն։

Ձեր ուղերձը մեր ընթերցողին:

Գտե՛ք Ձեր տեղը Աստծո ծրագրում և իրականացրե՛ք այն ամեն գնով։

 

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ