Հավատա՛ գերբնականին

637

«…Որովհետեւ այն չափովը, որ չափէք, նորանով կչափուի ձեզ» (Ղուկաս 6:38)։
«…Ձեր հաւատքի պես թող լինի ձեզ» (Մատ. 9:29)։

Կյանքում հանդիպել եմ շատ տարբեր մարդկանց, ովքեր շատ տարբեր չափման միավորներ են ունեցել։ Տեսել եմ մարդկանց, ովքեր շատ քիչ են ակնկալել ու սպասել, մարդկանց, ովքեր քչով բավարարվել են, մարդկանց, ովքեր միշտ չեն բավարարվել և ավելին են ուզել, մարդկանց, ովքեր միշտ ավելի քիչ են ուզել, քան իրենց կարիքն է…

Այսօր ծայրահեղությունների դարաշրջան է՝ կամ չափից շատ, կամ չափից քիչ։ Օրինակ հիվանդին կարելի է ցավազրկող դեղերով հանգստացնել, բայց նաև հնարավոր է բուժող դեղերով բուժել: Նրա կարիքը բուժվելն է և ոչ թե ժամանակավոր ցավը հանդարտեցնելը։ Սոված մարդուն կարելի է մեկ բաժին սնունդով կերակրել, բայց նրա կարիքը շարունակական բավարար սնունդ ունենալն է։

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մեր չափման, մեր հավատքի համեմատ է Աստված մեզ տալու։ Արդյոք հնարավո՞ր է, որ մեր կարիքից քիչ տրվի մեզ։ Շատերն ասում են, որ՝ ո՛չ, իսկ ես համոզված եմ, որ շատ դեպքերում մեր հավատքի համեմատ է մեզ տրվում և ոչ ավելին, թեև մեր կարիքը կարող է ավելի շատ լինել։

Երբեք չպետք է ըմբոստանանք Աստծո դեմ. Նա է տվողը և ոչ թե մենք վերցնողը, մենք վերցնում ենք, որովհետև Նա տալիս է, իսկ եթե Նա չկամենա տալ, երբեք չենք կարող որևէ բան ունենալ։ Այդ իսկ պատճառով միշտ կարիք ունենք խորապես գիտակցելու, որ Նա կամենում է տալ մեզ մեր կարիքի համապատասխան, ոչ ավելի, որ չհպարտանանք ու շռայլենք, և ոչ էլ պակաս, որ չլինի թե միշտ կարոտության մեջ լինենք։ Եթե անգամ կարծում ես, որ քեզ շատ է տրված, ապա դա նպատակով է քեզ հատկացվել, սկսիր գործածել և բաժնեկցել։

Քաջալերում եմ, որ քո չափը և հավատքը լինի կարիքիդ համապատասխան. բավարարվես ոչ թե ցավը թուլացնելով, այլ՝ կատարյալ բժշկություն ստանալով, ոչ թե միայն եկեղեցի մասնակցելով, այլ Աստծուն անմնացորդ ծառայելով և շատ վարձք դիզելով երկնքում, ոչ թե մեր շնորհները թաքցնել և չգործածել այն մեկ տաղանդ ունեցող մարդու նման, այլ այն գործի դնել և կրկնապատկել։ Հոգևոր կյանքում ոչ թե շարունակաբար մանկական կերակուր ուտել, այլ հասուն հոգևորի սնունդով սնվել, ոչ թե բնակարանի վարձը ունենալ ու բավարարվել, այլ ձգտել սեփական բնակարանը ունենալ։

Շատերը կարող են ընդդիմանալ՝ ասելով, որ նեղություն պետք է կրենք, չքավորություն պետք է ունենանք, քանի որ Աստված է ասել։ Ես լիովին համաձայն եմ, եթե այն Աստված թույլ կտա իմ կյանքում։ Բայց ուզում եմ հիշեցնել նաև, որ Աստված ասել է՝ մեր կարիքները կհոգա և առատությամբ կլցնի մեր կարիքը «Իր փառքի ճոխության չափով»։ Հարցը այն է, թե արդյոք մեր չափի մեջ տեղավորվո՞ւմ է Նրա չափը։

Հիսուսն ամենաշատը կուզեր իր ծննդավայրում, իր բարեկամների և ընկերների համար հրաշքներ կատարել, բայց չկարողացավ նրանց անհավատության պատճառով։

Հավատա՛ գերբնականին, գործի՛ր մեծի համար։
«Եվ ասաց. Առ նետերը. և նա առավ. և ասաց Իսրայելի թագավորին. Գետինը զարկիր. և նա զարկեց երեք անգամ ու կանգնեց։ Եվ Աստծո մարդը բարկացավ նրա վրա և ասաց. Հինգ կամ վեց անգամ պետք էր զարկել, այն ժամանակ կզարկեիր Ասորիներին մինչև որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու» (4 Թագ. 13:18-19)։

Արտավազդ Թադևոսյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ