Հերթը

363

Նրանք կանգնած էին հերթում՝ սպասման կնիքը դաջված հայացքներին:

Նրանք սպասում էին…

Ոմանք նայում էին հեռուն, ոմանք փակել էին աչքերը, ոմանք էլ աննպատակ ուսումնասիրում էին իրենց շրջապատը: Իսկ նա նայում էր իր հողաթափերին, որոնք ծածկում էին ոտքերը: Ոտքեր, որ մի քանի րոպե անց նրան տանելու էին դեպի դիմացի սենյակ: Այդ սենյակից ոչ ոք նույնը դուրս չէր գալիս:

Բոլորի ապրումներն էլ խորն էին, մի ամբողջ կյանքին համարժեք:

Ժամանակ առ ժամանակ նրա աչքերին արցունքներ էին երևում: Նա ասես ոչ թե լաց էր լինում, այլ դանդաղ մաշվում էր: Նրա կողքի կինը նման էր մեկի, ով վերջապես հասել էր իր ուզածին և մնում էր միայն մեկ քայլ ու նպատակին լիովին հասած կնոջ տեսքով նա կշարունակեր միառժամանակ կանգ առած կյանքը: Իսկ նա. միտքը խավար, հայացքը բացակայող, նպատակը` անէացած:

Մեկի համար կյանքը նոր էր սկսվում, կամ շարունակվում փոքրիկ անախորժությունից հետո, իսկ մյուսի` կյանքն ավարտվել էր… Նա հաշտվել էր իրողության հետ, իսկ կողքինը ծրագրավորել էր դա:

Հերթը նույնն էր, սպասումը բոլորի հայացքներում, բայց պատճառները այլ:

Ընդամենը տասը րոպե առաջ նա խնդրում էր բժշկին, որ չշտապի, մի փոքր էլ սպասի, միգուցե երեխան դեռ ողջ է: Ընդամենը տասը րոպե առաջ նա հույս ուներ:

Մյուս կինը ընդամենը տասը րոպե առաջ նույնպես խնդրում էր, բայց որ բժիշկը շտապեր: Շտապեր, որ նա ազատվեր այդ ծանր բեռից` անցանկալի երեխա անվանումով:

Նույնն էր հերթը, նույնն էր սենյակը, նույնն էր բժիշկը, ապրումներն էին այլ:

Նա լաց էր լինում մաշվող սառույցի նման հալվել-կաթալով գետնին, իսկ կողքի կինն արդեն նախորոք վայելում էր իր թեթևությունն ու ազատությունը:

Ընդամենը տասը րոպե… հերթի շարքերը նոսրանում էին, կանայք շտապում էին, իսկ նա անդադար զիջում էր իր հերթը` հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի:

Նա ամեն բան կտար, որպեսզի այդ հերթում չլիներ: Այդ դեպքում կշարունակեր ապրել ինչպես առաջ, ինչպես ուրիշները, բայց Ամենակարողն այդպես ցանկացավ: Նրան բաժին էր ընկել տեսնել և իր ցավից առավել զգալ այն, ինչ Աստված ամեն անգամ զգում է՝ տեսնելով այդ հերթը: Զգալ ամենամահաբեր հերթի ցավը:

Հ.Գ. Նրանք կանչված էին կյանքի օրրան լինելու, բայց նրանցից շատերն ընտրեցին լինել մահվան որջ:

Էմիլիա Մարկովա (Ստեփանյան)

Աղբյուր՝ pogarm.org

Մեկնաբանություններ