Հիմա երկրում իմ բարձրիկ. Վահան Տերյան

545

Հիմա երկրում իմ բարձրիկ,
Սարերում այն հեռավոր
Ամայություն է լռիկ,
Գիշեր է ահեղ ու խոր:

Բայց վառ է ահա մի շող,
Մի ճամփորդ է շրջում անտուն,
Ճակատը պատած փշով,
Մահու չափ դեմքը տրտում:

Անցնում է անօթևան
Երկրում այն միշտ հյուրասեր,
Անցնում է գյուղ ու ավան,
Բոլորը՝ լուռ ու ավեր…

Բուքն է, մրրիկն է կոծում,
Դառն է թախիծը նրա.
Վարդեր են անվերջ բացվում,
Վարդեր՝ ձյունի վրա:

Եվ լալիս է Անցորդը-լույս,
Եվ գնում է դառը լացով.-
Օրհնի՛ր, օրհնի՛ր, Հիսո՛ւս,
Երկիրն իմ՝ երկունքի ծով…

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

***
Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգևոր կապով: Պետք է բացի արտաքին հնարավորություններից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում:
Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար:
Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը:
Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցե՛ք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել:
Ես հավատում եմ, կլինի հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Մեկնաբանություններ