Հրեշտակների ստեղծման բնույթը

384

Մենք արդեն խոսել ենք հրեշտակների անսեռ լինելու մասին: Քանի որ նրանք անսեռ են, հետևաբար չեն կարող զարգանալ ու շատանալ մարդկանց նման:

Մարդիկ բազմանում են, որովհետև երկու տարբեր սեռերից են, իսկ հրեշտակները՝ ոչ: Ոչ մի հրեշտակ չի սկսել իր գոյությունը բազմացման հաշվին: Այստեղից կարող ենք հասկանալ, որ յուրաքանչյուր հրեշտակ ստեղծված է Աստծու կողմից, որպես առանձին անհատ: Աստվածաշնչում գոյություն ունեն հատվածներ, որտեղ նրանք համարվում են Աստծու որդիներ (Հոբ. 1:6, 2:1, 38:7):

Սրանք ցույց են տալիս, որ Աստված է նրանց սկզբնաղբյուրն ու Արարիչը: Հակառակ այս ամենին մենք Սուրբ Գրքում ոչ մի տեղ չենք հանդիպում «հրեշտակի որդիներ» բառակապակցությանը:Քանի որ մարդիկ բազմանում են սեռական տարբերության հաշվին, այդ պատճառով էլ Աստվածաշնչում հանդիպում ենք «մարդկանց որդիներ» տարբերակին (Ժող. 1:13, 2:3,8, Դանիել 5:21): Հրեշտակները, Աստծու կողմից ստեղծված լինելով, որպես առանձին անհատներ, չունեն նախնիներ, սերունդ, ընտանիք ու հարազատներ:

Հաճախ սրբապատկերներում հրեշտակները ներկայացված են որպես փոքր երեխաներ: Ինչքան էլ, որ դա հաճելի թվա մեր աչքերին ու երևակայությանը, միևնույն է՝ սա չունի իր Աստվածաշնչյան հաստատումը: Չի կարելի աչքաթող անել մի փաստ ևս, որ նրանք ստեղծված լինելով Աստծու կողմից մեկ անգամ և ընդմիշտ, չեն կարող լինել որևէ մեկի նախնիների հոգու մարմնացումը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ