Հրեշտակների ստեղծման ժամանակը․ մաս 1

445

Հրեշտակների ստեղծման ժամանակաշրջանի մասին Աստվածաշունչը մեզ կոնկրետ տվյալներ չի հաղորդում: Սակայն Սուրբ Գրքում գոյություն ունի երեք հատված որոնք մոտավորապես ցույց են տալիս հրեշտակների ստեղծման ժամանակաշրջանը:

Առաջինը՝ Հոբ 38:3-7 «Գոտևորիր մեջքդ տղամարդու պես, և Ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու: Ո՞ւր էիր երկրի հիմքերը դնելիս. Իմացրու ինձ, եթե իմաստություն ունես: Ո՞վ դրեց նրա չափերը, եթե գիտես, կամ թե ո՞վ քաշեց լարը նրա վրա: Ինչի՞ վերա են խրված նրա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նրա անկյան քարը: Առավոտյան աստղերը միասին ցնծալիս, և Աստծու բոլոր որդիները, երբ գովաբանում էին»: Կարևոր է հասկանալ, որ այստեղ խոսողը անձամբ Աստված է: Նա հայտարարում է, որ երկրի արարումը տեղի է ունեցել հրեշտակների ցնծության ներքո: Այսպիսով, Տերը մեզ համար կարևոր գաղտնիք է բացում, որ առավոտյան աստղերը՝ Աստծու որդիները, ներկա են եղել արարչագործության տեսարանին և հիացմունքից՝ ցնծացել ու գովաբանություն են երգել Տիրոջը: Այս հատվածը ցույց է տալիս, որ առավոտյան աստղերը՝ հրեշտակները, ստեղծված են եղել մինչ երկրի սեղծագործությունը: Ովքեր ե՞ն այդ առավոտյան աստղերը: Սա բացատրելու համար պետք է նկատի ունենալ հետևյալը՝

1. Այն փաստը, որ այդ աստղերը ցնծացել ու գովաբանել են Աստծուն, ցույց է տալիս նրանց անձնավորություն՝ առանձին անհատ լինելը:

2. Քանի որ այս մասին գրված է Հոբի գրքում, իսկ այս գիրքը Հին կտակարանի բանաստեղծական գրքերից մեկն է և առանձնանում է հին հրեական պոեզիային հատուկ գծերից մեկով՝ գրական զուգահեռականությամբ: Այսինքն, նույն միտքը ասվում է երկու տարբեր խոսքերով կամ նախադասությամբ: Համեմատեք՝ «Առավոտյան աստղերը միասին ցնծալիս» և «Աստծու բոլոր որդիները երբ գովաբանում էին»: Հոբ 38:7 Այս խոսքում նշված, թե՛ աստղերը, թե՛ Աստծու որդիները, նույն անձիք են՝ հրեշտակները:

3. «Աստծու որդիներ» տերմինը հանդիպում ենք Հոբի գրքում ավելի վաղ՝ (1:6, 2:1) խոսքերում: Աստվածաբանների մեծամասնությունը համոզված է, որ Հոբի գրքի 1:6, 2:1 և 38:7 խոսքերում նշված «Աստծու որդիներ» տերմինը վերաբերում է հրեշտակներին և դրանք եղել են հրեշտակներ:

Այս ամենի լույսի տակ կարող ենք պարզ տեսնել, որ Հոբ 38:7 խոսքը ցույց է տալիս հրեշտակների ավելի վաղ գոյություն ունենալը՝ մինչ երկրկրագնդի ծնունդը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ