Հռոմի Պապի այցը Հայաստան սիրո և երախտագիտության նշան է. Լեոնարդո Սանդրի

376

Իտալական La Stampa պարբերականը հարցազրույց   է ունեցել Արևելյան Եկեղեցիների Ժողովի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ, որտեղ զրուցակիցն անդրադարձել է Հռոմի պապի` Հայաստան կատարելիք այցելությանը:

Կարդինալ Սանդրին, խոսելով Ֆրանցիսկոս պապի առաջիկա այցելության առանձնահատկության մասին, ասել է, որ այցելությունը Պապի կողմից սիրո և հիացմունքի արտահայտություն է դեպի հինավուրց Եկեղեցին, որն ունի Քրիստոսի նկատմամբ հավատարմության դարավոր պատմություն, ինչպես նաև նվիրվածության դրսևորում Հայաստանի նկատմամբ:

«Պապն իր հետ կտանի իր երախտագիտությունը և հարգանքը մի ժողովրդի հանդեպ, ով կոփվել է քրիստոնյա ոգով և կարողացել է պահպանել հավատի և սեփական ինքնության արժեքավոր գանձը դարեր շարունակ։ Ոգու այս կորովով է, որ Հայաստանը կկարողանա կառուցել խաղաղ և հուսալի ապագա։ Կարծում եմ նաև, որ այս այցը շատ կարևոր կլինի Սփյուռքի ողջ հայության համար՝ նրանց, ովքեր ապրում են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում և բազում այլ երկրներում և ամենուր վառ են պահում այս ազգի մարդկային ու քրիստոնեական արժեքներն ու հարստությունը։ Ֆրանցիսկոսի խոսքն ու օրհնությունը նրանց համար մխիթարություն ու խրախուսանք կլինի»,- ասել է կարդինալ Սանդրին:

Լեոնարդո Սանդրին նաև իր խորը հիացմունքն է հայտնել հայ ժողովրդի հանդեպ և ընդգծել է. «Հավատի մեջ հաստատակամությունը, նվաստությունը և ծառայելու ոգին Հայաստանի ուժն են, այն որ թույլ է տվել այս մեծ քրիստոնյա համայնքին անցնելու և հաղթահարելու 900-ականների արհավիրքները, որից տուժել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 1,5 միլիոն հայեր»:

Կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականն իր վերաբերմունք է հայտնել Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի ճակատագրի և քրիստոնեությանը բոլոր հանգամանքներում հավատարիմ մնալու հարցերում:

Անդրադառնալով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններին, կարդինալն ասել է. «Ես դիտում եմ դրանք շատ եղբայրական և մասնավոր ջերմ։ Կաթոլիկները փոքր թիվ են կազմում երկրում և շնորհակալ պետք է լինենք Տիրոջը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին՝ շնորհի Գարեգին Բ-ի և նրա նախորդի մեծահոգության, թույլ է տվել Կաթոլիկ եկեղեցուն գոյություն ունենալ և լիարժեք ապրել հավատն ու ժողովրդին ծառայելու գթասրտությունը։ Մտածում եմ օրինակ Սպիտակի և Երևանի «Գթասրտության միսիոներ քույրերի» և 1988թ. Կամիլյան հայրերի և «Charles di Foucauld Փոքրիկ քույրերի» կողմից ղեկավարվող և Ս. Հովհաննես-Պողոս Բ-ի կողմից նվիրաբերված Աշոցքի հիվանդանոցի մասին։ Համոզված եմ, որ Ֆրանցիսկոս Պապի այցը երկու եկեղեցիների միջև էլ ավելի սերտ հարաբերությունների հիմքը կհանդիսանա, եղբայրական, բարեկամական կապերի և առավել ամուր և արդյունավետ փոխաջակցության, որոնք շատ բնագավառներում կտանեն գործնական համագործակցության»:

Կարդինալ Սանդրին նաև ենթադրություն է արել, որ  «նաև այս այցի առիթով կմշակվի համատեղ հայտարարություն, ուր կշեշտվի և կհաստատվի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ընդհանուր հավատքը և կարտահայտվի մեր միջև միշտ ավելի եղբայրական կապեր հաստատելու ցանկությունն ու կամքը»։

«Կարծում եմ, որ այս այցն, անկասկած, առիթ կհանդիսանա վերահաստատելու և խրախուսելու յուրաքանչյուր մարդկային համայնքի առանցք հանդիսացող արժեքները. ուժի, զենքի կիրառումից հրաժարումը, որոնք մեծ ցավ են առաջացնում և դիվանագիտական, երկխոսության, հանդիպումների, բանակցությունների ճանապարհով խաղաղություն հաստատելու հետևողականությունը։ Կարծում եմ, որ Հայաստան այցելության ընթացքում, որը Կովկասի տարածաշրջան այցի առաջին փուլն է (սեպտեմբերին Պապը կմեկնի Վրաստան և Ադրբեջան) առիթները չեն պակասի խաղաղություն հաստատելու կոչեր անել և խրախուսել գործելու այնպես, որպեսզի Կովկասը դառնա այն ինչ վերապահված է նրան աշխարհագրորեն՝ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև», — ասել է կարդինալը:

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ