Կանգ առ, ո՛վ Հուդա

151

Գիշեր է.

Մութ է. խավար ամենուր:
Տխուր ճռռոցով բացվում է դուռը, 
Եվ ներսի լույսից ուրվագծվում է
Սև հագած մեկը՝ շտապ քայլերով:
Լույսը հետևում, խավարը սրտում,
Գլուխը կախած, մտախոհ, մռայլ,
Շտապում է նա:

Ու՞ր է շտապում, ոչ ոք չգիտի:
Մտքեր են անցնում գլխով մթագնած,
Մտքեր են ծնվում սրտում սևացած
Եվ շատությունից բախվում են իրար,
Շանթի պես զարկում, գժված ծվատում,
Անհոգի կերպով սպանում անգամ
Մրով պարուրված, հազիվ կայծկլտող,
Անկազմ, անմարմին, հույսի թույլ շողը:

Քայլում է մարդը, խավարը բռնած,
Խավարի անտես կապերով կապված:
Դժոխք է ներսում, ճիչեր է լսում,
Փախչում է ասես հենց ինքն իրենից:

Տանում են նրան, աճապարելով քաշում, քաշքշում,
Թե ու՞ր են տանում, այդ իրենք գիտեն:
Ընդիմանալը, հակաճառելն արդեն էլ ուշ է:

Մերժել է լույսը, կյանքն ու բարին,
Տեսել է , շատ բան է տեսել,
Տեսել է՝ ինչպես չորացած ձեռքը
Միս ու ջիլ առած նորից է շարժվում,
Խեղված, կորացած մարդկանց է տեսել,
Թշվառ կույրերի աչքի բացվելը 
Տեսնելով տեսել, բայց էլի կույր, 
Լսելով լսել՝ խուլ է մնացել:

Անգամ շոշափել, նա Կենաց Բանին
Բայց էլի անսիրտ, քար է մնացել:

Կանգ առ, ո՛վ Հուդա, ու՞ր ես շտապում:
Քեզ էլ է արդյո՞ք մայր ծնել, ասա,՛
Վայր ընկնելուց դու էլ ե՞ս լացել
Մանուկ հասակում առաջին անգամ ի՞նչ ես թոթովել,
Ինչու՞ է կյանքը քեզ համար էժան:

Դու էլ ե՞ս զգում բուրմունքը հացի,
Աշնան գույները,
Իրիկնամուտի ստվերների խառնվելն իրար,
Կռինչն արծվի,
Օդի մեջ անգամ ճամփան իմացող,
Արագիլների իրար գգվելը,
Որ առանց մեկի մյուսը չի ապրի:

Կանգ ա՛ռ, հետ գնա,՛ փարվի՛ր ոտքերին,
Դառնագին լացով ներում խնդրիր,
Շտապի՛ր դեպ ետ, դեպի Վերնատուն,
Թող քո սև գործը,
Այլապես կյանքդ մազից է կախված:

Գիշեր է.
Մութ է. խավար ամենուր:
Սև հագած մեկը, խավարը սրտում՝
Շտապ քայլերով Լույսից է փախչում:

 

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ