Իմաստությունը պարգև է, որը գալիս է Տիրոջից. Արթուր Սիմոնյան

293
Artur

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. Բարի խոհեմություն է ամենքի համար, որ անում են այն, Նրա օրհնությունը մնում է հավիտյան»: — Սաղմոս 111.10

Այստեղ հրաշալի խոսքեր են գրված. «Նրա օրհնությունը մնում է հավիտյան…»: Բայց եկեք կարդանք սկզբից. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է…»:

Իմաստությունն ամենակարեւոր բաներից մեկն է, որ մենք պետք է ունենանք: Ես բազմիցս ասել եմ, որ իմաստությունն ու գիտությունը տարբեր բաներ են: Օրինակ` դուք կարող եք տեսնել շատ կրթված լկտիներ, կաշառակերներ կամ պարզապես վատ մարդիկ, բայց երբեք չեք տեսնի իմաստուն լկտի, կաշառակեր կամ վատ մարդ, որովհետեւ իմաստունը գիտի, թե ինչ է լինելու վերջում:

Այսօր շատերը բավարարվում են միայն կրթություն ստանալով: Իհարկե, կրթությունն օգնում է մեզ աշխատանքի բնագավառում: Սակայն կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ միայն կրթությունը բավարար չէ. մեզ հարկավոր է նաեւ իմաստություն:

Իմաստությունը պարգեւ է, որը գալիս է Տիրոջից: Իմաստություն ունենալ նշանակում է տեսնել ապագան, իմանալ, թե ինչ է լինելու ապագայում: Նկատե՞լ եք, երբ ինչ-որ մեկը ձեզ մի բան է ասում, և նրա խոսքերը կատարվում են, դուք մտածում եք. «Ի՜նչ իմաստուն մարդ էր, գիտեր` ինչ է լինելու»: Այո՛, իմաստությունն օգնում է մեզ տեսնելու ապագան եւ ճիշտ քայլեր կատարելու:

Մարդիկ հաճախ ասում են. «Երանի՜ այս նույն խելքը երիտասարդ տարիքում ունենայի, այնքա՜ն բաներ կանեի…»: Այսինքն` եթե նրանք ժամանակին իմանային, թե ինչ էր լինելու ապագայում, ապա այլ կերպ կապրեին, որպեսզի ձեռքբերումներ ունենային, եւ ոչ թե` կորուստներ:

Օրինակ` ոմանք հաջողությունների չեն հասնում իրենց բիզնեսում, որովհետեւ իմաստություն չունեն: Նրանք այնպիսի ապրանքներ են արտադրում կամ ներմուծում, որոնք պահանջարկ չունեն եւ չեն վաճառվում: Ոմանք էլ, ընհակառակը, այնպիսի մի բան են ձեռք բերում, որը տարիներ հետո էլ մեծ եկամուտներ է բերում իրենց: Դա իմաստության նշան է:

Այսօր մեր աղքատության, տարբեր տեսակի խնդիրների ու դժվարությունների պատճառը իմաստության պակասն է: Շատերն արտագաղթում են մեր երկրից` հույս ունենալով օտարության մեջ բարեկեցություն գտնել: Բայց ի՞նչ գիտես, միգուցե Աստված օրհնելու է քեզ հենց այնտեղ, որտեղ գտնվում ես: Պարզապես քեզ պետք է իմաստություն, որպեսզի հասկանաս, թե ինչ գործ անես, որպեսզի հաջողակ լինես:

Ամեն մեկս ունենք իմաստության կարիք, որպեսզի իմանանք, թե ինչպես վարվենք մեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, ինչ անենք աշխատանքի վայրում, ինչպիսի ծառայություն կատարենք եկեղեցում եւ այլն:

Գրված է, որ իմաստությունը տրվում է միայն Տիրոջից երկյուղ ունեցողներին: Անգամ եթե ինչ-որ մեկի մասին վատ բան ես խոսում, նշանակում է, որ երկյուղ չունես: Խնդրի՛ր, որ Տերը օգնի քեզ: Երկյո՛ւղ ունեցիր քո կյանքի ամեն բնագավառում:

Աստված կօգնի քեզ: Ամեն:

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ