Ինչ է նշանակում չշարժվել մտքով․ Արթուր Սիմոնյան

590

«Որ դուք շուտով չշարժվեք ձեր մտքից եւ չզարհուրեք ոչ հոգով, եւ ոչ խոսքով, եւ ոչ թղթով իբր թե մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրն եկած հասած լինի»: ֊ Բ Թեսաղոնիկեցիս 2.2

Պողոս առաքյալը գրում է Թեսաղոնիկեի եկեղեցու անդամներին, որ չշարժվեն իրենց մտքից եւ չզարհուրեն: Գիտեք, մարդու միտքը կարող է ղեկավարվել ե°ւ Աստծո Հոգու կողմից, ե°ւ սատանայի: Այս աշխարհի մթնոլորտը նույնպես կարող է մեծ ազդեցություն ունենալ մտքի վրա: Բայց նա, ով հոգուց է ծնված, հոգեւոր մարդ է, եւ նրա միտքը պետք է ղեկավարվի Աստծո Հոգու կողմից:

Երբ մենք թուլանում ենք հոգեւոր կյանքում, մեր միտքը դադարում է Հոգով առաջնորդվելուց: Այդ պատճառով Պողոս առաքյալն զգուշացնում է, որ չշարժվենք մեր մտքից եւ չզարհուրենք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով եւ ո՛չ թղթով:

Ինչ է նշանակում չշարժվել մտքով: Մեր միտքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի եւ Ավետարանի վրա: Մենք չպետք է բարկանանք, զարհուրենք, մտահոգվենք, դեպրեսիայի մեջ ընկնենք, այլ պետք է կարողանանք մեր միտքը պահել խաղաղության, արդարության եւ սրբության մեջ:

Միգուցե հարց ծագի` իսկ ինչպես կարող ենք մեր միտքը պահել խաղաղության, արդարության եւ սրբության մեջ, երբ ապրում ենք այս աշխարհում, որտեղ շատ դաժանություններ, դժվարություններ ու խնդիրներ կան:

Սիրելինե՜րս, հավատացե՛ք, որ ամեն դժվարություն եւ զարհուրանք կարելի է հաղթահարել Տիրոջ օգնությամբ: Երբ գալիս են դժվարություններ, եւ զգում ես, որ միտքդ սկսում է շարժվել, վերցրո՛ւ Աստվածաշունչն ու սկսի՛ր կարդալ, աղոթել, եւ կտեսնես, որ միտքդ կլցվի խաղաղությամբ, արդարությամբ եւ սրբությամբ: Կառավարի՛ր քո միտքը Աստծո Խոսքի եւ աղոթքի միջոցով, եւ բացասական մտքերը, մտահոգությունը, զարհուրանքը կհեռանան քեզնից: Ամեն:

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ