Protestant.am-ը զրուցել է CrossNews.am քրիստոնեական լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աննա Վարդանյանի հետ

414
Աննա Վարդանյան

«Տեղեկատվական այս հոսքերի մեջ մարդիկ հաճախ խճճվում են, բացասականը դառնում է այնքան գերիշխող, որ Բարի լուրի մեկ վկայությունը դառնում է օազիս, հույս».Աննա Վարդանյան

Արդեն երկու տարի է, ինչ կայքը գործում է: Կայքի ի հայտ գալը նոր խոսք ու մեծ օրհնություն էր ողջ քրիստոնեական համայնքի համար, և վստահ եմ ՝ոչ միայն նրանց համար: Ինչպե՞ս ծնվեց կայքը ստեղծելու գաղափարը:

Աննա ՎարդանյանիՆմանատիպ հայալեզու կայքի ստեղծումը վստահաբար ժամանակի թելադրանքն էր: Շատ խիստ զգացվում էր քրիստոնեական պորտալի կարիքը, պարզապես պետք էին մարդիկ, ովքեր կներշնչվեին այդ գաղափարով և գործնական քայլեր կձեռնարկեին այն կյանքի կոչելու համար` չնայելով ոչ մի դժվարության:

CrossNews-ի ակունքներում կանգնեցին մարդիկ, ովքեր սիրում են Աստծուն և ցանկանում են աշխարհին պատմել Քրիստոսի անպատմելի սիրո մասին: Ի սկզբանե, երբ կայքը դեռ նոր ստեղծվում էր, մենք գիտակցում էինք, որ ձեռնարկել ենք մի գործ, որ Աստծո սրտով է: Այս երկու տարիների ընթացքում մենք զգացել ենք Տիրոջն ձեռքն ու հոգատարությունը մեր նկատմամբ:

Այն, ինչ ծնվում է Աստծուց, ունի հաղթական ապագա: Դա մեզ տալիս է ուժ և քաջալերանք` մեծ նվիրումով շարունակելու այն, ինչ սկսել ենք:

Ո՞րն է կայքի հիմնական առաքելությունը:

CrossNews.am լրատվական կայքն իր գործունեության առաջին իսկ օրից առաքելություն է ունեցել հայալեզու լսարանին հասանելի դարձնել քրիստոնեությանն առնչվող տեղեկատվությունը:
Մենք լուսաբանում ենք քրիստոնեական աշխարհի կարևորագույն հոգևոր, հասարակական, սոցիալ-մշակութային և այլ իրադարձությունները։

Ըստ էության, կայքն ունի չորս հիմնական ուղղվածություն՝
1. Նորությունների բաժին` տեղական և միջազգային լրատվություն:
2. Ապոլոգետիկա` քրիստոնեական հավատի ջատագովություն (պաշտպանություն) և աստվածաշնչյան ճշմարտությունների փաստարկված մատուցում:
3. Հեղինակային վերլուծական նյութեր, որոնք անդրադառնում են հայ իրականության մեջ առկա կրոնական խնդիրներին:
4. Կառուցողական նյութեր` պատգամների, պատմվածքների, կյանքի վկայությունների, հետաքրքրաշարժ նյութերի, բանաստեղծությունների, ինչու չէ՝ նաև հումորների տեսքով:

Կայքի գոյության երկու տարիների ընթացքում հրապարակել եք բազմաթիվ ու բազմաբնույթ քրիստոնեական նյութեր: Ո՞ր թեմաներն են, որ ընթերցողների շրջանակներում առավել շատ են դիտվում ու թեժ քննարկումների տեղիք են տալիս: Նշեք, խնդրեմ, մեկ-երկուսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ընթերցողները տարբեր տարիքային խմբերից են, պետք է նշեմ, որ քննարկվող նյութերը ևս բազմաբնույթ են: Մենք ամեն օր փորձում ենք ունենալ այնպիսի նյութեր, որոնք կհետաքրքրեն հասարակության բոլոր շերտերին:

Իհարկե, չեմ կարող չառանձնացնել ընթերցողի շրջանում լայն պահանջարկ վայելող վկայությունները, թե ինչպես է Աստված փոխել մարդկանց կյանքը կամ հրաշք գործել: Դրանք ոչ միայն քննարկվող են, այլ նաև գրավում են հայկական այլ լրատվական կայքերի ուշադրությունը:

Անգամ այդ վկայությունները լայն տարածում են գտնում Հայաստանի սահմաններից դուրս: Օրինակ՝ վերջին թարմ դեպքը, երբ խմբագրություն էր զանգահարել մի բեյրութահայ կին և ցանկանում էր ճշտել, թե արդյոք բժշկության վկայություններից մեկը հավաստի է, և եթե՝ այո, խնդրում էր, որ այդ մարդու տվյալները փոխանցենք իրեն:

Պահանջված են նաև հովվական պատգամներն ու ակնարկները, քրիստոնեական կյանքին նվիրված նյութերը, սոցիալ-հասարակական արդի խնդիրների հոգևոր ասպեկտների վերլուծական հոդվածները, Հայաստանի ներեկեղեցական կյանքի լուսաբանումը և այլն:

Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ հենց այդ թեմաներն են առավել քննարկվողներն ու առավել դիտվողները:

Կարծում եմ՝ մերօրյա հասարակությունը կարիք ունի լսելու, որ հրաշքներ լինում են: Տեղեկատվական այս հոսքերի մեջ մարդիկ հաճախ խճճվում են, բացասականը դառնում է այնքան գերիշխող, որ Բարի լուրի մեկ վկայությունը դառնում է օազիս, հույս:

 

Աննա ՎարդանյանՔրիստոնեական կայքերն, անտարակույս, իրենց դրական դերը կարող են խաղալ Բարի լուրը տարածելու համար: Ըստ Ձեզ, համատարած «համակարգչայնացման» ներկա ժամանակաշրջանում ո՞րն է ավելի արդյունավետ՝ անմիջական շփումներն ու քարոզնե՞րը, թե՞ վիրտուալ ավետարանչությունը:

Միանշանակ, երկուսն էլ իրենց ուրույն տեղն ունեն, երկուսն էլ արդյունավետ են և պետք է միմյանց փոխլրացնեն: Ինչ խոսք, Ավետարանի պատգամը փոխանցելու գործում կենդանի հաղորդակցությունը միշտ էլ կարևորագույն օղակ է, բայց չենք կարող ժխտել, որ վիրտուալ տիրույթն այսօր ևս լայն հնարավորություններ է ընձեռում Բարի լուրի տարածման համար:

Վառ օրինակներից է վերջերս մեզ հասած տեղեկությունը, որ CrossNews.am-ի նյութերի միջոցով ապաշխարել և Քրիստոսին Տեր է ընդունել մի երիտասարդ: Բազմաթիվ են ընթերցողների վկայությունները, թե որքան կարևոր տեղ է գրավում մեր կայքն իրենց հոգևոր կյանքում:

Ի վերջո, Աստծո գործերն անքննելի են. մեկին Աստված հասնում է կենդանի հաղորդակցության, մյուսին` համացանցի միջոցով: Մեզ մնում է հնազանդվել և Բարի լուրի տարածման համար օգտագործել բոլոր հասանելի ռեսուրսները:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք տարբեր կերպ, հիմնականում՝ բացասաբար են ընկալվում հասարակության կողմից: Կարծու՞մ եք, որ քրիստոնեական կայքերը պետք է անդրադառնան այդ իրադարձություններին և քրիստոնեության տեսանկյունից լուսաբանեն դրանք: Պարզաբանեք, խնդրում եմ, պատասխանը:

CrossNews.am-ն ունի հստակ սկզբունք. ոչ մի քաղաքականություն մեր կայքում: Գիտեք, կան հարյուրավոր կայքեր, որոնք զբաղվում են հենց միայն դրանով, որ զօրուգիշեր լուսաբանում են քաղաքական անցուդարձը: Մինչդեռ մատների վրա կարելի է հաշվել այն կայքերը, որոնք իրենց էջերում տեղ են տալիս հոգևորին: Ահա թե ինչու, շատերի համար, ովքեր հոգնել են քաղաքական և այլ լրատվական հոսքերից, քրիստոնեական կայքերը կարող են դառնալ յուրատեսակ «օազիս»:

Մենք տալիս ենք այն, ինչ մյուսները չեն տալիս:
Սակայն ասվածը բնավ չի նշանակում, որ մենք անտարբեր ենք հասարակական կյանքի հանդեպ: Մենք իսկապես փորձում ենք չշրջանցել հասարակական կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, դրանց անդրադառնալ Սուրբ Գրքի կամ քրիստոնեության տեսանկյունից:
Հիմք ընդունելով այն փաստը, որ Աստվածաշնչում կան մարդուն և հասարակությանը հուզող բոլոր կարևոր հարցերի պատասխանները՝ մենք ջանում ենք իրադարձությունները վերլուծել և պարզաբանել Ավետարանի լույսի ներքո: Շատ անգամներ էլ ուղղակի աղոթքի կոչով քաջալերում ենք քրիստոնյա հանրությանը:

 Ի՞նչ նորույթներ ակնկալի ընթերցողը Crossnews-ից մոտ ապագայում:

Մոտ օրերս CrossNews.am-ն իր ընթերցողին կներկայանա բոլորովին նոր, թարմացված դիզայնով: Նախատեսվում են նոր հետաքրքիր բաժիններ և հավելվածներ: Համացանցում հայերեն Աստվածաշունչ փնտրողներին սպասվում է հաճելի անակնկալ:

Ճիշտ է` այս պահին մեր լսարանը հայալեզու է, հայ հասարակությունը` աշխարհի ամենատարբեր հատվածներից, սակայն ապագայում ծրագրվում է կայքը հասանելի դարձնել նաև այլ լեզուներով:
Մնացած նորույթները թող մնան անակնկալ:

Այսօր Crossnews-ի ծննդյան օրն է, տոն թե Ձեր, թե բոլոր ընթերցողների համար. Ինչպիսի՞ն է եղել ամենայուրօրինակ շնորհավորանքը և նվերը, որ ստացել եք այս կապակցությամբ: Եվ ինչպիսի՞ն է Ձեր շնորհավորանքը:

Մեզ համար թանկ և կարելի է ասել ամենօրյա շնորհավորանք է յուրաքանչյուր ընթերցողի արձագանքը կատարված աշխատանքին:
Չէի ցանկանա առանձնացնել որևէ շնորհավորանք, քանի որ դրանցից ամեն մեկը կարծես մեզ որպես նվեր հասցեագրված ծաղկեփնջի մաս կազմող ծաղիկն է:
Իսկ ինչ վերաբերում է նվերին, ապա չկա ավելի մեծ նվեր, քան գիտակցելը, որ դու զբաղվում ես կարևոր գործով, և որ կատարածդ աշխատանքը փոխում է կյանք, վերականգնում փոխհարաբերություններ, ծանոթացնում մարդկանց Աստծո հետ…

Կարծում եմ, որ սրանք են այն լավագույն և արժեքավոր նվերները, որ կայքը ստացել է իր գործունեության երկու տարիների ընթացքում:
Այսօր ոչ միայն CrossNews.am-ի տարեդարձն է, այլ նաև այն 9243 ընթերցողի, ովքեր հետևում են մեզ, «հավանում» և «տարածում» մեր հոդվածները:
Մաղթանքս մեկն է, որպեսզի միասնաբար կարողանանք տարածել Աստծո խոսքը, մարդկանց կյանքերի մեջ բերել էլ ավելի շատ լույս, սեր և բարություն:

Protestant.am-ի խմբագրությունը ևս միանում է հնչած բոլոր շնորհավորանքներին և օրհնություններին՝ ցանկանալով աննախադեպ հաջողություններ և ձեռքբերումներ: Սիրում ենք ձեզ, օրհնում ենք ձեզ. միասին կլինենք հավիտյան:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ