Protestant.am-ը զրուցել է երգչուհի Ժակլին Թադևոսյանի հետ

2512

Protestant.am-ի զրուցակիցն է տաղանդավոր երգչուհի, երգահան Ժակլին Թադևոսյանը։

Ժակլի՛ն, ի՞նչ է քեզ համար երկրպագությունը:

Ինչպես գուցե շատերը գիտեն, երգում եմ մանկուց, փառաբանում եմ Տիրոջը գիտակից հասակիցս ու միշտ առանձնացրել եմ երգեցողությունը երկրպագությունից։ Միշտ հավատացել եմ, որ երկրպագուն առաջին հերթին սրտով Տիրոջը երկրպագողն է և հետո միայն երգելով ծառայողը։ Ու հենց սա է եղել իմ առաջնահերթ ծառայությունը՝ օգնել սրտով երկրպագուներին իրենց հոգու երգը բարձրացնել Աստծուն։

Ինչպե՞ս առաջացավ ալբոմ թողարկելու մտահղացումը:

Կամաց-կամաց եմ քայլերս արել, երբեք չեմ ձգտել «հոգևոր երգչուհի» տիտղոսին, առանձնապես ակտիվ չեմ էլ եղել երաժշտական կայքերում, ավելի գերադասել եմ եկեղեցիներում ծառայել: Բայց ինչպես գիտենք, Տերն Ինքը գիտի ժամանակները, ու քանի որ իմ կյանքն ամբողջությամբ հանձնել եմ Տիրոջը, Նա է առաջնորդում կյանքիս յուրաքանչյուր շրջանն ու փուլը։ Հասունացավ մի պահ, որ հասկացա՝ արդեն պետք է ձայնագրեմ երգերս։ Երբ շրջագայում էի, ծառայում տարբեր հայկական, ռուսական և ամերիկյան եկեղեցիներում, մարդիկ միշտ օրհնության խոսքեր էին ասում, հետաքրքրվում ու սպասում ալբոմին, անցյալ տարի ծառայողական շրջագայության ընթացքում խոստացա, որ հաջորդ տարի, Տիրոջով լույս կտեսնի ձայնասկավառակս։ Փառք Տիրոջը, չստեցի (ծիծաղում է):

Այս ընթացքում ո՞վ է ամենից շատ ոգեշնչել կամ աջակցել քեզ:

Մեծապես օրհնված եմ ծնողներովս, իրենք շատ են ինձ օգնել։ Այն, ինչ ժառանգել եմ իրենցից, ոչ միայն գեղեցիկ ձայնն ու ստեղծագործելու տաղանդն է, այլև Տիրոջը անմնացորդ նվիրվելու և ծառայելու սիրտը։ Ինձ սովորեցրել են իմ տնից առաջ Տիրոջ տունը կառուցել, ու ամեն ինչ միայն Նրա փառքի համար անել։ Հատկապես մայրիկիս համար եմ գոհանում Տիրոջից, հաճախ են ասում, որ նման եմ իրեն, բայց ավելի շատ հուզում է այն միտքը, որ ասես երկինք գնալիս ինձ օրհնություն, ժառանգություն թողեց Տիրոջ երկրպագուի իր մեծ օրինակը։ Այն, որ այսօր երկրպագում եմ Տիրոջն ու Աստծո տանն եմ մխրճված, ծնողներիս աղոթքների, զոհերի ու չնահանջող հավատքի պատախանն է…

Որո՞նք են ձայնասկավառակի և նրանում տեղ գտած երգերի գլխավոր նպատակն ու ուղերձը:

Ալբոմը ձայնագրվել է ավետարանչության նպատակով։ Երգացանկիցս ընտրել եմ երգեր, որոնք լսելիս յուրաքանչյուրը կգտնի իր պատմությունը, իր իրավիճակն ու իր աղոթքը, թեպետ միշտ գրում եմ իմ վերապրածը, զգացողություններս ու իմ պատմությունը: Գրեթե բոլոր երգերս աղոթքների ժամանակ են տրվել ինձ, որոշները գրել եմ արցունքների մեջ, որոշները ուրախությունով ու մեծ վկայությամբ, բայց միևնույնն է, բոլորիս կապում է մեր միակ Ելքը ցանկացած իրավիճակից՝ մեր Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչը, Նա է այն միակը, Ում կարիքը բոլորս ունենք, դրա համար էլ հավատում եմ, որ յուրաքանչյուրն իր բաժինը կգտնի, որովհետև որքան էլ տարբեր մարդիկ ենք, մեկ է բոլորս անցնում ենք գրեթե նույն ճանապարհով, ու անխտիր բոլորս ունենք սիրո, հույսի ու Տիրոջ օգնության կարիքը. սրանով նման ենք իրար։

Ձայնասկավառակը հեղինակային է, չնայած առաջին երգը՝  «Օ՜, Հալելույա»-ն մեր սիրված հին երգերից է, այն փոփոխել ենք, ավելի ռիթմիկ ու հայկական գործիքավորմամբ և նոր խոսքեր եմ ավելացրել՝ հին տարբերակից թողնելով միայն կրկներգը, մնացած երգերը Տիրոջից նվիրված հեղինակայիններն են։

Ձայնասկավառակում ընդգրկված է նաև  «Եհովա Ռոֆֆէ» (Բժշկող Աստված) երգը, որի պատմությունը շատ հուզիչ է, ու երգը շատ կարևոր է ինձ համար: Աղոթում եմ, որ ամեն այս երգը լսողն, ով ունի Տիրոջ բժշկության կարիքը, լցվի մեծ հավատքով, ուժով ու անկասկած հավատա, որ մեր Եհովա Ռոֆֆէն, մեր բժշկող Աստված Կենդանի է ու իր գերբնական զորությունը, հրաշագործ ձեռքը երբեք չի կարճացել։

Անդրադառնալով արդեն իսկ ճանաչված երգերին` կխնդրեմ հատկապես պատմես «Քեզ ամուր գրկեմ» ստեղծագործության մասին, որը քրիստոնյաների կողմից թերևս ամենասիրվածն է քո երգացանկում։

Նշեմ, որ «Քեզ ամուր գրկեմ» երգը ևս ներառել ենք ալբոմում, քանի որ շատերն են սիրում այն և սա միշտ կլինի նաև իմ ամենասիրելի երգերից մեկը, այն եղել է առաջիններից, որը նույնպես իմ անկեղծ աղոթքն է եղել: Բազում վկայություններ եմ լսել՝ կապված այս երգի հետ:  Ծանոթացել եմ մարդկանց հետ, ովքեր ապաշխարության, Աստծո սիրով ու Սուրբ Հոգով լցվելու պահեր են ապրել այն լսելիս:

Պատմիր խնդրում եմ ձայնասավառակի շնորհանդեսի, ներկայիս աշխատանքների, ինչպես նաև սպասվող հեռանկարների մասին:

Ձայնասկավառակի թողարկման, այն ներկայացնելու ողջ գործընթացներում ինձ ամենաշատը Տերն է օգնել, որի վառ ապացույցն այն բազում վկայություններն են, որ տեսնում ենք ու լսում, շատ անհնարին իրավիճակներով կարողացանք անցնել ու հասցնել:

Շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը ինձ աջակցած բոլոր մասնագետների, իմ բոլոր այն ընկերների համար, ովքեր ողջ աշխատանքային շրջանոմ կողքիս են եղել և մեծ օգնություն են ցուցաբերել, ովքեր թե՛ ֆինանսական և թե՛ աղոթքի ներդրումն են ունեցել:

Հատկապես ուզում եմ մեծագույն շնորհակալությունս ուղղել իմ ընկեր Վահրամ Յանիկյանին, ով ժամանակից բացի նաև սիրտ ու հոգի է ներդրել ձայնասկավառակում. գործիքավորման ընթացքում ամեն երգ միասին ենք վերապրել: Շնորհակալ եմ Հակոբ Արսենյանին, ով ևս շատ գեղեցիկ երգեր է ստեղծել, Էդուարդին՝ իր կատարած աշխատանքի համար:

Առանձնապես նաև ուզում եմ նշել իմ տաղանդավոր քույրիկին՝ Աննային, ով ինձ շատ օգնեց բեք-վոկալի հարցում, ինչպես նաև լավ ընկերոջս՝ Գեղամ Կարապետյանին, ով ևս ջանք ու եռանդ չէր խնայում, որպեսզի ամեն բան հասցնեինք՝ լավագույն ձևով:

Ձայնասկավառակը տպագրվեց Մոսկվայում ու հենց այստեղ էլ տեղի ունեցավ առաջին շնորհանդեսը։ Հիմա ԱՄՆ-ում եմ ու տեղի եկեղեցիներում ներկայացնելու եմ ձայնասկավառակը, նորից շնորհանդեսի տեսքով, իսկ Հայաստանում նախատեսում եմ համերգ-շնորհանդես, բնականաբար ավելի լայնամասշտաբ ու մեծ համերգի տեսքով, կենդանի նվագախմբով և հնչողությամբ: Հրավիրված են լինելու նաև այլ շատ սիրված երգիչներ և ամենակարևորը լինելու է հյուրասիրություն (ծիծաղում է): Ամսաթիվը դեռ քննարկվում է, բայց անպայման կհայտարարվի։

Աղոթում եմ, որ յուրաքանչյուրն, ով լսի այս երգերը, զգա Տիրոջ Սերը, գտնի իր աղոթքի պատասխանն ու պարզապես լողա Տիրոջ ներկայության մեջ, իսկ նրանց, ում ավետարանելու նպատակով նվիրելու եք, թող լսեն Տիրոջ ձայնն ու դարձի գան, ապաշխարեն ու գան Երկնային Հոր ձեռքերի մեջ։  Սիրում եմ բոլորիդ, օրհնում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով, կհանդիպենք շուտով Հայաստանում:

Զրուցեց Աննա Բարսեղյանը

Մեկնաբանություններ