Protestant.am-ի զրուցակիցն է պատանեկան ծառայությունների կազմակերպիչ Նաիրի Կարախանյանը («Նաիրի Ջան»)

438

Protestant.am-ը զրուցել է

քրիստոնեական միջեկեղեցական պատանեկան ծառայությունների կազմակերպիչ, բլոգեր Նաիրի Կարախանյանի հետ, ով ֆեյսբուքահայությանը ծանոթ է «Նաիրի Ջան» անունով:

Նաիրի Ջան, Նախ խնդրում եմ համառոտ պատմեք ձեր անցած քրիստոնեական ճանապարհի մասին՝ ապաշխարություն, վկայություններ, հայտնություններ…

Ծնվել և մեծացել եմ քրիստոնյայի ընտանիքում: Մանկությունս անցել է եկեղեցում, բայց ինձ համար փրկությունն անհատական է: 1994թ-ի ամռանը կազմակերպվել էր պատանեկան ճամբար, որին մասնակցում էի նաև ես: Այդ ժամանակ ընդունեցի Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ: 2001թ-ին ընդունվել եմ Աստվածաբանական ճեմարանի «Քրիստոնեական դաստիրակություն» բաժինը: Ավարտելուց հետո ընդգրկվել եմ մանկապատանեկան ճամբարներում, որպես առաջնորդ: 2007թ-ից արդեն որպես կոորդինատոր:

Լինելով այդ ամենի մեջ՝ տարիներ շարունակ նկատել եմ, որ եկեղեցիներում ակտիվ գործում են մանկական և երիտասարդական ծառայություններ, բայց դրանց միջև գոյություն ունի մի տարիք՝ պատանեկություն , որի ծառայության պակասը զգալով՝ Աստված տվեց այդ հայտնությունը, կանչելով այդ կոչման մեջ:

Այսինքն՝ դուք փորձեցիք լրացնել այդ բացը: Հենց այդ կոչման մեջ տարվա տաք եղանակներին կազմակերպում եք միջեկեղեցական պատանեկան ակտիվ միջոցառումներ՝ հավաքներ, արշավներ: Ինչպե՞ս սկսվեցին այդ ծառայությունները:

Տեսիլքի հետ զուգընթաց, Աստված առիթ տվեց սովորելու «Հայ քրիստոնյա սպորտսմենների պատրաստման» դպրոցում: Ավարտելուց հետո հանդիպեցի մի քանի եկեղեցիների հովիվների՝ առաջարկելով նրանց ընդհանուր պատանեկան արշավներ, միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպել:

Ինչու՞ հատկապես պատանեկան, որովհետև այդ տարիքը ավելի շատ ռիսկային է այն բանով, որ նրանց հետ աշխատանք տանողները քիչ են և այդ «բացն» է, որ նրանց գցում է տարբեր տեսակի կախվածությունների մեջ:

Չեմ կարող չնշել, որ կային եկեղեցիներ, որոնք մերժեցին այդ ծառայությունները՝ պատճառաբանելով, որ պատանիներին կդարձնենք մեր սեփականությունը և հեռու կպահենք նրանց իրենց տեղական եկեղեցուց:

Այնինչ մեր նպատակը հակառակն է. բարձրացնել նրանց՝ լինելու իրենց տեղական եկեղեցու պատանեկան խմբերի մեջ, ու նաև ծանոթանալու և ընկերանալու այլ եկեղեցիների պատանիների հետ, ու դրանց լավագույն տարբերակը արշավներ կազմակերպելն է: Արշավներն ունեն ուսուցողական բնույթ, ոչ թե պարզապես այստեղից այնտեղ գնալը: Սկզբում մասնակցում էին 2, հետո 3, այնուհետև 4 եկեղեցիներ: Նրանց հետ միասին ամեն ամիս անց ենք կացնում մեր պատանեկան միջոցառումները:

Ովքե՞ր կարող են մասնակցել այդ ծառայություններին: Արդյո՞ք կան եկեղեցական պատկանելության կամ որևէ այլ սահմանափակումներ:

Մեր կողմից որևէ սահմանափակում չկա, քանի որ մենք աշխատում ենք եկեղեցիների հետ, թուլտվությունը թողնում ենք նրանց, սա միջեկեղեցական ծառայություն է, հետևաբար հարանվանական սահմանափակումներ նույնպես չկան:

Ինչպե՞ս են վերաբերվում ձեր ծառայությանը տարբեր հարանվանություններում, եկեղեցիներում:

Ովքեր համագործակցում են մեզ հետ, գիտեն այս ծառայության արդյունավետությունը, բայց կան եկեղեցիներ որոնք տեղյակ չեն, կան նաև այնպիսիք որոնք ունեն որոշակի մտավախություն, այսպես ասած կորցնելու իրենց պատանիներին, իսկ մյուս մասը պարզապես անտարբեր է: Քանի որ այս ծառայությունը նոր է, հուսով ենք որ ավելի շատ եկեղեցիներ կնդգրկվեն այս ծառայության մեջ:

Հաճույքո՞վ են մասնակցում պատանիները ձեր միջոցառումներին, ունե՞ք մասնակիցների քանակի աճ, նախատեսվու՞մ են նոր միջոցառումներ:

Քանի որ պատանեկան ծառայություններն անցնում են հետաքրքիր, իսկ պատանիներն ունեն իրենց շրջապատը, ընկերներին, նրանք պատմում են իրենց տպավորություններով, իսկ դա շատ ուրախալի է: Տարեսկզբին ունեցանք Ս. Ծննդյան պատանեկան միջոցառում, որին մասնակցում էին նոր պատանիներ: Առաջիկայում ապրիլի 4-ին Արմավիր քաղաքում պատրաստվում ենք Ս. Զատկի պատանեկան միջոցառմանը, որին պատանիներն անհամբեր սպասում են, իսկ մայիս ամսից կսկսվեն պատանեկան արշավները:

Մոտենում է Զատկի՝ Հարության տոնը: Այդ կապակցությամբ ի՞նչ ուղերձ ունեք մեր կայքի ընթերցողներին ընդհանրապես և պատանիներին՝ հատկապես:

Գալիք Ս. Զատկի տոնի առթիվ շնորհավորում եմ Protestant.am-ի ողջ անձնակազմին և ընթերցողներին: Թող մեր Տիրոջ հաղթական Հարության ուրախութունն անսպառ լինի ձեր կյանքում: Շարունակեք Աստծուց տրված այն մեծ Գործը, որը նոր կյանք ու փոփոխություններ է բերում ընթերցողների սրտերում: Իսկ պատանիներին հորդորում եմ, որ Ս. Զատիկը չլինի նրանց համար լոկ տոն, որը պետք է նշել, այլ լինի կյանք, որը պետք է շարունակաբար ապրել, միշտ Հիսուսին պահելով իրենց սրտերում:

Շնորհակալություն, թող Աստված օրհնի ձեզ և ձեր աստվածահաճո ծառայությունները:

Զրուցեց Աշոտ Հովսեփյանը

Մեկնաբանություններ