Իզուր չէ, որ մենք ծնվել ենք Հայաստանում, իզուր չի, որ մենք կոչվում ենք հայ

506

Երբ մեր ազգը ստիպված էր ներքաշվել ապրիլյան ռազմական գործողությունների մեջ, մենք տեսանք մեր ազգին՝ միաբանված ու համախմբված:

Իզուր չէ, որ մենք ծնվել ենք Հայաստանում, իզուր չի, որ մենք կոչվում ենք հայ: Անհերքելի փաստ է, որ հակառակորդը փորձել է միշտ ոչնչացնել մեր ազգը, բայց Աստված միշտ պահել է մեզ, որովհետև սիրում է հայ ազգը և վստահ եմ, որ նպատակ ունի մեզ հետ:

«Երանի այն ժողովրդին, որի Աստված Տերն է» (Սաղմոս 144.15):

Մենք կոչվում ենք քրիստոնյա երկիր, քրիստոնյա ազգ, բայց Աստված չի ուզում, որ մենք միայն անունով լինենք քրիստոնյա: Մենք հետ գնալու ճանապարհ չունենք: Մենք պետք է առաջ գնանք: Մենք միշտ պետք է նայենք աջ ու ձախ, մենք պետք է նայենք Քրիստոսին, մեր հույսը ոչ թե ինչ-որ ազգեր ու պետություններ պիտի լինեն, այլ Աստված:

«Եթե Տերը չշինի տունը՝ զուր են աշխատում նրա շինողները. եթե Տերը չպահպանի քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127.1):

Մենք գնահատում ենք մեր զինվորներին, միշտ աղոթում ենք, որ Աստված պահպանի նրանց, բայց մեր պաշտպանությունը ոչ թե լավագույն զին.տեխնիկան է, այլ Տերն է:

Մենք պիտի կանգնած լինենք մեր աղոթքի տեղում պատերազմելիս, խնդրելիս, պայքարելիս մեր ազգի ու ժողովրդի համար, մեր սահմանների համար:

«Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մատթ. 16.18):

Մենք պիտի շատ աղոթենք մեր երկրի ու մեր ազգի համար, ոչ թե նեղությունների ժամանակ ավելացնենք մեր աղոթքները, այլ ամեն ժամանակ պիտի աղոթենք:

Սուրբ Գրքում շատ են օրինակները, երբ մարդիկ կանգնում էին իրենց ազգի ու ժողովրդի համար: Երբ Աստված բարկացել էր ժողովրդի վրա, որ կռապաշտության ու չարիքի մեջ էր, Մովսեսը կանգնեց իր ժողովրդի համար և ասաց՝ իմ անունն էլ ջնջիր Կյանքի Գրքից: Աբրահամը, երբ իմացավ Սոդոմ-Գոմորի կործանման մասին, նա ևս կանգնեց ու սկսեց բարեխոսել այդ երկրների համար: Եկեղեցին բարեխոս է երկրի վրա: Եկեղեցին պիտի կանգնի Աստծո առաջ ու բարեխոսի իր երկրի ու ազգի համար:

Եսթեր 8.3-10 համարներում հիշատակվում է այն մասին, թե ինչպես էր Եսթերը խնդրում թագավորին իր ազգի համար:

«Որովհետև ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգին պատահող չարիքը, և ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը» (Եսթեր 8.6):

Սա սրտացավություն էր սեփական ժողովրդի նկատմամբ: Այո՛, մեր երկրում կան խնդիրներ, կան անօրենություններ, սակայն մեր ծառայությունն ու գործը պիտի լինի աղոթքից սկսելը: Աստված եկեղեցու մեջ փնտրում է մարդկանց, ովքեր պատրաստակամություն ունեն աղոթելու, կանգնելու ազգի ու ժողովրդի համար:

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ