Ժամանակն է, որ լցվենք երկնային ուղերձներով. Արթուր Սիմոնյան

293
Pastor

«Բոլոր խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցիր և Նրա պատվիրանները պահիր, որովհետև սա է ամեն բան մարդու համար: Որովհետև Աստված ամեն գործ բերելու է դատաստանի, ամեն ծածուկ բանի հետ, թե՛ բարի, թե՛ չար»: ֊ Ժողովող 12.13, 14

Մենք շարունակում ենք խոսել երկյուղի մասին: Եվ այսօր, Աստծո խոսքը բացելով, կարդում ենք, որ Սողոմոն Իմաստունը, որ ապրել էր թագավորական ճոխության և հարստության մեջ, փորձել ամեն բան, վերջիվերջո գալիս է մի եզրակացության և ասում. «Բոլոր խոսքի վախճանը լսենք. Աստվածանից վախեցեք և Նրա պատվիրանները պահեք…»:

Սողոմոն Իմաստունը շատ մեղքեր էր թույլ տվել իրեն, նա դուրս էր եկել Աստծո սկզբունքների դեմ` կարծելով, թե ապրում է այս աշխարհում ինչ-որ վայելքների համար, բայց օրերից մի օր հասկացավ, որ Աստված ամեն ինչ բերելու է դատաստանի` թե’ բարի գործերը, թե’ չար:

Այսօր մենք կարող ենք տեսնել, որ մարդիկ ապրում են տարբեր մեղքերի մեջ: Վերջերս հանդիպեցի մի մարդու, ով մի ձեռքով բռնել էր խմիչքը, մյուսով` ծխախոտը, և քննադատում էր եկեղեցու ծառայություններն ու ծառայողներին: Այդուհանդերձ, նա համոզված էր, որ ինքը շնորհքով փրկված է և հավիտենական կյանք ունի: Ես նրան ասացի. «Մի պահ պատկերացրու, թե ինչպես ես կանգնելու Տիրոջ առաջ, երբ մի ձեռքումդ խմիչքն է, մյուսում` ծխախոտը, իսկ բերանդ լի է քննադատությամբ, որը սատանայից է: Ինչ աչքերով ես նայելու Աստծուն»: Այդ մարդը պարզապես կորցրել էր աստվածավախությունը:

Գիտեք, այսօր շատ հավատացյալներ, որոնք մտածում են, թե դրախտ են գնալու, իրականում կարող են հայտնվել դժոխքում, որովհետև ավելի շատ լցված են դժոխքի ուղերձներով, քան` երկնքի:

Ժամանակն է, որ լցվենք երկնային ուղերձներով: Գրված է, որ Աստված ամեն ինչ դատաստանի է բերելու`թե’ հայտնի գործերը, թե’ ծածուկ:

Իհարկե, մեր հայտնի գործերը շատ լավն են, որովհետև մարդկանց առաջ ենք կատարում, բայց ինչպես ենք վարվում մեր ծածուկ կյանքում. ահա, սա է հարցը: Աստված տա, որ երբ կանգնենք դատաստանի առաջ, մեր ծածուկ գործերն ավելի փառավոր լինեն, քան հայտնի գործերը, որոնք կատարել ենք մարդկանց առաջ:

Քննի’ր քո ծածուկ գործերը, մաքրիր և սրբացրու: Ամեն:

Արթուր Սիմոնյան 

Մեկնաբանություններ