Հայաստան կայցելի արգենտինահայ եպիսկոպոս Խորխե Հիմիտյանը

557

Մայիսի 22-ին Հայաստան կժամանեն Խորխե Հիմիտյանը, ով Բուենոս Այրես քաղաքի Հովիվների Խորհրդի կոորդինացնող հինգ հովիվներից մեկն է, ինչպես նաև՝  Առաքելական Եղբայրակցության Միջազգային Գործադիր Կոմիտեի անդամ և նրա զարմիկ Տատո Հիմիտյանը, ով Բուենոս Այրեսի «Քրիստոնեական Համայնք» տեղական եկեղեցու չորս հովիվներից մեկն է: Այցի նպատակն է ամրացնել Հայստանի եկեղեցու հետ կապը, Սուրբ Հոգով հաստատել սիրո միաբանությունը՝ եկեղեցին որպես Աստծո մեկ մարմին գաղափարի հաստատումով:

1988 թվականին (ավերիչ երկրաշարժի տարին էր) Հայաստանում Հոգեգալստական շարժումը շատ մեծ ընդլայնում ունեցավ: Այդ իսկ պատճառով Հայաստանի եպիսկոպոսները դիմեցին Արգենտինայի հովիվների աջակցությանը՝ ժամանակի պահանջը հոգալու նպատակով: Այդ զանգվածային շարժման պարագայում Հայաստանի եկեղեցին, ունենալով ծառայող մարդկանց սակավ ռեսուրսներ, խնդրեց օգնել՝ իրենց ծառայողներ ու մշակներ պատրաստելու հարցում:

1993-ից մինչև 1999 թվականները Արգենտինայից որոշ հովիվներ տարին մեկ անգամ այցելություն ունեցան Հայաստան՝ իրականացնելու համար երկշաբաթյա ինտենսիվ սեմինարներ, որոնք իրենց ազդեցիկ արդյունքը տվեցին հոգևոր դաշտում, ինչպես նաև՝ համագործակցելու հովիվների, սարկավագների, ծառայողների հետ՝ աստվածաշնչային հիմքի աստվածաբանական ձևավորման մեջ: Նրանց թվում էին եղբայրներ՝ Միլթոն Փոփը, Էդգարդո Սուրենեանը, Ռուբեն Քասաբեանը, Դանիել Սլոնգոն և այլոք:

Այսպիսով Հայաստանում այն դժվարին ժամանակների մեջ մեծ գնահատանքի արժանի գործն իրականացրեց արմատներով Արևմտյան Հայաստանից, Պաղեստինում ծնված և յոթ տարեկանից ի վեր Արգենտինայում իր կյանքի մեծ մասն անցկացրած Խորխե Հիմիտյանը: Նա այն մարդկանցից մեկն է, որին Աստված 1960-ականներին բարձրացրեց Արգենտինայում՝ սկիզբ դնելով հոգևոր արթնությանը:

Աստծո խոսքի իր ծառայությունը՝ հստակ մարգարեությամբ Աստծո թագավորության նոր տեսիլքի հայտնումն է, Հիսուսի առաջնորդությունը, քրիստոնյաների աշակերտությունը, եկեղեցու մեկությունը, Աստծո հավիտենական նպատակը և նման սկզբունքային ճշմարտություններ Սուրբ Գրքերից: Նրա գրած մի շարք գրքեր լայն տարածում են գտել:

Ամուսնացած է Սիլվիա Պալասիոյի հետ, ունեն երկու որդի, երեք դուստր և տասներկու թոռնիկ:

Մեկնաբանություններ