Ջրհեղեղը որպես մկրտության օրինակ

521

«Որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբ որ Աստծո երկայնմտությունը համբերում էր նրանց Նոյի օրերում տապանը պատրաստելիս, որի մեջ քիչ այսինքն ութ հոգի ջրից ազատվեցին: Որի օրինակն այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի աղտից ազատելով, այլ բարի խղճմտանքի վկայությունն է առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարությունով»։ Ա Պետրոս 3:20-21

Չեմ ուզում այստեղ կենտրոնանալ այս խոսքերի կոնկրետ մեկնաբանության վրա, որին աստվածաբանները տարբեր տեսակետներով են մոտենում: Այս խոսքերը ցույց են տալիս, որ ջրհեղեղը ծառայում է, որպես նոր կտակարանյան ջրի մկրտության օրինակ: Ինչպես ջրհեղեղի ջրերը բաժանեցին հին ապականված աշխարհը՝ նորից, այնպես էլ մկրտության ժամանակ ջրի մեջ թաղվելը, որպես խորհուրդ ցույց է տալիս մեր հին մարդուց, մեղավոր կյանքից՝ բաժանվելն ու ազատվելը: Երկու դեպքում էլ ջուրը բաժանման, անջատման խորհրդանիշն է:

Ճիշտ է մկրտությունը ֆիզիկական ակտ է, սակայն այն ցույց է տալիս, որ հավատացյալը, որը հավատում է խաչի վրա կատարված Քրիստոս զոհին, նրա կյանքում ու սրտում, արդեն այդ փոփոխությունը կատարվել է: Ինչպես ջրհեղեղի ժամանակ դատապարտվեց մեղքը, այնպես էլ քաչի վրա՝ Քրիստոսի հետ դատապարտվում մեր հին, մեղքի բնությունը: Ջրի մեջ թաղվելը ցույց է տալիս, որ մենք հավատում ու ընդհունում ենք այդ դատապարտությունը: Մենք մեզ համարում ենք արդեն մեռած մեղքի համար և մկրտությունը խորհրդանշում է մեր մեռած մարմնի թաղումը, իսկ ջրից դուրս գալը՝ մեր հարությունը, ի ցույց, թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր աշխարհի:

Այս նույն հավատքով է առաքյալն ասում. «Թաղվելով Նրա հետ մկրտության մեջ, որի մեջ նաև հարություն առաք Նրա հետ՝ Աստծո զորությանը հավատալով, որ Նրան հարություն տվեց մեռելներից»: Կող.2:12

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ