Կյանքի ճշմարիտ իմաստը

345

«Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»: (Հովհաննես 14.6.)

Կյանքի ճշմարիտ իմաստը մարդկության համար միշտ որոնման առարկա է եղել, ամեն մեկս էլ մեր կյանքում մտորելով կյանքի մասին՝ փորձել ենք հասկանալ, թե որն է մեր կյանքի ճշմարիտ իմաստը: Սակայն կան ավելի վատ, անհուսալի վիճակներ, երբ մարդը դադարում է փնտրել իր կյանքում իմաստ: Այդպիսի մարդիկ խաբվելով սատանայից, ապրում են, համակերպվելով միապաղաղությանը, այսինքն նրանք ոչ թե ապրում են, այլ պարզապես գոյատևում:

Ամերիկացի հայտնի ծաղրանկարիչ Ռայլֆ Բարտոնը մահից առաջ մի երկտող գնդասեղով ամրացրել է իր բարձին. «Ունեցել եմ շատ քիչ դժվարություններ, շատ ընկերներ, մեծ հաջողություններ, փոխել եմ շատ տներ, կանանց և եղել աշխարհի մեծ երկրներում, սակայն զզված եմ այդ և այն ամենից, ինչ հորինվում է 24 ժամը լցնելու համար»:

Եվ իսկապես շատ հաճախ մարդիկ ապրում են ու անում ինչ-որ բաներ, որպեսզի պարզապես լրացնեն իրենց օրվա 24 ժամը և ուղղակի սպանեն այդ օրը:

Ես քեզ վստահեցնում եմ սիրելիս, նման կյանքը չի կարող լցվել փառքով և հաջողություններով: Եթե ուզում ես իսկապես ապրել և չլինել անհաջողակ, եթե չես ուզում, որ սատանան ծիծաղի քեզ վրա և ունայնությամբ լցնի քո րոպեները, ժամերը և վերջապես քո ողջ կյանքը, ուրեմն քեզ պետք է հասկանալ, ընդունել և հավատալ այն խոսքին, որ Հիսուսն է ասում. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»:

Հիսուսի հետ քայլելով մենք ունենք իմաստալից կյանքով ապրելու երաշխիքՄինչև Հիսուսին ընդունելն իմ կյանքն ուղղակի դատարկություն է եղել, և այդ դատարկությունը ես զգում էի իմ կյանքի բոլոր բնագավառներում: Հիմա նույնիսկ հասկանում եմ, որ նախկինում իմ երազանքներում նույնպես չի եղել իմաստ, դրանք ունայնություն էին, քանի որ չէին համապատասխանում այն բոլոր երազանքներին ու նպատակներին, որոնք Հիսուսն ուներ իմ կյանքի համար:

Փառք Տիրոջն Իր անսահման ողորմության համար: Այն օրը, երբ Հիսուսին հրավիրեցի, որ գա և թագավորի իմ կյանքում, իմ կյանքի դատարկությունը լցվեց, Նա ցույց տվեց ինձ ճշմարիտ ճանապարհը, որում կա իմաստ, կա լույս, կա հաշտություն Երկնային Հոր հետ և վերջապես խոստացված հավիտենությունը:

Միայն Հիսուսը կարող է իմաստավորել մեր կյանքը: Եթե հավատանք ու վստահենք Նրան, յուրաքանչյուր իրավիճակում Նա կլինի մեր կողքին, և թույլ չի տա ընկնել սատանայի ճանկերի մեջ:
Քանի որ մեր կյանքն ամբողջությամբ ղեկավարում է մեզ սիրող Հիսուս Քրիստոսը, Ով ճշմարտությունն է ու կյանքը, մենք ուղղակի երանելի ենք ու չպետք է վախենանք: Ամեն ոք դժվարություն է կրում և քրիստոնյաներն էլ բացառություն չեն: Երբ մեր կյանքի ղեկը Հիսուսին ենք հանձնում, դա չի նշանակում, որ ապրելու ենք խնդիրներից զերծ կյանքով: Սակայն միևնույն ժամանակ մենք պետք է համոզված լինենք, որ Հիսուսի հետևորդներ լինելով մենք կգտնենք հանգստություն:

«Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, այլ ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի և չվախենա»: (Հովհաննես 14.27.)

Փառք Հիսուսին:

Մենք պետք է ունենանք այս համոզմունքը և վստահությունը մեր կյանքերում, որ ինչ ցավ ու տառապանք էլ ունենանք, դրանց դեմ Քրիստոսը՝ Խաղաղության Իշխանը առաջարկում է Իր սփոփանքը, խաղաղությունը, առաջարկում է իմաստալից կյանք, որն ապրելով մենք կփառավորենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին և ամեն դժվարությունից դուրս կգանք հաղթանակած: Ամեն:

Մերի Հովհաննիսյան

Մեկնաբանություններ