Կյանքի իմաստը հավիտենությունը բացահայտելն է․ Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ և Նոր տարի

323
Կյանքի իմաստը հավիտենությունը բացահայտելն է․ Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ և Նոր տարի

«Ամեն բանի ժամանակ կա» (Ժող31ա)։

Հիմա ժամանակն է շնորհավորանքի և օրհնությունների։

Կյանքի իմաստը հավիտենությունը բացահայտելն է։ Այս միտքը գուցե շատ խոհափիլիսոփայական է հնչում, բայց իրականում հենց այդպես է։

Ժամանակի ընթացքին զուգահեռ, երբ ետևում տարիներ կան կուտակված ու բավական ճանապարհ կա անցած, իսկ առջևում անորոշություն է, մենք հաճախ ենք բախվում այս պարզ ու դարավոր հարցին՝ վերջապես ո՞րն է կյանքի իմաստը։

Ո՛չ։ Ես ամենախելացի մարդը չեմ, ոչ էլ այդ հարցի պատասխանը գաղտնազերծող առաջին փիլիսոփան։ Այլ ընդամենը ևս մեկ անգամ բարձրաձայնում եմ այն, ինչ հայտնի է միլիոնավոր մարդկանց արդեն 2017 տարի շարունակ։

Մենք՝ քրիստոնյաներս, մեծ ուրախությամբ, շուքով ու հաճախ անեթեթության աստիճանի հասնող ճոխությամբ նշում ենք ամանորյա և սուրբծննդյան տոները՝ բաց թողնելով այդ ամենի բուն իմաստը և հենց յուրաքանչյուրիս կյանքի վրա թողած ազդեցությունը։

Հիսուսի ծնունդով մարդկության պատմությունը բաժանվեց երկու ժամանակաշրջանի՝ Նախքան Քրիստոսը և Քրիստոսից հետո։

Հիսուսի ծնունդով յուրաքանչյուր հավատացողի կյանքը բաժանվեց ու բաժանվում է երկու փուլի՝ մինչև վերստին ծնունդը և վերստին ծնունդից հետո։

Հիսուսը վերաիմաստավորում է մարդկության պատմությունը։

Հիսուսը վերաիմաստավորում է յուրաքանչյուր մարդու կյանքը։

Ընդունելով Հիսուսին՝ հենց Կյանքն ես ընդունում քո մեջ՝ իսկական Կյանքը՝ Հավիտենական Կյանքը։

Սա է կյանքի իմաստը՝ բացահայտել հավիտենությունը, բացահայտել հենց Իրեն Կյանքին, ընդունել Նրան, խոնարհվել Նրա առջև ու ապրել հենց Կյանքի մեջ։

Եթե միայն այս կյանքի համար ենք հուսացել Քրիստոսին, ապա բոլոր մարդկանցից ավելի ողորմելին ենք․․․ (Ա Կոր․15․19)։

Մեզ տրված է ժամանակավորը՝ հավիտենականը գնահատելու համար։

Մեզ տրված է չափավորը՝ անսահմանը մի փոքր պատկերացնելու համար։

Մեզ տրված է ժամանակավոր երկրավոր կյանքը՝ հավիտենական երկնավոր կյանքը բացահայտելու համար։

Չստացվեց ավելի պարզ ու կարճ շնորհավորել․․․

Բայց սա այն է, ինչ իմ սրտում է հիմա։

Շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան առթիվ, աղոթում, որ Նրա ծնունդն իսկապես վերաիմաստավորի յուրքանչյուրիս կյանքը։ Իսկ եթե արդեն գտել ենք Նրան, ապա այս օրերին տոնական սեղանների շուրջ կիսվե՛նք այդ Բարի լուրով մեր ազգականների, մտերիմների ու ընկերների հետ։

Եղե՛ք օրհնված, 2017-ն ընդամենը պայմանական թիվ է անսահման հավիտենության մեջ։ Թվերն ու տարեթվերը չէ, որ օրհնություն են բերում մեզ, այլ հենց այդ ամենը սահմանող Արարիչը, Ով այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհ․3․16)։

Որքան մեծ է նպատակը՝ հավիտենական կյանքը, այնքան էլ մեծ է դրա դիմաց տրվող Գինը՝ Խաչյալ Հիսուսը։

Իսկ հենց նա էլ հանդիսանում է «Ճանապարը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ․ 14․6):

Մտորե՛նք այս մասին․ վերագնահատե՛նք մեր հավատքը եւ վերածե՛նք այն կյանքի։

Ջերմագին սիրով և օրհնություններով՝

Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ