Protestant.am-ի զրուցակիցն է աստվածաբանության դոկտոր Ժան Պոլ Լուֆուտան

333

Protestant.am-ը զրուցել է հետխորհրդային երկրներում գործող Միջազգային աստվածաբանական համալսարանի մասնաճյուղերի տնօրեն, աստվածաբանության դոկտոր Կուամբա Ժան Պոլ Լուֆուտայի հետ:

Կկիսվեք մեր ընթերցողների հետ, թե ինչպես եք հանդիպել Աստծուն և ինչպես եք որոշել Ձեր կյանքը նվիրել Տիրոջը:

Ես շատ երիտասարդ էի և քաղաքական շարժումներում խնդիրներ ունենալով ստիված էի հեռանալ երկրից, որպես փախստական մեկնեցի ԱՄՆ: Այնտեղ ունեի ընկերներ ու հարազատներ, ովքեր ինձ առաջարկեցին աշխատանք ֆինանսական բորսայում: Ես մեծ հիասթափություններ ունեի քաղաքական կյանքից և այն դատարկությունը, որ կար հոգումս, որոշեցի լցնել ֆինանսներով: Շուտով ես ստացա կլորիկ գումար և որոշեցի շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել: Մի օր Ավստրալիյով ճամփորդելիս՝ սկսեցի մտածել, թե կյանքի ինչ ուղու վրա եմ: Հասկացա, որ կյանքումս ոչ մի բան չունեմ, ես կորցրել եմ լավ հարաբերություններս իշխանության հետ, ընտանիքիս հետ, այն գումարն էլ, որ ունեմ շուտով կվերջանա, երբ հասնեմ Նյու Յորք: Հասկացա որ ես ինչ-որ ուրիշ բանի կարիք ունեմ: Երբ վերադարձա հոգեվիճակիս մասին կիսվեցի ընկերներիցս մեկի հետ, ով հավատացյալ էր, և նա ինձ տարավ եկեղեցի: Հիսուսին ճանաչելով՝ գտա փրկություն, հանգստություն և որոշեցի ամբողջ կյանքս նվիրել նրան:

Ինչպե՞ս սկսեցիք ծառայել Աստծուն:

Անմիջապես ապաշխարությանս հաջորդ օրը մոտեցա հովվին և հայտնեցի, որ ուզում եմ ինչ-որ բան անել եկեղեցու համար: Ինձ հարցրեցին, թե ինչ կցանկանայի անել, ես պատասխանեցի, որ ցանկացած գործ պատրաստ եմ անել, միայն թե Աստծո համար օգտակար դառնամ: Ծառայությունս սկսել եմ եկեղեցու դահլիճի մաքրությունից, դասավորում էի իրերը, կարգավորում նստարանները, սեղան գցում, մեքենաների ավտոկայանում աշխատանքներ, որից հետո սկսեցի ծառայել կարգ ու կանոնի մեջ:

Ինչպե՞ս սկսվեց Ձեր հովվական ծառայությունը:

Քոլեջներն արդեն գործում էին, մենք ճանապորհորդում էինք և ծառայում, մեր եկեղեցում ես երիտասարդական ծառայության հովիվն էի: Եկեղեցիներում ամեն ինչ շատ լավ էր, ճիշտ էր, սակայն, քանի որ ես ժամանակի հետ արդեն ինքնուրույն էի դարձել, հաճախ նկատում էի թերություններ եկեղեցու կարգ ու կանոնի մեջ, բայց և ինձ թույլ չէի տալիս արտահայտվել նրանց մասին: Քանի որ փոխել չէի կարող, սակայն այդ միջավայրում ծառայել էլ չէի կարող, հասկացա, որ բոլոր գայթակղություններից հեռու մնալու համար հարկավոր է ինքս հիմնեմ եկեղեցի:

Պատմեք խնդրում եմ, թե ում միջոցով և ինչպես ծնվեց Միջազգային աստվածաբանական համալսարանի ստեղծման գաղափարը:

Համալսարանը հիմնադրվել է 1992. թվականին՝ շնորհիվ դոկտոր Թոմ և Վերդա Թոմսոնների, ովքեր միսիոներներ են եղել և շրջագայել են քարոզելու Աստծո խոսքը: Զանազան եկեղեցիների այցերի ժամանակ նրանք նկատեցին, որ կան տարբեր ուսմունքներ, և մարդիկ նայում էին Հիսուսին՝ իրենց ուսմունքներին համապատասխան տեսանկյունից: Այդ պատճառով նրանք ցանկացան ստեղծել այնպիսի մի ուսմունք, որը կընդունեն բոլորը: Հենց նրանք էլ սկսեցի գրել ու մշակել ծրագիրը, սակայն մինչև հիմա էլ ծրագիրը թարմեցվում և նոր գրականությամբ ու նոր ուղղություններով: Աստվածաբանությունը փիլիսոփայության մի մաս է, և այդ մասով մենք ուսումնասիրում ենք իմաստություն, որը գալիս է Աստծուց: Աստծո խոսքը կենդանի է և պռակտիկ, որի միջոցով հնարավոր է ստանալ յուրաքանչյուր իրավիճակի համար լուծում կամ հարցի պատասսխան: 1993 թվականին Ուկրաինա եկան միսիոներներ ուսուցումներ անցկացնելու և և այնպես պատահեց, որ հյուրերից մեկը թարգմանչի կարիք ունեցավ ու ինձ վերցրեցին որպես թարգմանիչ, հետևաբար ես սկսեցի հաղորդակցվել նրանց հետ և ինձ մոտ ցանկություն առաջացավ ուսանելու աստվածաբանական քոլեջում, քանի որ Ուկրաինայում, որտեղ ես այդ ժամանակ ապրում էի չկային բարձրագույն ուսումնական հաստատություններ: 2001թ. Ես ավարտեցի կրթությունը Աստվածաբանական քոլեջում մեկնեցի ԱՄՆ դիպլոմի պաշտպանության նպատակով, որից հետո առաջին շրջանավարտների հետ միասին սկսեցինք մասնաճյուղեր բացել տարբեր եկեղեցիներում: Եվ այսօր Ուկրաինայի տարածքում գործում են շուրջ 80 մասնաճյուղեր, իսկ ամբողջ ԱՊՀ երկրների տարածքով շուրջ 100 մասնաճյուղեր, որոնցից մեկը Հայաստանում է և այս տարի արդեն իր առաջին շրջանավարտներին հանձնեց մագիստրոսի գիտական աստիճանի կոչման դիպլոմներ:

Երիտասարդ տարիքում դուք քաղաքական կյանք եք վարել Կոնգոյում մինչև ապաշխարությունը: Տիրոջը ճանաչելուց հետո երբևիցե բախվել եք դժվարությունների քաղաքական ոլորտում ունեցած խնդիրների պատճառով:

Երբ ճանաչեցի Հիսուս Քրիստոսին, ես փակեցի իմ նախորդ կյանքը: Եվ դրա մասին բացահայտորեն սկսեցի հիշել ու պատմել միայն մոտ քսան տարուց: Կարծես դա իմ կյանքը չէր, այլ մեկ ուրիշի: Ես չէի սիրում կյանքիս այդ շրջանը, չէի ցանկանում, որ այն կրկնվեր և փառք Տիրոջը, որ Նա տվեց ինձ այդպիսի հնարավորություն փակելու կյանքիս այդ Էջերը:

Պատկերացրեք կանգնած եք բեմահարթակին՝ մի մեծ խումբ հայ երիտասարդների առջև, հնարավորություն ունեք միայն մեկ րոպե տեղությամբ կոչ հղել նրանց: Ինչպիսի՞ն կլիներ Ձեր կոչը:

Ես նրանց կասեի, որպեսզի նրանք ավելի քիչ ժամանակ տրամադրեին սոցիալական կայքերին, և շատ ժամանակ՝ անմիջական շփմանը, սովորեն կենդանի ծանոթություն  և հաղորդակցություն ունենալ միմյանց հետ, և որ ժամանակը անցկացնեն  օգտակար գրքերի ընթերցանությամբ՝ Հայաստանի ապագան կառուցելու համար:

Հինգ օր լինելով Հայաստանում, ի՞նչը առավել գրավեց Ձեր ուշադրությունը և ի՞նչը դուր եկավ:

Հայաստանում շատ գեղեցիկ վայրեր տեսա, շատ բաներ կան, որ հավանեցի, բայց ինչը կցանկանամ առանձնացնել, այն է, թե մարդիկ ինչպես էին միմյանց վերաբերվում, հարաբերությունները նրանց միջև: Փողոցներում վեճեր չնկատեցի, մարդիկ շատ քաղաքակիրթ են և հարգալից միմյանց նկատմամբ: Ամո՛ւր պահեք դա, և թույլ չտաք, որ այն կորչի ձեզանից:

Զրուցեց Աննա Բարսեղյանը

Մեկնաբանություններ