Մամ ջան, հիշիր, երբ կզարթնես․ Բանաստեղծություն

557

Ահա և ես: Շա՞տ ուշացա,
9 ամսից տուն կմտնեմ,
Խոստանում եմ, երբ մեծացա,
Ձեր սրտում տեղ կգտնեմ:

Զուր եք վիճում նրա համար,
Որ տղա էիք սպասում,
Դեռ չգիտեք, թե ձեր համար,
Ես ինչեր եմ երազում:

Մամ ջան այնքան համեստ եմ ես,
Ծիծաղում եմ քեզ նման,
Համարձակ եմ պապայիս պես,
Ձեզ սիրում եմ անսահման:

Երբ մեծանամ, դպրոց գնամ
Գերազանց եմ ստանալու,
Տանը քեզ, ու պապային էլ
Համով սուրճ եմ եփելու:

Մամ ջան երբ դու գործի գնաս,
Իրերդ չեմ թափելու,
Հայրիկս թե հիվանդանա,
Ջերմությունն եմ չափելու:

Հարցեր ունեմ ես անհամար,
Պապայից ամաչում եմ,
Որ աղջիկ եմ դրա համար
Մի տխրիր աղաչում եմ:

Ներիր, դեռ չեմ կարող օգնել,
Արցունքներդ են վարարում,
Քնիր, գուցե շատ ես հոգնել,
«Տղա-աղջիկ» պայքարում:

Շատ հոգնեցի երազելուց,
Արդեն քունս է տանում,
Այսօր քնեմ, վաղը խոսենք,
Բայց սպասեք ի՞նչ եք անում:

Այս ի՞նչ զենք է, ի՞նչ եք անում,
Ցավացնում եք, մի կապեք,
Մայրիկ օգնիր, շատ եմ խնդրում,
Մի՞թե քեզ էլ են խաբել:

Հենց մեծանամ, ես քեզ կօգնեմ,
Դու ինձ շատ ես փայփայել,
Քնիր մամ ջան, շատ ես հոգնել,
Ես ինքս կպայքարեմ:

Մայր իմ, ների՛ր, քեզ թողեցի,
Մենակ այս չար աշխարհում,
Ձեռ ու ոտս մասնատեցին,
Չդիմացա պայքարում:

Մամ ջան, հիշի՛ր, երբ կզարթնես,
Գնալիս քեզ գրկեցի,
Թաթիկներս պոկել են տես,
Քեզ փարվելուց զրկեցին:

Իմ հուշերում քեզնից բացի
Էլ արև չի ճառագում,
Բայց ուրախ եմ, որ չես լացի,
Թեկուզ և ես երկնքում:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ