Մարդ-եղևնի․ Բանաստեղծություն

1599

Ձմեռը սպիտակ նստել է ծառի
Ճյուղերին՝ ինչպես ճերմակ աղավնին,
Ու ծառերի մեջ դաշտ ու անտառի
Միայն խոսում է կանաչ եղևնին.

-Դե, ասե՛ք՝ ո՞վ է զարդը անտառի,
Մինչ դուք մրսում եք, ու ճգնում ձյան տակ,
Ինձ են զարդարում մինչև նոր տարի,
Ճյուղերիս կախում խաղալիք, զանգակ:

Ձեզ` մրսածներիդ, ոչ ոք չի հիշում,
Զուր է ձեր վրա ամեն մի չոր ճյուղ,
Մինչդեռ առանց ինձ տոներ չեն նշում,
Լինի մեծ քաղաք, թե մի փոքր գյուղ:

Անտառ ու այգի լսում են, լսում,
Այս իքնահավան եղևնու ճառը,
Բայց լուռ ծառերը, գարնանն են սպասում,
Երբ կկանաչի դաշտ ու անտառը:

Տոնը սկսվեց, եկավ Նոր տարին,
Տոնածառն իրոք զարդ էր տակավին,
Բայց մի շաբաթից տոները անցան,
Եղևնուն մարդիկ իսկույն մոռացան:

Սահնակ, դահուկով խաղում են դրսում
Եղևնուց ոչ ոք էլ հարց չի տալիս,
Ծառերը շուտով գարնանն են սպասում,
Ու մինչև աշուն պտուղ են տալիս:

Մարդ-եղևնիներ շատ են անկասկած,
Որ տարին մեկ օր փայլում են տեսքով,
Բայց ամբողջ տարի անպտուղ նստած,
Դատում են մարդկանց իրենց սին խոսքով:

Թե պարծենկոտը տեսքով է սիրուն,
Գործը կտեսնես մինչև նոր գարուն,
Աշխատող ծառը կյանքում չի խոսի,
Իր քաղցր համը պտուղը կասի:

 

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ