Եկե՛ք սկսենք, ոչ թե ավարտենք

167

Այսօր ավարտվում է կանանց ու գեղեցկության տոնին նվիրված միամսյակը,

բայց մի առաջարկ ունեմ. եկե՛ք սկսենք այդ տոնը, ոչ թե ավարտենք: Եկեք սկսենք սիրել ու պատվել մեր կողքին բնակվող այն նուրբ էակներին, որոնց Աստված ուղղակի նվիրեց մեզ: Նրանք ոչ թե մեր կյանքի բացը լրացնողներ են, այլ պարգև են երկնքից, որոնց կյանքը ուրախությամբ լցնելը մեզ համար հաճույք պիտի լինի:

Երբեք չեմ մոռանում մորս դեմքի արտահայտությունը, երբ իրեն ծաղիկ եմ նվիրում: Դա մեկ այլ տեղում, մեկ այլ գործով չես կարող լրացնել: Երբեք չեմ մոռանում քույրերիս ժպիտը, երբ ուրախացնում եմ իրենց: Ես իմ կյանքում ունեմ մի սկզբունք, որ անելու եմ ամեն բան, որ այդ ժպիտն ու ուրախությունը միշտ տեսնեմ կնոջս աչքերում:

Սիրելի՛ տղամարդիկ, եկեք սկսե՛նք, ոչ թե ավարտենք այն տոնը, որով ուրախացնում ենք մեր կյանքը ուրախացնողներինԹող որ Մարտի 8-ից Ապրիլի 7-ը համարվի կանանց տոնի միամսյակ, բայց եկեք Ապրիլի 7-ից սկսենք մի մեծ տոն մեր սիրելի կանանց համար, և այն թող կոչվի կյանք, ապրելաձև: Թող սա դառնա սովորույթ, որ մեր սերունդներն էլ այս կնամեծար վարմունքը դարձնեն ավանդույթ:

Երեխայի համար չկա ավելի թանկ բան, քան մոր ձեռքերը… Քույր հասկացողությունը աննման մի բան է ցանկացած տղայի համարԻսկ կի՞նը, որի ժպիտն ի զորու է ուժ տալ ամուսնուն թուլացած ժամանակ… Սիրելի՛ տղամարդիկ, էլ ի՞նչ պատճառ ենք ուզում համոզվելու համար, որ նրանց պետք է սիրել, սիրել, սիրել

Եթե դու քեզ համարում ես տղամարդ, և հիմա կողքիդ ունես իմ նշած երեք պարգևներից որևէ մեկին, ապա հենց հիմա` այս տողերը կարդալուն պես շրջվի՛ր, գրկի՛ր նրան, ու ասա սիրո, քնքշանքի այնպիսի խոսքեր, մինչև իր աչքերում չհայտնվեն երջանկության արցունքներ… Շտապեմ ավարտել մտքերս, որ վայրկյան առաջ փարվեք ձեր հրաշքներին:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ