Մայր. Բանաստեղծություն

6527

«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր,
Երկի՞ր, տիեզե՞րք, ամենն ուզեցի՞ր,
Ի՞նչ էիր կարծում, ո՞վ կմոտենար,
Երբ օրորոցում «մամա» կանչեցիր։

Մանուկը մոր մեջ Աստծուն է տեսնում,
Մայրական սերն է Աստծուն հիշեցնում,
Թույլ ցավից անգամ երեխան լացի,
Կյանք չի տա ոչ մեկ իր մորից բացի։

Մեր Աստված Սեր է, վստահ եմ ասում,
Այդ սերն էլ Աստվա՛ծ դրեց մոր ներսում,
Միակ պաշտպանը թույլ մանկան համար,
Այդ ամենազորը` կոչվում է նա «ՄԱՅՐ»։

Անցնում են օրեր, տարիներ բազում,
Սկսում ես խոսել, քայլում ես, վազում,
Ինչքան մեծանաս, բայց մեկ է էլի
Աշխարհը քոնն է, երբ մայր ես ասում։

Մեր կյանքում հաճախ նեղում ենք նրան,
Շատերին գիտեմ` գոռում են վրան,
Փակում են մորը մենակ սենյակում,
Ինչպես կորած գիրք մի հին դարակում։

Գիրք է մոր սիրտը ուրախ ու տխուր,
Ձեռագիր գրված աղոթքներ են լուռ,
Գովեստի խոսքեր սպասումով լեցուն…
Գիրք չէ հասարակ, այլ մի պատմություն։

Կկարդաս, երբ որ մորդ կարոտես,
Պատմությունն այնտեղ ծանոթ քեզ թվա՞ց,
Արցունքդ զսպիր երբ կնկատես
Գրքի էջերում անունդ է գրված։

Թե մեկ էլ կարծես մեծ ես այս կյանքում,
Անգամ եթե քեզ կանչում են «հայրիկ»,
Հիշիր այն գիրքը սրտի դարակում,
Հեղինակն էլ «քեզ շատ սիրող մայրիկ»։

Աստված արարեց աշխարհը խոսքով,
Երկիրն իր չափով մեծ է, խոսք չունեմ,
Բայց երբ մի վայրկյան նստեմ մորս քով,
Աշխարհն ինչի՞ս է։ Տիեզերքն ունեմ։

 

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ