Մենք տարբեր ենք, և դա հրաշալի է

1562

«Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի, բայց ամեն մարդ իր հատուկ շնորհքն ունի Աստծուց՝ մեկն այսպես, իսկ մյուսն՝ այնպես»: — Ա Կորնթացիս 7:7

Ճի՛շտ է, այս խոսքերը առաքյալը ասում է ամուսնական հարցերի վերաբերյալ, սակայն դրանք ճշմարիտ են բոլոր առումներով: Մենք պետք է գիտակցենք և խորը կերպով հասկանանք, որ մարկանց իրարից այդքան տարբեր լինելը՝ Աստված է թույլ տվել: Նա նույնիսկ Իր շնորհքը ամենատարբեր կերպերով ու չափերով է բաշխել մարդկությանը:

Մենք շատ ենք ուրախանում, երբ ամեն առավոտ արթնանալիս նայում ենք կապույտ երկնքի անսահման ափերին և հրաշեկ արևը իր ոսկեզօծ ձեռքով մեղմ շոյում է մեզ շրջապատող ծառերի կանաչ վարսերը:

Այս տեսարանի գեղեցկության և հատկապես գունեղության համար մենք պարտական ենք այդ ամենը արարող Աստծուն: Ինչքան միապաղաղ ու տգեղ կլիներ, երբ այս ամենը մեր աչքերին միայն սև ու սպիտակ երևար: Եկեք խոստովանենք, որ նույնքան տհաճ է, երբ մարդկանց փորձում են միատեսակ դարձնել:

Մեր հայացքների, մտածելակերպի տարբեր լինելը Աստծո հրաշք է: Այդ գունեղությունը նկատվում էր նույնիսկ Հիսուսի աշակերտների մեջ: Տաքարյուն՝ Պետրոս և մեղմ՝ գլուխը Հիսուսի կրծքին դնող Հովհաննես, որը որպես բնավորության գիծ մենք տեսնում ենք նրանց հետագա ծառայությունների մեջ: Մենք գեղեցիկ ենք այնպես ինչպես, որ կանք, ինչպես Աստված է մեզ ստեղծել, պարզ ու բնական:

Կարիք չկա խոսելիս ինչ-որ մեկի ձայնն ընդունել, կամ էլ ձեռքերը թափահարել այնպես, որպեսզի նման լինել մեկ ուրիշին: Այս անելով՝ մենք ամեն ինչ վերածում ենք սև ու սպիտակի և սկսում ենք ապրել նախկին՝ Խորհրդային միության գաղափարախոսությունով, ոտեղ մարդիկ հագնվում ու սնվում էին միատեսակ, և արդյունքում նույն կերպ էլ մտածում՝ «Մու՜րճ, մանգա՜ղ, Լենի՜ն…»: Աստված ամեն մեկիս վրա առանձնահատուկ աշխատանք է կատարել և ստեղծել է այնպես, որ նույնիսկ դիմագծերով ենք իրարից տարբերվում:

Եկե՛ք պաշտպանենք մեր իսկական դեմքը՝ Քրիստոսով և Քրիստոսի մեջ, փորձենք հասկանալ ու գտնել, պինդ բռնել այն յուրահատուկ շնորհքը, որը Տերը շնորհել է մեզ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ