Մխիթարության ճիչը

216

Եվ Ադամը գիտեցավ իր կնոջը՝ Եվային, և նա հղիացավ և ծնեց Կայենին. և ասաց. «Մարդ ստացա Տիրոջից»: Ծննդ. 4:1

Եվայի այս կարճ արտահայտության մեջ երևում է չափազանց ուրախություն: Ապրելով Եդեմի պարտեզից՝ Աստծու ներկայությունից դուրս, նա Կայենին ընդունում է որպես պարգև, մխիթարություն Տիրոջից, առանց կասկածելու, թե ինչքան ցավ կարող է նա պատճառել իր հոգուն:

Ուշադրություն դարձրեք, որ նրանց որդիները ծվում են Եդեմական պարտեզից դուրս, այն պարտեզից՝ որտեղ գտնվում էր Կենաց ծառը և որտեղից նրանց Աստված դուրս էր վռնդել: Հնարավոր է, որ Ադամը այդ ժամանակ ոչ մի տեսանելի մեղք չէր գործել, սակայն նրա մեղավոր բնությունը փոխանցվել էր իր զավակներին: Առաքյալը հաստատում է այս միտքը ասելով. «Մեկ մարդու անհնազանդությունով շատերը մեղավոր եղան…»: Հռ.5:19 Հիսուսն ասաց. «Մարմնիցը ծնվածը մարմին է»: Հովհ. 3:6 Ընկած, մարմնավոր Ադամից՝ ծնվեցին նույն բնությունն ունեցող որդիներ: Նրանք պետք է ձգտեին վերադառնալ պարտեզ, որտեղ Կենաց ծառն էր և Տիրոջ ներկայությունը: Մարդ արարածի իսկական մխիթարությունը իրեն ստեղծող Աստծու ներկայության մեջ է:

Մենք էլ ենք շատ դժվարություններ, անհաջողություններ ունենում կյանքում և որպես կանոն նման վիճակում հոգևոր վակում է առաջանում: Սովորաբար փորձում ենք ինչ-որ բանով լցնել այդ դատարկությունը, բայց արդյունքում այն ավելի է ընդարձակվում և մենք մեզ մենակ ու լքված ենք զգում: Հետագայում Հակոբի կյանքը ուսումնասիրելիս կտեսնենք, որ նրա կինը՝ Լիան, ամուսնուց արհամարված լինելով ընկղմվել էր հուսահատության ճահիճը: Ամեն անգամ որդի ծնելիս նրան թվում էր, որ արդեն կսկսի վայելել ամուսնու սերը, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ: Ծննդ 29:31-35 Եվայի ու Լիայի նման մենք էլ ենք սկսում այս, կամ այն բանով մեզ հուսադրել, մեր հաջողությունը կապել մարդկանց հետ, բայց արդյունքում ճիշտ հակառակն է ստացվում և հուսախաբությու՜ն ու հուսախաբությու՜ն: Պետք է վերադառնալ պարտեզ, որտեղ Կենաց ծառն է գտնվում և մեր հավիտենական Հոր ներկայությունը: Նրա ներկայության մեջ լուծվում են բոլոր հարցերը, լցվում դատարկությունները, ցածրանում լեռները և ամեն բան հարթ ու շիտակ է դառնում: Եկե՛ք վերադառնանք ու նետվենք Նրա գիրկը, սպասող Հոր գիրկը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ