Չորեքշաբթի, Նոյեմբերի 13, 2019
Մոլորված իմաստունները (առակ)

Մոլորված իմաստունները (առակ)

640

Հինգ իմաստուններ մոլորվեցին անտառում:

Առաջինն ասաց. «Ես պիտի գնամ ձախ՝ այսպես է ասում իմ ներքին զգացողությունը»:

Երկրորդը ասաց. «Ես պիտի գնամ աջ, քանի որ իզուր չեն կարծում, որ «հաջողել» բառը ծագում է «աջ» բառից»:

Երրորդն ասաց. «Ես կգնամ հետ՝ մենք այնտեղից եկանք, այնպես որ ես հետ գնալով անպայման դուրս կգամ անտառից»:

Իսկ չորրորդն ասաց. «Ես պետք է առաջ գնամ, մենք պետք է առաջ շարժվենք և անտառն անպայման կվերջանա ու կբացվի մի նոր բան»:

Հինգերորդն ասաց. «Դուք բոլորդ սխալ եք: Ավելի լավ միջոց կա: Սպասե՛ք ինձ»:

Նա գտավ ամենաբարձր ծառը և բարձրացավ դրա վրա: Քանի դեռ նա բարձրանում էր մնացածները ցրվեցին իրենց նշած ուղղություններով: Վերևից նա տեսավ՝ ուր պետք է գնալ, որպեսզի արագ դուրս գան անտառից: Այժմ նա կարող է նույնիսկ ասել, թե ինչ հերթականությամբ մյուս իմաստունները կհասնեն անտառի եզրին: Նա բարձրացավ վերև և կարողացավ տեսնել ամենակարճ ուղին: Նա տեսավ խնդիրը և լուծեց այն բոլորից ավելի լավ: Գիտեր, որ ինքը ճիշտ արեց, իսկ մյուսները` ոչ: Բայց նրանք համառ էին և նրան չլսեցին: Նա իսկապես իմաստուն մարդ էր:

Բայց սա դեռ ամենը չէ, քանի որ նա սխալ էր: Բոլորը ճիշտ էին: Նա, ով գնացել էր ձախ՝ մտավ թավուտ: Նա ստիպված էր քաղցել և պայքարել վայրի գազանների հետ: Բայց նա սովորեց գոյատևել անտառում, դարձավ անտառի մի մասնիկը և կարող էր սովորեցնել այն ուրիշներին:

Նա, ով գնաց աջ, հանդիպեց ավազակների: Նրանք վերցրին այն ամենը ինչ նա ուներ և ստիպեցին իրենց հետ թալանել ուրիշներին: Բայց որոշ ժամանակ անց նա աստիճանաբար հիշեցրել է ավազակներին, այն ինչ նրանք մոռացել էին՝ մարդկության և կարեկցանքի մասին:

Նրանցից ոմանց մոտ ապաշխարությունը այնքան ուժեղ էր, որ իր մահից հետո նրանք դարձան իմաստուններ: Նա, ով հետ գնաց, իրենց եկած ծառուղին հարթեց և ճանապարհ բացեց դեպի անտառ, որը շուտով հնարավորություն տվեց բոլորին վայելել անտառը, առանց մոլորվելու վտանգին ենթարկվելու:

Նա, ով գնաց առջևից, դարձավ բացահայտող: Նա եղավ այն վայրերում, որտեղ ոչ ոք ոտք չեր դրել և մարդկանց նա բացեց հրաշալի հնարավորություններ, բացահայտեց զարմանալի դեղաբույսեր և հիասքանչ կենդանիներ:

Նա, ով բարձրացել էր ծառը, դարձավ կարճ ուղիներ գտնելու մասնագետ: Նրա մոտ էին գալիս բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին արագ լուծել իրենց խնդիրները, նույնիսկ, եթե դա չէր տանի զարգացման: Այնպես որ, բոլոր հինգ իմաստունները կատարեցին իրենց առաքելությունը:

Կարողացե՛ք բարձրանալ վերև և տեսնել ամենակարճ ճանապարհը: Կարողացե՛ք թույլ տալ ուրիշներին գնալ իրենց սեփական ճանապարհով. Կարողացե՛ք ճանաչել բոլորին խելացի. ցանկացած ուղի կարևոր է և արժանի է հարգանքի: Ու նաև կարողացե՛ք տեսնել եզրագծից այն կողմ՝ այնտեղ միշտ շարունակություն կա:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

 

Մեկնաբանություններ