Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի այցը Արցախի Հանրապետություն

225

Արցախյան այցի շրջանակում պրն Զավեն Խանջյանը ծանոթացել է Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերի ընթացքին, հանդիպել Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի, ինչպես նաև Նախագահ Բակո Սահակյանի հետ։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պրն Զավեն Խանջյանը մայիսի 22-23-ը գտնվում էր Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունում։

Առաջին օրը՝ մայիսի 22-ին պրն Խանջյանը եղավ Շուշիի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող «Պետրոսյան» ամառային հանգստի ճամբարում: Այս օրերին ճամբարում և տարածքում կատարվում են բարեկարգման և շինվերանորոգման աշխատանքներ. ավելացվում են կանաչ տարածքներ, բացվում են նոր ծառուղիներ, բարեկարգվում է ճամբարի բակը, շենքերի ներսում կատարվում են հարդարման աշխատանքներ:
Այս ամենին ծանոթանալուց հետո Զավեն Խանջյանը ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի և Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանի հետ քննարկեց հետագայում ճամբարի հարմարավետության պայմանների զարգացման հարցեր:

* * *

Նույն օրը Զավեն Խանջյանը եղավ Հայ Ավետարանչական ընկերակցության Շուշիի «Բիլեզիկյան» մանկապարտեզում, ծանոթացավ մանկապարտեզի աշխատանքներին՝ դաստիարակության և ուսման ընթացքին:
Պրն Զ. Խանջյանը հանդիպեց տնօրեն Դիանա Դանիելյանի հետ, որը նաև նույն շենքում տեղավորված ՇՈՂ ցերեկային կենտրոնի տնօրենն է և ավագ սոց. աշխատող Գայանե Եղիազարյանի հետ: Պրն Խանջյանը բարձր գնահատեց երեխաների շրջանում նրանց կողմից տարվող աշխատանքը և խոստացավ ԱՀԱԸ կողմից ամեն բան անելու էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու մանկապարտեզի և ցերեկային կենտրոնի աշխատանքները:

* * * 

Ստեփանակերտում Զավեն Խանջյանը եղավ Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակում, հետաքրքրվեց գրասենյակի կողմից տարվող ծրագրերի ընթացքից և եղավ Ստեփանակերտի Հայ Ավետարանչական ընկերակցության «Բաղդիկյան» մանկապարտեզում: Պետք է նշենք, որ ի շնորհիվ Հայ Ավետարանչական ընկերակցության բավականին հագեցած է կազմակերպվում երեխաների առօրյան: Այստեղ նրանք սնվում են, քնում հարմարավետ մահճակալներին, խաղում խաղահրապարակներում:
Պրն Զ. Խանջյանը շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի անձնակազմին լավ աշխատանքի համար:

* * *

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին:
Ազգային ժողովի ղեկավարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել Արցախում՝ ԱՀԱԸ կողմից կատարվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում պրն Զավեն Խանջյանը Աշոտ Ղուլյանին իր հիացմունքը հայտնեց և ասաց, որ ամեն անգամ Արցախ այցելելով տեսնում է, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը՝ թե տնտեսական և թե քաղաքական ոլորտներում: Նա հավաստիացրել է, որ ԱՀԱԸ ինչպես նախկինում, այսուհետ ևս կշարունակի իր ծառայությունները Արցախում ներառելով մարդասիրական նոր ծրագրեր:
Կողմերը խոսել են Արցախի ներկա վիճակի, Սփյուռքի՝ Արցախին օգտակար լինելու հեռանկարների մասին:

* * *

Պրն Զավեն Խանջյանը նույն օրը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի հետ:
Նրանք խոսել են երկու՝ Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցիների հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների մասին:

* * *

Մայիսի 23-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին, կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին և Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանին:

Աղբյուրը՝ amaa.am

Մեկնաբանություններ