Հեթանոսության ջատագովներին՝ քրիստոնեության մասին

933

Հեթանոսության ջատագովների և քրիստոնեության հակառակորդների փաստարկները հիմնականում սրանք են.

1․ «Հեթանոսությունը մերն է, քրիստոնեությունը՝ օտար»:

2․ «Տրդատը քրիստոնեությունը Հայաստանում հաստատեց հրի ու սրի միջոցով»:

3․ «Հրեական մութ ուժերը ստեղծեցին քրիստոնեությունը աշխարհը տիրելու նպատակով»:

4․ «Հեթանոսությունը անչափ գեղեցիկ լեգենդներ ու առասպելներ ունի»:

5․ «Քրիստոնեությունը մարդուն հնազանդեցնում է, հեթանոսությունը բարձրացնում է մարդու ոգին»:

6․ «Եկեղեցականները հաճախ պղծություններ են գործում»:

Այս փաստարկներով հեթանոսները փորձում են «ապացուցել», որ քրիստոնեությունը «սխալ» կրոն է, ընդունելի չէ: Ա՛յ, եթե ազգովի հեթանոս լինեինք, մեր կյանքը բոլորովին այլ ընթացք կունենար:

Մեկ առ մեկ անդրադառնա՛նք այս փաստարկներից յուրաքանչյուրին:

Մերի և օտարի մասին

1․ Մի՞թե որևէ ուսմունքի, վարդապետության, տեսության, գիտության, առավել ևս՝ հավատի ճիշտն ու սխալը, լավն ու վատը որոշելու համար որպես չափանիշ կարող է ծառայել այն փաստը, թե արդյոք այն մերն է, թե՝ օտար: Այսպիսի մտածելակերպի տրամաբանական ավարտը կլինի մերժել Նյուտոնին ու Հյուգոյին, Ռեմբրանդտին ու Արիստոտելին, քանի որ նրանք մերը չեն, հայ չեն: Բայց չէ՞ որ գոյություն ունեն ավելի հիմնավոր, ճշմարտացիությունը հաստատող չափանիշներ, քան «մերն ու օտարը»:

Տրդատ Արքայի գործելաոճի մասին

2․ Տրդատի գործողությունների պատճառով արժեզրկվո՞ւմ է քրիստոնեությունը: Քրիստոսը չի սովորեցրել, որ ուժի միջոցով մարդկանց դեպի Իրեն բերեն: Եթե Տրդատը բռնություններ գործեց, դրանից տուժում է միայն ու միայն Տրդատի հեղինակությունը, բայց ոչ երբեք՝ քրիստոնեության վեհությունը:

«Մութ ուժերի» մասին

3․ Բոլորը խոսում են հրեական «մութ ուժերի» մասին, բոլորը բոլորին սարսափեցնում են այդ ուժերով: Բոլորը ամեն բան գիտեն այդ «գաղտնի ուժերի» մասին (եթե գաղտնի են, որտեղի՞ց գիտեն):Այո՛, եղել են ժամանակներ, և այդ ժամանակները որոշ տեղերում ձգվում են առ այսօր, երբ կղերականները ժողովուրդներին պահել են հնազանդության, գրեթե ստրկության մեջ: Բայց կղերականները, ոչ թե «հրեական մութ ուժերը»: Ընդ որում, կղերականները դա կարողացել են անել ժողովրդից քրիստոնեության իրական էությունը թաքցնելու միջոցով: Երբ բողոքականությունը վերջ դրեց Աստծո Խոսքը լայն զանգվածներից թաքցնելու նենգ քաղաքականությանը, դրանով ավարտվեց նաև կղերականների իշխանությունը: Իսկ այն դեպքերում, երբ ժողովուրդն ինքն է հրաժարվում ճանաչել Աստծո Խոսքը, կղերականները պետությունների հետ համատեղ դեռ շարունակում են բռի մեջ պահել այդպիսի ժողովուրդներին:
Իզուր չի ասված․ «Եվ Ճշմարտությունը կճանաչեք և ճշմարտությունը ազատ կանի ձեզ» (Հովհ. 8․32):

Գեղեցիկ լեգենդների ու առասպելների մասին

4․ Թումանյանն ու Անդերսենն էլ գեղեցիկ հեքիաթներ ունեն, «Հազար ու մի գիշեր» ժողովածուում էլ գեղեցիկ պատմություններ կան: Սակայն կարևորը ճշմարտացիությունն է: Ամենագեղեցիկը ճշմարտությունն է:

Հնազանդության և ոգու վերելքի մասին

5․ Այո՛, քրիստոնեությունը մարդուն հնազանդեցնում է: Այն սովորեցնում է հնազանդ լինել Աստծուն, ոչ թե մարդկանց, ենթարկվել աստվածային օրենքներին, ճանաչել Աստծո կամքը և ձգտել կատարել այն: Իսկ երբ կարողանում ես ճանաչել Աստծո կամքը, դա տալիս է և համարձակություն, և արդարատենչություն, և մեղքի դեմ պայքարելու վճռականություն:
Հաճախ հակաքրիստոնյաները իրենց այս պնդումը հիմնավորելու համար մեջբերում են Աստվածաշնչի հետևյալ միտքը՝ «Թող ամեն մարդ բարձր իշխանություններին հնազանդ լինի: Որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի» (Հռոմ. 13․1): Բայց այս միտքը կտրում են ենթատեքստից, մոռանում են մեջբերել դրա շարունակությունը, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի այն իշխանությունը, որն Աստծուց է. «Որովհետև իշխանավորները ոչ թե բարի գործերի համար են ահաբեկում, այլ չար գործերի… Նա Աստծո պաշտոնյա է քեզ համար՝ ի բարություն քո: Զուր չէ, որ նա սուր է կրում, նա բարկությամբ վրեժխնդիր է լինում չարագործից» (Հռոմ.13․3-4): Իսկ եթե իշխանավորն այսպիսին չէ՞: Նույնիսկ կաթողիկե եկեղեցու հոգևոր հայրերից Թովմա Աքվինացին ասել է. «Որքանով իշխանավորի արարքները շեղվում են Աստծո կամքից, այդքանով հպատակները իրավունք ունեն հակառակվելու դրանց»:
Միտքը ենթատեքստից կտրելը դեմագոգիա է: Կուզե՞ք միտքը ենթատեքստից կտրելով ապացուցեմ, որ Լենինը հավատացյալ էր, որ Նժդեհը դեմ էր ազգային պետականությանը, որ հրեաները հակասեմիտ են, որ հայերն էլ առաջացել են ադրբեջանցիներից: Ծիծաղելի կլինի, չէ՞:

Եկեղեցականների վարքի մասին

6․ Եկեղեցականների վարքը, ինչպես և Տրդատի վարքը, եկեղեցականների և Տրդատի խնդիրն է: Նրանց վարքը քննելու համար հարկավոր է նախ համոզվել՝ այդ վարքը համապատասխանո՞ւմ է քրիստոնեությանը, թե՞ ոչ: Անզեն աչքով անգամ կարելի է տեսնել, որ չի համապատասխանում: Ուրեմն ինչո՞ւ մարդկանց վարքը վերագրենք քրիստոնեությանը:

Ինչպես և գիտության բնագավառում, որևէ ուսմունքի, տեսության, վարդապետության ճշմարտացիությունը կարելի է ստուգել փորձով: Ավելի ճիշտ՝ կիրառությամբ և արդյունքներով: Քրիստոնեության շնորհիվ հազարավոր ու բյուրավոր մարդիկ ազատվել են թմրամոլությունից ու հարբեցողությունից, խաղամոլությունից ու անառակությունից, անհամար ընտանիքներ են վերամիավորվել, անհամար որբեր են խուսափել կորստյան մատնվելուց, անհամար մարդիկ հրաժարվել են ինքնասպանության մտքից, վերականգնվել  են կոտրված սրտեր, բժշկվել են անբուժելի հիվանդներ….

Հեթանոսության սիրելի՛ ջատագովներ, կարո՞ղ եք ասել, թե թվարկածս հրաշքներից քանի՞սն են կատարվել հեթանոսության շնորհիվ:

Իսկ կարո՞ղ եք թվարկել հեթանոսական պետություններ, որ ծաղկում են, աշխարհին տվել են գիտություն, արվեստ, կրթություն, առաջընթաց: Ներկայումս հեթանոսություն դավանող իմ իմացած պետություններից, թերևս միայն Ճապոնիան է, որ հասել է զարգացածության բարձր մակարդակի: Մյուսները խարխափում են խավարում: Իսկ շա՜տ վաղ անցյալում Հունաստանն էր և իր մշակութային ժառանգորդ Հռոմը: Եվ վերջ:

Եվ եկե՛ք հիշենք՝ հավատը կուսակցություն չէ, որ ընտրենք ըստ նպատակահարմարության, ըստ ազգայինին համապատասխանության, ըստ մեր գաղափարների հետ ներդաշնակ լինելուն:

Հավատը սրտի գործառույթ է: Հավատի ճանապարհը անցնում է սրտով դեպի գիտակցություն: Դուք ուզում եք գնալ հակառակ ուղղությամբ՝ գիտակցությունից դեպի սիրտ: Դժվար կլինի…

Աշոտ Հովսեփյան

Դուք դատապարտում եք անմեղ մարդկանցս ազնիվ անունը, որը դժվար չէ լեզվին, կոպիտ չէ ականջին, չարագույժ չէ մարդուն, թշնամական չէ հայրենիքին, բայց բարեհունչ է և հաճելի՝ իր նշանակությամբ: Իսկ անունն, անշուշտ, չպետք է պատժվի ո՛չ սրով, ո՛չ խաչով, ո՛չ գազաններով:

Տերտուղիանոս (մոտ 160-240 թթ.) – նշանավոր աստվածաբան,
շուրջ 40 երկի հեղինակ, «Հեթանոսներին» աշխատությունից

Մեկնաբանություններ