Ինչպե՞ս սովորել կյանքում կիրառելի հմտություններ և ձևավորել առողջ մտածելակերպ՝ օգտակարը հաճելիի հետ համատեղելով։
Այս բանաձեւը բացահայտելու շուրջ է մեր զրույցը #playtime երիտասարդական նախագծի համահեղինակ Գոռ Հովհաննիսյանի հետ։
«Ամիսներ առաջ ընկերներով քննարկում էինք, թե այսօր երիտասարդների ինչ հետաքրքիր ժամանցային նախագծեր կան: Ցավոք նախ դրանք քիչ էին, և երկրորդ հերթին միատիպ, պասիվ, առանց որևէ գաղափար կրելու: Քանի որ քննարկում, խոսում կամ մատնացույց անում են շատերը, մենք որոշեցինք չդառնալ հերթականը, այլ տեսնելով խնդիրը` առաջարկել և իրականացնել լուծում:
Բազմաթիվ խնդիրներից մենք առանձնացրել էինք 3-ը` ստեղծել մտածելակերպ, որի հիմքում կլինի ոչ նյութական արժեք, առաջարկել այլընտրանք եղածի նկատմամբ, լինել հասանելի և մատչելի:
Արդյունքում ստեղծվեց #PlayTime Indoor Games նախաձեռնությունը, որն առաջարկում է սենյակային խաղեր, որոնց 80%-ի պատրաստման համար օգտագործվում են անպետք, գործածությունից դուրս եկած իրեր:
Սա մեր կարևոր ձեռքբերումն էր, քանի որ բավարարում էր մեր առջև դրված առաջին խնդրին. այն է` ստեղծել մտածելակերպ, արժեք. ցանկացած հին, անպետք բան ստեղծարար մոտեցման արդյունքում կարող է նոր կյանք ստանալ` նոր կոչումով:
Սա կարևոր արժեք է մեզ համար, քանի որ այսօր շատ մարդիկ իրենց «ժամկետն անց» են համարում, կամ անպիտան. մենք իրերի օրինակով ցանկանում ենք ցույց տալ, որ իրենց կյանքում պակասում է նոր, վերափոխված աշխարհայացքը, իսկ վերջինս որոշում է մեր կյանքը:
Հաջորդ խնդիրը տարածված “մաֆիաների” և վիրտուալ խաղերի նկատմամբ այլընտրանք առաջարկելն էր, քանի որ վերջիններս իրենց բնույթի այլ խաղերի հետ միապաղաղ և պասիվ մթնոլորտ են ստեղծել երիտասարդների շրջանում: Մեր կողմից առաջարկվող խաղերը պահանջում են չափավոր ակտիվություն` մտածելու և գործելու ներդաշնակ համակցում:
Եվ ի վերջո մենք մտածում և ընտրում ենք այնպիսի պարագաներով խաղեր, որ մատչելի և հասանելի է ցանկացած երիտասարդի համար` անկախ սոցիալական և ֆիզիկական վիճակից:
Մենք կազմակերպում ենք խաղեր մասնավոր ընկերական հանդիպումների ժամանակ` ծնունդ, հավաքույթ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների համար, ովքեր ընդմիջումների ժամանակ, կամ վերապատրաստումների ընթացքում ցանկանում են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատունակությունը` հանգիստը, թիմային աշխատանքը և մոտիվացիան մեկտեղելով:
Այժմ մենք կազմակերպում ենք առաջնություն 7 հոգանոց խմբերի միջև, որը հրաշալի առիթ է տարբեր նախասիրություններով երիտասարդներին շփվել միմյանց հետ` զարգացնելով արժեքավոր կապեր և օգտակար կապեր:
Այս ամենաակտիվ երիտասարդական #playtime նախաձեռնությանը մասնակցելու համար ուղղակի անհրաժեշտ է կազմել 7 հոգանոց խումբ, և մասնակցության հայտ ներկայացնել այս հղումով` goo.gl/forms/WPCQrHmW86oxGqc32, կամ զանգահարել 055 51 44 54 հեռախոսահամարին:
Միասին դո՛ւրս գանք վիրտուալից և դառնա՛նք իրական»: