Փրկեք ձեր հարաբերությունները 1 վայրկյանում

304

Մեզանից գրեթե բոլորը երազում են հետ բերել իրենց կյանքից մի հատված և մի փոքր ուղղում կատարել:

Հաճախ հանդիպել եմ մարդկանց, ովքեր երազում են իրենց անցյալից ուղղել գեթ մի բառ: Այո, այո, ընդամենը մի բառ: 

Կհարցնես. Այդ ո՞ր բառն է, որի համար կարելի է ափսոսալ կյանքում:

Դա այն բառն է, որով երբեմն վիրավորել, կամ խոցել ենք մեկին, ինչը անվերադարձ բաժանել է մեզ իրարից:

Մարդուն վիրավորելը հաճախ լինում է մեկ բառով:
Իհարկե երբեմն դեպքերի թերի զարգացման ընթացքում մարդիկ աստիճանաբար են նեղանում իրարից, բայց մեծամասամբ մենք ինքներս ենք նեղացնում մարդկանց մեր մի խոսքի, մի չստացված կատակի կամ հայացքի պատճառով:

Հաճախ մեր ընկերներին, ընտանիքի անդամներին, ընկերուհուն, անծանոթին հասարակական վայրում կամ գուցե խանութի վաճառողին հենց մի բառով էլ նեղացնում կամ տրտմեցնում ենք: Ընդամենը մի բառ, որ ասել ես հեգնանքով, ծաղրանքով կամ բարկության պահին:

Իսկ երբևէ հաշվե՞լ ես, թե քանի միլիվայրկյանում է հնչում այդ մի բառը:

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլիներ, եթե այդ ամբողջ թեկուզ թեժացած զրույցի ժամանակ, չհնչեր այն չարաբաստիկ բառը, որով վիրավորեցիր դիմացինին:

Պատասխանը պարզ է.
Վեճը կհիշվեր որպես վեճ, բայց չէր լինի վիրավորանք միմյանց միջև:

Իսկ եթե չկա վիրավորանք, ուրեմն հաջորդ անգամ ձեր հանդիպումներից գոնե 2-րդ, կամ 3-րդի ժամանակ կբարևեք իրար:

Մի քիչ տրտմած, բայց կբարևեք անշուշտ, քանի որ ձեր մեջ վիրավորանք չի եղել, այլ թեթևակի վեճ:

Եթե այսպես շարունակենք, ապա դուք ձեր հաջորդ 2-3 հանդիպումներից մեկում բարևից հետո կհարցնեք միմյանց որպիսությունն ու այս տեմպով հաջորդ հանդիպումներին կշարունակեք շփումը:
Հետո, մի օր էլ գուցե կատակով հիշեք ձեր երբեմնի վեճի մասին:

Այս ամենը նրա համար, որ դուք այն թեժ զրույցի ժամանակ չասացիք դիմացինին խոցող այն մի բառը:

Մարտում քո վնասի չափը ճշտելու համար, նախ պետք է ճանաչես թշնամուդ:
Վիրավորանքն էլ թշնամանք սերմանող վիրուս է, որով ինքներս ենք վարակում դիմացինին մեր դեմ:

Համաձայն եմ, որ վեճի ժամանակ մեզ մոտ հավասարակշռությունը պահելն այնքան էլ հեշտ գործ չէ, բայց ոչ անհնար:
Առաջարկում եմ մեր մտքի պահուստում պահենք հավասարակշռման գոնե մի վայրկյան, որպես պահուստային փամփուշտ «վիրավորանք» կոչվող վիրուսի դեմ, և այդ զգուշության մի վայրկյանն օգտագործենք վիրավորող բառը հնչեցնելուց առաջ:

Եթե մտքում այդ չարաբաստիկ բառը փոխանակենք օրինակ մեր անունով, ապա այդ ճակատագրական պահին մեր շուրթերից կհնչի ոչ թե դիմացինին հավիտյան մեզանից վանող բառը, այլ մեր անունը` իմ դեպքում Ռուբեն, քո դեպքում…

Երբ այն մտքիդ գա, դու չես էլ կարողանա արտաբերել, որովհետև քեզ համար քո անունը մտաբերելն այդ պահին կլինի սթափեցնող ազդանշան, ասես մեկ ուրիշից:

Արդյունքում, երբ նկատես թշնամիների քանակը նվազեց, ապա փառք տուր Աստծուն այն խոնարհության համար, որ կարողացար կատարել մարդկանց հետ հաշտության քո առաջին քայլը` ինչը հենց նրանց չվիրավորելն էր:

Կհարցնես, թե ինչպե՞ս իմանամ, ո՞րն է այն բառը, որից դիմացինը կնեղանա:
Դու ինքդ էլ լավ գիտես:

Դա այն բառն է, որ երբեք չէիր ուզենա ինքդ լսել քո հասցեին

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ