Protestant.am-ը զրուցել է Արցախի «Արթնության կրակ» եկեղեցու ավագ հովիվ` Լևոն Սարդարյանի հետ

1447

Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Protestant.am-ը զրուցել է Արցախի «Արթնության կրակ» եկեղեցու ավագ հովիվ Լևոն Սարդարյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք հովիվ Լևոնի հետ ունեցած հեռխոսազրույցը:

Հովիվ Լևոն, իհարկե, մենք լուրերով անընդհատ հետևում ենք դեպքերի զարգացման ընթացքին, բայց, այնուամենայնիվ, կցանկանայինք այսպես ասած «առաջին ձեռքից» տեղեկանալ Արցախում  տիրող մթնոլորտի, բարոյահոգեբանական վիճակի մասին:

Լավ է, ժողովրդի և՛ հոգևոր, և՛ բարոյահոգեբանական վիճակը լավ է: Մասնավորապես եկեղեցում մենք միշտ աղոթքների մեջ ենք:

Ընդհանուր առմամբ լրատվական միջոցները նորմալ հաղորդում են ընթացող գործողությունների և տիրող իրավիճակի մասին: Հիմնականում այն է, ինչ լուրերով հաղորդվում է, մի փոքր ավել կամ պակաս, դա էլ զուտ կապված է տեղեկատվության ուշ տեղ հասնելու հետ: Մինչ լուրը տեղ կհասնի, մենք հեռախոսով արդեն տեղեկանում ենք, սակայն կրկնում եմ՝ գրեթե նույն վիճակն է, ինչ հաղորդվում է:

Այս պահին «հարաբերական անդորր» է, ընթացող բանակցությունների ու հանդիպումների ավարտին ենք սպասում: Բայց դա շատ հարաբերական է. ցանկացած պահին մարտական գործողությունները նախորդ թափով կարող են վերսկսվել, բայց մենք աղոթում ենք, որպեսզի այդ ամենը դադարի, աղոթում ենք մեր երկրի պաշտպանության ու ժողովրդի պահպանության համար:

Ստեփանակերտում հանգիստ է, ռազմական որևէ երևույթ չկա: Այստեղ՝ հրապարակում, բազմաթիվ լրագրողներ, քաղաքական-հասարակական գործիչներ կան հավաքված, որն էլ որոշակի արտասովոր անցուդարձ է առաջ բերում, բայց  ռազմական որևէ երևույթ չկա, ինչ կատարավում է՝ առջնագծին է:

Իսկ տեղի եկեղեցիների մեջ այս օրերին որևիցէ համագորցկացություն կամ եղածի ակտիվություն նկատվո՞ւմ է. Օրինակ՝ Երևանում և մարզերում այս ողջ ընթացքում տարբեր ձևաչափերով միաբան աղոթքներ և հանդիպումներ են անցկացվում:

Ոչ առանձնապես, հնարավոր է դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բոլոր եկեղեցիներից էլ բազմաթիվ տղաներ զորակաչված են, այդ թվում`մեր եկեղեցուց շատ երիտասարդներ առաջնագծում են գտնվում, և յուրաքանչյուր եկեղեցի իր շրջանակներում է գործում:

Մենք շուրջօրյա աղոթքաժողներ ենք հայտրարարել, երեկոյան ժամերին նույնպես հանդիպում ենք, և քաջալերում ենք անհատական ու գիշերային աղոթքներ ևս անցկացնել: Մենք մեր եկեղեցու շրջանակներում ենք ակտիվություն ցուցաբերում, իսկ այլ եկեղեցիներից տեղեկություն չունեմ:

Հովիվ Լևոն, առաջնագիծ մեկնած կամավորներ էլ ունե՞ք:

Այո, մեր եկղեցուց և՛ երիտասարդներ, և՛ տարեց տղամարդիկ կան, ովքեր կամավոր գնացել են դիրքեր:

Հարցը շարունակելով՝ զոհեր կամ վիրավորման դեպքեր ունեցե՞լ եք:

Ոչ, մեր եկեղեցուց մեկնածների շրջանակում չեն եղել նման դեպքեր:

Այս օրերին ի՞նչ կփոխանցեք քրիստոնյաներին, մեր ժողովրդին:

Ուղղակի մեկ բան կասեմ՝ անհրաժեշտ է աղոթել: Մենք հոգևոր մարդիկ ենք ու գիտենք, որ այն, ինչ կատարվում է երկրի վրա, երկնքում տեղի ունեցողի հետևանքն է: Մենք այն ժողովորդն ենք, որ գիտենք, հասկանում ենք դա և անմիջական կապ ունենք Երկինքի հետ: Ուստի մենք կարող ենք ազդել Երկնքի վրա, որպեսզի երկրի վրա ինչ-որ բան փոխվի: Միայն աղոթք:

Մենք էլ այստեղից, ինչպես արդեն նշեցի՝ աղոթում ենք, միաբանվում ենք, ինչպես նաև այլ հնարավոր միջոցներով փորձում ենք օգտակար լինել: Ձեզ հետ ենք: Թող Տերն օրհնի Ձեզ:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ