Protestant.am-ը զրուցել է «Երբ թուրքերը Տե՜ր, ողորմյա են երգում» գրքի հեղինակ, վերապատվելի Րաֆֆի Շահվերդյանի հետ

2098
Րաֆֆի Շահվերդյան. «Երբ թուրքերը «Տե՜ր, ողորմյա» են երգում»

Այս գիրքը նվիրում եմ Եղեռնից մազապուրծ ազատված
հայրենակիցներիս և նրանց զավակներին:
Այն սերնդին, որի ճամփան
Անապատն էր մահաշունչ, կյանքը՝ շնչահեղձ,
Գրիչը մատն էր արյունոտ, տետրը՝ ավազը վառող,
Անկողինը հողն էր սառը, բարձը՝ քարն անտաշ,
Տաճարը՝ բաց երկնքի տակ, գմբեթը՝ երկնակամար…
Զանգակատունը՝ լուռ, իսկ ղողանջը՝ ողբ,
Աղոթքը հակիրճ՝ ապրել եմ ուզում,
Շուրթերի երգը՝ «Տե՜ր, ողորմյա»:

Մեր զրուցակիցն է «Երբ թուրքերը Տե՜ր, ողորմյա են երգում» գրքի հեղինակ, Հայաստանի «Աստծո Ժողովուրդ» Ամբողջ Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, վերապատվելի Րաֆֆի Շահվերդյանը:

Րաֆֆի Շահվերդյանի՝ «Երբ թուրքերը «Տե՜ր, ողորմյա» են երգում» գրքի կազմը
Րաֆֆի Շահվերդյանի՝ «Երբ թուրքերը «Տե՜ր, ողորմյա» են երգում» գրքի կազմը

Հովիվ Րաֆֆի, սրտանց շնորհավորում ենք գրքի հրատարակման առթիվ: Մի փոքր կխնդրեինք պատմել գրքի մասին՝ ինչպե՞ս ծնվեց այն գրելու գաղափարը և ո՞րն է գրքի հիմնական ուղերձը:

Շնորհակալ եմ ընդառաջելու և ձեր ջերմ ընդունելության համար:

Գիրքը թեև գեղարվեստական է, սակայն շարադրված է իրական դեպքերի հիման վրա, որն էր մեր պատմական ճամփորդությունը դեպի Թուրքիա:

Այն շոշափում է մեր ազգային ցավը՝ հայ դատը, և կենտրոնացած է թուրքերի ներողության վրա, իհարկե՝ քրիստոնյա թուրքերի:

Այն փորձում է ցավերը սփոփել և մղում է մեզ աղոթել ազգերի հաշտության համար և պատրաստ լինել ներել ներողություն խնդրողներին, որի միջոցով կվերադառնան մեր ազգային կորուստները և իրավունքները:

Այն նաև արտացոլում է իմ ամբողջ հայրենասիրական հույզերը մանկությունից մինչ այժմ՝ շաղախված հոգևոր սկզբունքներով: Գրքում գտնվող հույզերը ոչ միշտ են բաղդատվում քրիստոնեական չափանիշների հետ, իսկ հոգևորը գուցե խորթ թվա ազգայինին: Համենայն դեպս, կարծում եմ՝ սա նոր խոսք է:

Րաֆֆի Շահվերդյանի՝ «Երբ թուրքերը «Տե՜ր, ողորմյա» են երգում» գրքի կազմը (երես 2-րդ)
Րաֆֆի Շահվերդյանի՝ «Երբ թուրքերը «Տե՜ր, ողորմյա» են երգում» գրքի կազմը (երես 2-րդ)

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը:

Օրեր անց այն կլինի գրախանութներում և տեղական եկեղեցիներում, իսկ մինչ այդ հնարավոր է պատվիրել՝ զանգահարելով «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու գրասենյակ (+374 10 45 35 23) կամ նամակ ուղարկելով pogsecretary@gmail.com էլփոստի հասցեին:

Նախատեսվո՞ւմ է գրքի լույս ընծայումը նաև այլ լեզուներով:

Հուսով եմ, որ այն կթարգմանվի անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Արդյոք կա՞ն նոր գրքերի մտահղացումներ:

Այս գիրքը միանգամից ծնվեց, սակայն դրանից առաջ պատրաստ գիրք ունեի ներքին բժշկության մասին: Կա նաև ձեռնարկ տնային տասնյակների մասին, որը ևս պատրաստ է:

Իհարկե շարունակում ենք աշխատել, այժմ պատրաստվում է և 2016թ. լույս կընծայվի սգավորների մխիթարության մասին գիրքը:

Եվ օգտվելով առիթից՝ ո՞րը կլինի Ձեր սուրբծննդյան պատգամը մեր ընթերցողներին:

Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Նոր տարին և մեր Տիրոջ Ծնունդը protestant.am-ի ընտանիքին և ձեր էջի այցելուներին՝ հռչակելով գալիք տարին որպես կորուստները ետ վերցնելու տարի:

Ինչպես Աստծո Խոսքում է գրված. «Եվ կալերը ցորենով կլցվեն, հնձանները կհորդեն գինիով և յուղով: Եվ Ես կվերականգնեմ ձեզ համար այն տարիները, որ մորեխը, ջորյակը, երևիլն ու խառնիճը՝ ձեր մեջ ուղարկած Իմ մեծ զորքը, կերան: Առատորեն պիտի ուտեք ու կշտանաք և օրհնաբանեք ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հետ հրաշալի ձևով վարվեց. և Իմ ժողովուրդն այլևս երբեք չպիտի ամաչի» (Հովել 2.24-26):

Զրուցեց Սուրեն Սահակյանը

Րաֆֆի Շահվերդյանի գրիչն անկեղծ է ու անմիջական, և նրա հույզերն ու զգացմունքային պոռթկումները վարակում են մեզ անվերապահելիորեն: Նրա մտորումները ծանոթացնում են մեզ մեր ազգային ինքնության որոնման անվերջ թափառումներին, որ երբեք վերջը չեն գտնում: Մեր ազգային ինքնությունն անվերջ ձևավորվում ու վերածնվում է անցյալի և ներկայի, սփյուռքի և հայրենիքի փոխհարաբերությունից և մեր բազմաշերտ ու հարուստ մշակութային ժառանգությունից, որը մասամբ ձևավորվել է նաև մեր և օտար ազգերի հարաբերությունների արդյունքում:

Այս գիրքը մեզ ինչ–որ չափով օգնում է հասկանալ հայ լինելու իմաստն ու առեղծվածը: Եվ յուրօրինակ այս հանելուկը լուծելու համար Րաֆֆի Շահվերդյանը դիմում է նաև հոգևոր արժեքներին և հավատքի ակունքներին և այսպիսով իր անտիպ ու եզակի ձևակերպումն է ներկայացնում հայ լինելու և մնալու խորհրդի շուրջ:

Վերապատվելի Ռոբերտ Ասրյան
Լոնդոնի Աստվածաբանական
Համալսարանի դասախոս,
Հոգեբան–խորհրդատու
Բրիտանական “The Disciple”
պարբերականի գլխավոր խմբագիր

Մեկնաբանություններ