Protestant.am-ը զրուցել է Լոնդոնի Աստվածաբանական համալսարանի դասախոս, վերապատվելի Ռոբերտ Ասրյանի հետ

2441
Pastor Robert Asryan

Protestant.am-ի զրուցակիցն է Լոնդոնի Աստվածաբանական համալսարանի դասախոս, մի քանի տասնյակ հոգևոր գրքերի թարգմանիչ, հոգեբան-խորհրդատու, վերապատվելի հովիվ Ռոբերտ Ասրյանը:

Հայաստանն իմ հայրենիքն է. շատ եմ սիրում իմ երկիրը և հպարտ եմ իմ ազգային մշակույթով:

Հովիվ Ռոբերտ, Դուք ծնվել եք Թեհրանում, այժմ բնակվում եք Լոնդոնում: Պարբերաբար այցելելով Հայաստան՝ ի՞նչ տպավորություններ և զգացողություններ եք ունենում:

Հայաստանն իմ հայրենիքն է. շատ եմ սիրում իմ երկիրը և հպարտ եմ իմ ազգային մշակույթով: Եվ հիմա էլ, թեև Անգլիայում եմ ապրում, բայց փափագում եմ գոնե տարին երկու կամ երեք անգամ լինել հայրենիքում, քանի որ Հայաստանում լինելն ինձ տալիս է հոգեկան խորը բավարարվածություն:

Անգլիայում ես կարողանում եմ ձեռք բերել այն, ինչը թերևս կյանքում իմ գլխավոր կոչումն է՝ քրիստոնեական աստվածաբանության ավելի խորն ուսումնասիրությունը և դասավանդումը: Բայց ամեն անգամ Հայաստան այցելելիս, լինելով հայրենիքում, կարողանում եմ իմ ազգային մշակույթի և ազգային ժառանգության տարբեր դրսևորումները տեսնելով՝ վայելել այն ամենը, որ իմ հայ հոգին է և իմ հայկական ինքնությունն է:

Ներկայում ի՞նչ գիտական հետազոտությունների և կրթական ծրագրերի ուղղությամբ եք աշխատում:

Այժմ «Փարս» Աստվածաբանական համալսարանի առցանց ուսուցման կենտրոնում դասախոսում եմ Եկեղեցաբանություն առարկան, որը շատ կարևոր թեմա է՝ ի՞նչ է Եկեղեցին, Եկեղեցին Աստծո ծրագրի մեջ, եկեղեցու կառավարման ձևերը, նրա միասնականությունը և սրբությունը և բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են Եկեղեցու հետ:

robert-aserianՆաև Եկեղեցին մեր արդի աշխարհում. քանի որ մենք ապրում ենք մի գերարագ փոփոխվող աշխարհում, և Եկեղեցին, հասկանալով այն մեծ առաքելությունը, որ Եկեղեցու գլուխը՝ Քրիստոսը, հանձնարարել է իրեն, պետք է կարողանա կատարել հավատարմորեն և գիտակցելով, որ Ավետարանի Բարի լուրը մարդկության մեծ կարիքն է մեր աշխարհքի մեջ, որտեղ ամեն օր ահավոր դեպքեր և տագնապներ են պատահում: Հաշվի առնելով այս ամենը՝ հասկանում ենք, որ մարդն առանց Աստծո, առանց Ավետարանի Բարի լուրի, շատ վտանգավոր վիճակում է գտնվում: Այսպիսով, ես դասավանդում եմ Եկեղեցաբանություն առարկան, ուսումնասիրում ու մշակում եմ նաև որոշ հոգեբանական կուրսեր, որ շուտով պետք է կիրառենք մեր ուսանողների համար:

Մենք հավատում ենք Աստծո Խոսքին, որն անսխալ, անթերի և հավիտենական է:

Քրիստոնյաների շրջանում մի պատկերացում կա, որ հոգեբանությունը մերժում են՝ ասելով, թե այն դեմ է աստվածաբանությանը: Շատերը վստահ են, որ մենք ունենք Աստվածաշունչը և դա բավական է, որպեսզի կարողանանք մարդկանց օգնել: Դուք նշեցիք, որ նաև հոգեբանական հետազոտություններ եք կատարում, ինչպիսի՞ն է քրիստոնյա առաջնորդների վերաբերմունքն այս հարցի շուրջ:

Ընդհանրապես քրիստոնեական աշխարհքում գոնե երեք մոտեցում կա հոգեբանության նկատմամբ: Առաջինը լրիվ ժխտական է, այն համարում է որպես մի մարդկային գիտություն, որը լի է Աստծո Խոսքի դեմ նախապաշարումներով և ուսմունքներով:

Երկրորդ մոտեցումը լրիվ տարված է և զմայլված հոգեբանության առարկայով, դա համարում է մարդկային մտքի կարևորագույն ձեռքբերումներից և ձգտում է լրիվորեն օգտվել այս գիտությունից, և նույնիսկ այն պարագաներում, երբ հակասություն է տեսնում Աստվածաշնչի և հոգեբանության միջև, փորձում է հարմարեցնել և ձևակերպել քրիստոնեական հավատքը հոգեբանության եզրույթների և հասկացությունների համեմատ:

PastorRobertAsryanԵրրորդ մոտեցումը, որին ինքս անձամբ համակիր և համակարծիք եմ, պնդում է, որ թեև հոգեբանությունը մարդկային մտքի, գիտության կարևոր հաջողություններից է, բայց մարդկային մի գիտություն է, որն ունի թերություններ և սխալներ, իսկ մենք հավատում ենք Աստծո Խոսքին, որ անսխալ, անթերի և հավիտենական է:

Թեև մենք կարող ենք օգտվել որոշ հոգեբանական ճշմարտություններից և հետազոտություններից, բայց վերջ ի վերջո այն, ինչ հակասում է Աստծո Խոսքի հետ, կարող ենք մի կողմ դնել և օգտվել հոգեբանության այն ուսմունքներից, որոնք Աստծո Խոսքի հետ որևէ հակասություն չունեն: Իրականում կան հոգեբանական այնպիսի ձեռնարկներ և նյութեր, որոնք կարող են օգնել մեզ նույնիսկ եկեղեցում մարդկանց ծառայելու, նրանց հասկանալու և օգնելու գործում:

Հատկապես կլինիկական և կրթադաստիարակչական հոգեբանությունը, անձի տեսությունը տալիս են մեզ շատ հետաքրքիր նայվածք մարդու նկատմամբ՝ օգնելով ճանաչել և աջակցել մեր շուրջը եղած տառապող և ցավագար մարդկանց:

Ի՞նչ գիտահանրամատչելի գրականություն խորհուրդ կտաք, որպեսզի հոգեբանությամբ հետաքրքրվող անձինք ընթերցեն:

Կան աշխարհքում շատ լավ քրիստոնյա հոգեբաններ, ովքեր իրենց աշխատություններով դրականորեն ազդել են եկեղեցիների և քրիստոնյաների վրա, բայց այս գրքերը մեծավ մասամբ գրվել են անգլերեն լեզվով: Կարող ենք թվել մի քանի հայտնի քրիստոնյա հոգեբանների, ում ուսմունքները խոր սուրբգրային հիմքեր ունեն: Նրանցից մեկը Լարի Քրաբն է, ով ձգտել է ձևակերպել Աստվածաշնչի սկզբունքներին համահունչ քրիստոնեական հոգեբանություն:

Իմացական գիտության հիմնադիրներից Ալեն Քոլինզը, շվեյցարացի հայտնի հոգեբան Փոլ Թորնիեն, 100-ից ավելի գրքերի հեղինակ Ջեյ Ադամսը և շատ այլ քրիստոնյա մտավորականներ կան, որոնք թեև տարբեր հոգեբանական դպրոցների են պատկանում, տարբեր երևույթների տարբեր կերպ են մոտենում, բայց մեկ բան նրանց միավորում է՝ նրանք այն հեղինակներն են, որոնց առաջարկած տեսությունները ոչ մի հակասություն չունեն Աստծո Խոսքի հետ:

Ե՞րբ և ո՞ւմ կողմից է ստեղծվել հոգեբանությունը՝ որպես ինքնուրույն գիտություն:

Թեև միշտ մարդու հոգու և ներաշխարհի մասին եղել են կարծիքներ, մասնավորապես տարբեր փիլիսոփաների կողմից, բայց իր արդիական իմաստով հոգեբանության գիտություն ասելով ի նկատի ենք ունենում այն գիտական մեթոդոլոգիան և մտայնությունը, որ 1870-ական թվականներից սկիզբ առավ և ուսումնասիրում է մարդու ներաշխարհն ավելի գիտական մեթոդներով:

Գերմանացի Վիլհելմ Վունդթը, ում կոչում են փորձառական հոգեբանության հիմնադիր, առաջին անգամ իր լաբորատորիայում կատարեց մարդու ըմբռնման (անգլ.՝ perception) ուղղությամբ որոշ գիտափորձեր, և նրանից հետո ևս մի քանի հետազոտողներ, ովքեր փորձեցին գիտական մեթոդաբանությամբ ճանաչել մարդու ներաշխարհքը, նրանք համարվում են հոգեբանության հիմնադիրները:

Քրիստոնյան պետք է լինի Աստծո խոսնակը արդի աշխարհքի մեջ՝ լավ ճանաչելով Աստծո Խոսքը և Աստծո կամքը՝ իր ժամանակների համար:

Ինչպես նշեցիք՝ աշխարհը 21-րդ դարում շատ արագ է փոփոխվում, զարգանում… Ի՞նչ խորհուրդ կտայիք մերօրյա հավատավոր ժողովրդին:

Կարծում եմ՝ ամեն քրիստոնյա պետք է լավ ճանաչի այն ժամանակը և հասարակությունը, որում ապրում է: Հարկավոր է հասկանալ ժամանակաշրջանի առանձահատկությունները և փոփոխությունների արագ ընթացքը: Միաժամանակ քրիստոնյան պետք է լավ ճանաչի Աստծո Խոսքը և Աստծո կամքը՝ իր ժամանակների համար: Ոչ միայն գիտենա մարդու կարիքը, այլև՝ Աստծո պատասխանը այդ կարիքին: Եվ թե Աստված ինչ է ուզում ասել Իր ժողովրդին այս նոր իրավիճակի պայմաններում:

robert-asrianՍա պահանջում է մի կողմից՝ հասկանալ «ժամանակի հոգին», մյուս կողմից՝ խորապես հետազոտել Աստծո Խոսքը և քրիստոնեական աստվածաբանությունը, որովհետև քրիստոնեությունը միայն Սուրբ Գիրքը չէ, այլև այն հարուստ աստվածաբանական ժառանգությունը, որ մենք ստացել ենք Եկեղեցուց այս 2 հազար տարիների ընթացքում: Այս երկուսը հաշվի առնելով՝ քրիստոնյան կարող է լինել ճշմարիտ քրիստոնյա, լինել «իր ժամանակի զավակը» և լինել Աստծո խոսնակը արդի աշխարհքի մեջ՝ հռչակելով Ավետարանի Բարի լուրը և խոսելով Աստծո կամքի մասին մեր ժամանակների համար:

Զրուցեց Սուրեն Սահակյանը

Մեկնաբանություններ