Protestant.am-ը զրուցել է հոգևոր երգերի սիրված կատարող Արայիկ Թովմասյանի հետ

3169
arayik-tovmasyan

Protestant.am-ի զրուցակիցն է սիրված երգիչ-ավետարանիչ Արայիկ Թովմասյանը:

Վերջերս լույս տեսավ ձեր նոր ձայնասկավառակը, որն, ինչպես և նախորդները, բաղկացած է բացառապես հոգևոր երգերից: Ինչպե՞ս պատահեց, երբ որոշեցիք ընծայել Ձեր կյանքը Աստծուն և ծառայել նրան:

Ես դեռ փոքր էի, երբ ծնողներս ապաշխարեցին և որոշեցին իրենց կյանքն ընծայել Աստծուն: Հետևաբար անընդմեջ լսում էի Աստծո Խոսքը և մշտապես գտնվում էի Քրիստոսին հավատացողների միջավայրում: Ինքս պատանի էի, երբ ընդունեցի Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ, սակայն հեռու էի ճշմարիտ քրիստոնյա լինելուց և խուսափում էի կյանքս լիովին Տիրոջը նվիրել: Հասկանում էի, որ այդ դեպքում պետք է մերժեմ աշխարհական ցանկություններս, զվարճանքներս և այն ամենն, ինչը կյանքի իմ այդ ժամանակահատվածում կարևոր էի համարում:

Բանակային տարիները շրջադարձային եղան իմ հոգևոր կյանքի և հոգևոր հասունություն ձեռք բերելու համար:

2001թ. զորակոչվեցի բանակ և ծառայեցի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում 2 տարի: Այս տարիները շրջադարձային եղան իմ հոգևոր կյանքի և հոգևոր հասունություն ձեռք բերելու համար: Քայլ առ քայլ Տերն առաջնորդում և սովորեցնում էր ինձ, դա ամենօրյա աշխատանք էր՝ քրտնաջան աշխատանք, որը մեծ հնազանդություն և խոնարհություն էր պահանջում:

2003թ. զորացրվելուց հետո իմ սիրտն ամբողջովին պատրաստ էր ծառայել Տիրոջը: Հավատում եմ, որ Տերն ինձ առաջնորդեց ծառայելու եկեղեցու փառաբանության խմբում, թեև ինձ համար իսկական բացահայտում էր այն, որ ունեմ ձայնային տվյալներ: Այդպես սկսվեց փառաբանողի իմ ճանապարհը, որը շարունակվում է մինչ օրս:

arayik-tovmasyan-avetaranchutyun-armavirum

Առանց համբերության անհնար է կատարել Աստծո կամքը և շարունակել հավատարիմ մնալ Նրան:

Ո՞ր սուրբգրային համարներն են ձեզ առավել հոգեհարազատ և ինչու:

Դժվարանում եմ առանձնացնել որևէ սուրբգրային համար, քանի որ կյանքի տարբեր իրավիճակներում առանձին համարներ կարող են առավել հոգեհարազատ և առաջնային դառնալ: Սակայն կան խոսքեր, որոնք միշտ քաջալերում և սթափեցնում են ինձ, դրանք կարծես ուղենիշներ լինեն, որոնք ապահովում են հոգևոր կյանքիս անխաթար ընթացքը: Դրանցից մեկը Եբրայեցիների թղթի 10.36-րդ խոսքն է. «Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով խոստմունքը ժառանգեք»: Առանց համբերության անհնար է կատարել Աստծո կամքը և շարունակել հավատարիմ մնալ Նրան:

Գործք 7.17–րդ խոսքում ասվում է. «Եւ երբոր խոստմունքի ժամանակը մօտեցաւ՝ որ Աստուած Աբրահամին երդումով խոստացել էր, ժողովուրդը աճեց եւ շատացաւ Եգիպտոսումը»: Յուրաքանչյուր խոստմունք իրականանում է Աստծո սահմանած ժամկետում, և հնարավոր է, որ այն չհամապատասխանի մեր նախատեսած ժամկետների հետ. այստեղ է, որ հիասթափության գայթակղությանը տրվելու փոխարեն մենք պետք է գործադրենք ամենահզոր հոգևոր զենքերից մեկը՝ համբերությունը:

Ի՞նչ է Ձեզ համար երկրպագությունը:

Երկրպագությունն ինձ համար ապրելակերպ է: Դա բնական հոգևոր և մտավոր կացություն է, երբ անդադար իմ սերն եմ արտահայտում դեպի Իմ Արարիչը, դեպի իմ Հայրը: Դա իմ հաղթանակի գրավականն է և ապացույցը:

Պատկերացրեք մի իրավիճակ, որը նկարագրված է Բ Մնացորդաց 2-րդ գլխում. Տիրոջ ժողովուրդը պատրաստվում է թշնամու դեմ վճռական ճակատամարտի, զորքի առջևում կանգնած է օրհնաբանողների բանակը, որի առաքելությունը մեկն է՝ փառաբանել Տիրոջ սուրբ փառքը: «Գոհացեք Եհովայից, որովհետև Նրա ողորմությունը հավիտյան է» , «Գոհացեք Եհովայից, որովհետև Նրա ողորմությունը հավիտյան է». կրկնում էր օրհնաբանողների զորքը: Ժամերն անցնում էին, սակայն պատերազմի և ոչ մի կոչ չէր հնչում այնտեղ՝ Օրհնության հովտում, միայն արձագանքում է օրհնաբանողների երգը. «Գոհացեք Եհովայից, որովհետև Նրա ողորմությունը հավիտյան է»: Իսկ ու՞ր է թշնամին: «Եվ Հուդայեանք եկան անապատի միջի դիտանոցը և նայեցին բազմության վերայ և ահա նրանց դիերը փռուած էին երկրի վերայ, և մեկ ազատված չկար» (Բ Մնացորդաց 20.24):

Մինչ Աստծո ժողովուրդը երկրպագում էր իր Արարչին, Տերը դարանակալներ էր դուրս բերել ջախջախելու նրա թշնամիներին: Ավելին՝ նույն գլխի 25-րդ խոսքում ասվում է, որ թագավորը և ժողովուրդը կողոպտեցին թշնամու բանակը և «չէին կարողանում տանել. երեք օր ավար կողոպտեցին, որովհետև շատ էր»: Երկրպագությունը մեր և Աստծո թշնամուն՝ սատանային կողոպտելու արդյունավետ միջոց է նաև: Երկրպագության մասին կարող եմ խոսել անվերջ, այդ թեման երբեք չի սպառվում ինձ համար:

Ես ազատ եմ վախից, քանի որ Աստված ինձ հետ է:

Կա՞ որևէ սաղմոս, որն ամենից շատ եք սիրում:

Նման սաղմոսները շատ են, սակայն կցանկանայի առանձնացնել հատկապես 23-րդ՝ «Տերն իմ հովիվն է» սաղմոսը: Այն ինձ խտանյութ է հիշեցնում, աստվածային սիրո խտանյութ, քանի որ յուրաքանչյուր տող հնարավոր է անդադար ընդարձակել, և հայտնաբերել այն բարիքները, որոնք պատկանում են մեզ՝ քրիստոնյաներիս: Իրականում այդ սաղմոսը յուրաքանչյուրիս կյանքի համար Աստծո կամքի հռչակումն է. «Տերն իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ»: Ես չպետք է ունենամ խաղաղության, պաշտպանության, ապահովության կարիք, կարիք ասելով նկատի չունեմ անհրաժեշտությունը, այն ինչը հարկավոր է, կարիք ասելով նկատի ունեմ որևէ բանի պակասը կամ բացակայությունը: Ես ազատ եմ վախից, քանի որ «Տերն ինձ հետ է, և Նրա գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ»: Եվ ես ազատ եմ որևէ խնդրի մասին անհանգստանալու բեռից, քանի որ «Տերը հանգիստ է տալիս ինձ և առաջնորդում արդարության շավիղներում»: Գոհանում եմ Տերից Իր սիրո մասին այս գրավոր վկայության համար:

arayik-tovmasyan-i-dance-for-the-lordԻ՞նչ ծառայություններ եք ներկայում իրականացնում, և ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված:

Ես հանդիսանում եմ Արմավիրի «Աստծո օծյալ» եկեղեցու երիտասարդական և փառաբանության ծառայությունների առաջնորդը: Դրանք լուրջ և մեծ պատասխանատվություն պահանջող ծառայություններ են, և շնորհակալ եմ Տերից նման վստահության համար: Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա հավատքի կյանքիս փորձառությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ Տերը «…կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում»:

Մարդկային ծրագրերը սահմանափակված են ճանաչողությամբ, նյութական միջոցներով. փորձառությամբ և այլ գործոններով: Աստված անսահմանափակ է, ես չեմ փորձում սահմանափակել Տիրոջ ծրագրերը իմ կյանքում: Երբ ես սկսեցի երգել Տիրոջ համար, չէի էլ կարող պատկերացնել, որ Տերը կկանչի ինձ ծառայելու համաշխարհային ավետարանչությունների ժամանակ:

arayik-tovmasyan-familyԵս այո՛ և ամե՛ն եմ ասում Տիրոջ ցանկացած ծրագրի իմ կյանքում և իմ ընտանիքի համար: Սակայն անկախ ամեն ինչից, ես ինքս ինձ տեսնում եմ որպես հոգևոր մշակ, Տիրոջը փառաբանող, ում կյանքի միակ նպատակն է ծառայել Աստծուն, ծառայել մարդկանց՝ նրանց փրկության լուրը փոխանցելով:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են և աջակցում են ինձ:

Կխնդրեմ պատմեք Ձեր նոր՝ «Քո օրենքը անարատ է» ալբոմի մասին: Ո՞րն է նրա գլխավոր առանձնահատկությունը, ինչո՞վ է հատկապես այն տարբերվում նախորդներից:

Ալբոմում ներառված է 10 հոգևոր երգ, և ի տարբերություն իմ նախորդ ալբոմների, որոնցում բացի հեղինակային երգերից տեղ էին գտել նաև օտարալեզու երգերի հայերեն թարգմանված տարբերակները, այս ալբոմում բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններն են, որոնք գրվել են հատուկ ինձ համար, և երգերը հնչում են իրենց սկզբնական, չձևափոխված տեսքով: Ալբոմում տեղ են գտել բազմաոճ երգեր, և մենք փորձել ենք չսահմանափակել մեզ ռիթմական պատկերի և գործիքավորման առումով, ինչը կարծում եմ բավականին հետաքրքիր է ստացվել:

Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ամերիկաբնակ հոգևոր երգչուհի Սալբի Քելեշյանին՝ համագործակցության հրավերը չմերժելու համար, շնորհակալություն Չարենցավանի «Երգ երգոց» եկեղեցու երգչախմբի մենակատարներ Նազելի Հովսեփյանին և Հովսեփ Արսենյանին, շնորհակալություն երգերի հեղինակներին, իմ կողակցին՝ սիրելի կնոջս՝ Գայանե Թովմասյանին, գործակցիս՝ Արմեն Հովսեփյանին, Քրիստոսով իմ քույրեր Վարդուհի Խոստիկյանին և Լիլիթ Հակոբյանին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում երգերի գործիքավորման հեղինակ Հակոբ Արսենյանին և նրանց, ովքեր իմ կողքին են և աջակցում են ինձ:

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել Ձեր ձայնասկավառակները:

Ձայնասկավառակները ձեռք բերելու համար հարկավոր է նախապես տեղեկացնել՝ նամակ ուղարկելով arayik_tovmasyan@mail.ru էլեկտրոնային հասցեին կամ fb.com/arayik.tovmasyan.9 ֆեյսբուքյան էջին:

Խոնարհությունը ճանապարհ է հարթում դեպի հավիտենական Աստված:

Ձեր ուղերձը մեր ընթերցողին:

Ես կցանկանայի քաջալերել ձեր ընթերցողին Պետրոս Առաքյալի խոսքերով. «Խոնարհեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնի իր ժամանակին» (Ա Պետրոս 5.6): Խոնարհվելով՝ մենք դավանում ենք երևութական և աներևույթ աշխարհում, որ ճանաչում ենք մեր Արարչին: Հիշե՛ք, սիրելինե՛րս, խոնարհությունը ճանապարհ է հարթում դեպի հավիտենական Աստված:

Ավելացնելով՝ ասեմ, որ շնորհակալ եմ protestant.am քրիստոնեական կայքին այս հարցազրույցի համար, ինչը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ խորհրդածել և վկայել Տիրոջ հրաշալի գործերի մասին: Մաղթում եմ ձեզ, որպեսզի նոր տարածքներ նվաճեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան և փառքի համար, և Տերը հաստատի ու ընդլայնի ձեր տեսիլքը:

Ձեզ նույնպես շնորհակալություն Ձեր պատրաստակամության և հրաշալի պատասխանների համար:

Զրուցեց Սուրեն Սահակյանը

Հ.Գ. Առաջարկում ենք ունկնդրել Արայիկ Թովմասյանի և Նազելի Հովսեփյանի «Քո օրենքը անարատ է» գեղեցիկ զուգերգը:

Մեկնաբանություններ