Protestant.am-ի հայտարարությունը Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների Միության նախագահ, վերապատվելի դոկտ. Ռաֆայել Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ

2135
PoGArm_14amyak_RafayelGrigoryan

Դաժան ծեծի է ենթարկվել Վանաձորի Ավետարանական հավատքի եկեղեցու հովիվ, Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների Միության նախագահ, վերապատվելի դոկտ. Ռաֆայել Գրիգորյանը:

Համոզված ենք, որ այս վայրագության պատճառներից են ստեղծված ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը, ավետարանական հավատի քրիստոնյաների նկատմամբ լրատվամիջոցներով տարածվող ատելությունն ու անհանդուրժողականությունը: Ցավալի է, որ այդ ատելությունը բխում է ոչ միայն լրատվամիջոցներից և որոշ իրենք իրենց հասարակական հորջորջող կազմակերպություններից, այլև 1700 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու որոշ սպասավորներից:

Protestant.am կայքի ողջ խմբագրությունը, արտահայտելով իր բազմահազար ընթեցողների կարծիքը, իր խորը անհանգստությունը, ցասումն ու բողոքն է արտահայտում կատարված վայրագության կապակցությամբ:

Համոզված ենք, որ վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը, լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդ, իր սրտում արդեն ներել է իրեն ծեծի ենթարկողին և աղոթում է նրա ապաշխարության ու փրկության համար: Սակայն ավետարանական հավատի հավատացյալների կողմից իրավապահ մարմինների նկատմամբ առանց այդ էլ խարխլված վստահությունը վերականգնելու նպատակով հույս ենք հայտնում, որ կատարված բռնարարքը իրավապահների կողմից կարժանանա անաչառ քննության և ամենախիստ պատժի` օրենքի ողջ խստությամբ:

Հարյուր հազարավոր ավետարանականների ուշադրությունն այսօր սևեռված է դեպի իրավապահները` հավատով, որ կատարված հակաքրիստոնեական արարքը կստանա իր արժանի գնահատականը:

Աղոթում ենք վերապատվելի, դոկտ. Ռաֆայել Գրիգորյանի շուտափույթ ապաքինման համար: Մեր զորակցությունն ենք հայտնում նրան, իր ընտանիքին և եկեղեցուն:

Protestant.am կայքի խմբագրություն

Մեկնաբանություններ