Protestant.am-ը զրուցել է Վոլգոգրադի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ, մեր հայրենակից Գրիգոր Բադալյանի հետ

534
Դուք եղել եք գործարար և, որքան ինձ հայտնի է, բավականին հաջողակ: 
Ի՞նչ տեղի ունեցավ, որ թողեցիք բիզնեսն ու սկսեցիք ծառայել Աստծուն:

Պատասխանը ավելի պարզ է ու հասկանալի, սիրում եմ Տիրոջը, այդ իսկ պատճառով հեշտությամբ թողեցի, առանց որևէ դժվարության: Իմ կարծիքով ամբողջ խնդիրը արժեքների մեջ է: «Սիմօ՛ն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ այդ ամենից ավելի»:

Դժվար չէ՞ր տանել կյանքի այդպիսի կտրուկ շրջադարձը:

Որոշակի խնդիրներ ունեցել եմ: Ասեմ ավելին, մեծ դժվարություններ եմ ունեցել, բայց քանի իմ առջև ունեցել եմ տեսիլք, որն ավելի մեծ է եղել, քան մնացածը, հաղթել եմ շատ հեշտությամբ:

Ծառայում եք Ռուսաստանում, որտեղ կրոնական ոլորտում իշխող դիրք ունի Ռուս ուղղափառ եկեղեցին: Դա որևէ դժվարության, արգելքի կամ խոչընդոտի պատճառ դառնո՞ւմ է Ձեր ծառայության համար:

Այսօր Ռուսաստանում կրոնական դաշտը ավելի բաց է, քան որևէ ուրիշ դեմոկրատական պետությունում: Բնականաբար որոշակի դժվարություններ լինում են, բայց առայժմ մեծ վտանգ չեն ներկայացնում: Սովորաբար, երբ ռուս մարդուն հարցնում ես, թե արդյոք նա քրիստոնյա է, պատասխանում է՝ ո՛չ, ուղղափառ եմ:

90- ականների սկզբներին ուկրաինացի հովիվները շքերթով մտան Ռուսաստան, ամենուր եկեղեցիներ սկսեցին ու ավետարանը տարածեցին: Այսօր հերթը հայերինն է: Ամենուր, բոլոր Ռուսական քաղաքներում հայ հովիվներ են բարձրանում, ու եկեղեցիներ սկսում: Հայերը դառնում են օրհնություն ռուս ազգի համար:

Քրիստոնյաների շրջանում թեժ բանավեճեր են անցնում այն մասին, թե արդյո՞ք քրիստոնյաները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, թե ոչ: Ձեր կարծիքն այս մասին, խնդրում եմ:

Մենք աշխարհը քաղաքականությունով չպետք է փոխենք, այլ Աստծո խոսքով: Երբ խոսքը ներթափանցի ավետարանչի միջոցով բարձր օրգաններ, ամեն բան կփոխվի ավտոմատ ձևով: Դա իմ անձնական կարծիքն է:

Ամեն երկիր ունի իր խնդիրները: Եվրոպայում ահագնացել է համասեռ ամուսնությունների վտանգը, Ռուսաստանում՝ գինեմոլությունը, Հայաստանն էլ ունի իր խնդիրները: Կարո՞ղ եք առաջարկել մեկ ընդհանուր դեղատոմս՝ համադարման բոլոր խնդիրների լուծման համար: Թե՞ ամեն խնդիր ունի լուծման իր ճանապարհը:

Ես ընդդիմությամբ խնդրի լուծումը չեմ տեսնում: Իսրայելը ուներ շատ խնդիրներ, բայց հենց գալիս էր Աստծո ներկայությունը, կատարվում էր ապաշխարություն, և բոլոր խնդիրները վերանում էին: Ես հավատում եմ, որ երբ հավատացյալները դառնան երկրպագուներ, կգա Աստծո ներկայությունը, և բոլոր խնդիրները, անկախ իրենց մեծությունից կչեզոքանան, որովհետև, որտեղ Աստծո Հոգին է, այնտեղ ազատություն է: Բաղադրատոմսը երկրպագությունն է, որը փոխել է, փոխում է, ու կփոխի աշխարհը:
Ի միջիայլոց ասեմ, որ այսօր ավելի շատ խոսում են երկրպագությունից, քան թե երկրպագում, դա էլ է մեծ խնդիր:

Այսօր աշխարհի մարտահրավերները հատկապես գայթակղիչ են երիտասարդության համար: Ձեր ուղերձը, խնդրում եմ, բոլոր երիտասարդներին, հատկապես՝ հայ երիտասարդությանը:

Իմ կարծիքով շատ դժվար ու ծանր բաժին է ընկել այսօրվա երիտասարդության վրա: Եթե առաջներում կար սև և սպիտակ գույնը եկեղեցիներում, հիմա հայտնվել է մոխրագույնը, որը սեվի ու սպիտակի խառնուրդն է, ու չես կարողանում զանազանել, թե ում ինչ է հարկավոր: Բնականաբար երիտասարդությունը մեծ ընտրության առջև է կանգնած: Բայց ուզում եմ ոգևորել ու ասել, որ դա հատուկ ընտրյալների ժամանակ է, որտեղ վարձքը ավելի մեծ է լինելու: Ժամանակ, որի մասին երազել են մարգարեներն ու առաքյալները: Կոչ եմ անում չհանձնվել, արյուն թափելու չափ հեռու մնալ մեղքից, վերցնել հավատքի վահանը, և ամբողջ զորությամբ շարժվել առաջ: Եթե եղել ենք առաջին քրիստոնյա պետությունը, ապա վերջում էլ մնանք առաջինը ու չհանձնվենք:

Զրուցեց Աննա Բարսեղյանը

 

Մեկնաբանություններ