Protestant.am-ը զրուցել է սիրված երգչուհի Մերի Հովհաննիսյանի հետ

1572

Մեր զրուցակիցն է քրիստոնեական երգերի հեղինակ կատարող Մերի Հովհաննիսյանը:

Մերի, ինչպե՞ս հանդիպեցիք Տիրոջը:

13 տարեկան աղջնակ էի, երբ հայրիկիս ընկերն այցելեց մեզ: Իհարկե նա հաճախ էր այցելում մեր ընտանիքին, բայց այդ օրվա նրա այցը ես հավատում եմ, որ Տիրոջ ծրագիրն էր: Դուք կզարմանաք, բայց առաջին բանը, որ ես լսել եմ, դա այն էր, որ Աստված կա և այն, ինչ Աստծուն է պատկանում, մենք պետք է տանք Աստծուն: Հայրիկիս ընկերն այդպես մեզ սկսեց ավետարանել: Ավելի հստակ՝ առաջին ուղերձը եղել է տասանորդը, որ ես լսել եմ: Եվ որքան էլ զարմանալի է, իմ ծնողներն այդ օրը որոշում կայացրին ճանաչել այդ Աստծուն: Իսկ ես լսում էի այդ զրույցները, որոնք ավելի հաճախակի բնույթ սկսեցին կրել մեր ընտանիքում: Եվ չեմ կարող ասել, որ շատ բան էի հասկանում, բայց ես մի բան էի զգում, որը խաղաղությունն էր: Երբ նրանք զրուցում էին, ես զգում էի, որ մեր տունը ինչ-որ հատուկ խաղաղությամբ էր լցվում:

MeriԵվ մարտի մեկին` իմ ծննդյան օրը, հայրիկիս ընկերն առաջարկեց, որ մարտի 3-ին գնանք «Կյանքի Խոսք» եկեղեցի: Ծնողներս միանգամից համաձայնվեցին: Ես ուրախ էի, որ գնալու էինք: Հիշում եմ, որ երբ մտանք երիտասարդական պալատ ու երբ տեղավորվեցինք և բարձրացավ փառաբանության երգչախումբը, անպատմելի մի հիացմունք վերապրեցի: Ես սկսեցի շատ խանդավառ նրանց հետ միաբանված երգել, որքա՜ն հաճելի էր այդ պահը: Իհարկե այդ օրը ես և ընտանիքս ընդունեցինք Հիսուսին՝ որպես մեր կյանքերի Տեր և Փրկիչ: Վերադարձա տուն շատ տպավորված, ես անընդհատ ուզում էի լսել այդ երսժշտությունը, որ լսել էի եկեղեցում, մեզ նվիրեցին մի քանի ձայներիզներ, որոնք ես անդադար երգում էի և նույնիսկ քնում էինք այդ երգերի ներքո: Ես սիրահարված էի Աստծո ներկայությանը, բայց շատ բաներ չէի հասկանում, ես ուղղակի սիրում էի երգել Նրան… Ես Նրան հանդիպել եմ երկրպագության մեջ:

ՄերիԻ՞նչ է Ձեզ համար երկրպագությունը:

Երկրպագությունը կոչում է, որից ոչ մի քրիստոնյա իրեն չպետք է առանձնացնի: Մենք բոլորս ենք կանչված Նրան երկրպագելու: Եվ երկրպագությունն ինձ համար, դա Աստծո հետ ամենամտերմիկ շփման պահն է, երբ դու լիովին զգում ես քո փոքրությունը և թույլ ես տալիս, որ Նա հասակ առնի և մեծանա քո մեջ: Երկրպագությունը դա ամենահրաշալի կյանքն է ինձ համար, որ ես երբևէ կարող եմ ապրել, որպես Քրիստոսի մեծ երկրպագու այս երկրի վրա: Ես ուզում եմ, որ իմ կյանքը լինի երկրպագություն առ Աստված: Ուզում եմ, որ իմ ապրած կյանքը հետագայում շատ հստակ տա յուրաքանչյուրին այս հարցի պատասխանը:

Շուտով լույս կտեսնի Ձեր առաջին ձայնասկավառակը: Պատմեք մի փոքր ալբոմի և առաջիկա շնորհանդեսի մասին:

Ձայնասկավառակն իմ առաջինն է, բայց հավատում եմ, որ ոչ վերջինը: Անվանումը` «Նայիր Խաչին», ըստ համանուն երգի, որը թերևս առաջին երգն էր իմ հեղինակային, որ կատարեցի երիտասարդական ավետարանչական ծառայության ժամանակ: Այն շատ արագ տարածում գտավ, և ամենահրաշալին այն է, որ շատերի սրտին հասավ այդ երգը: Հիմա տարբեր եկեղեցիներում հնչում է այն և փառավորվում է Տերը` Ով և գլխավոր հեղինակն է այն բոլոր երգերի, որոնք շնորհք է տալիս ինձ փոխանցելու մարդկանց:

Նայիր Խաչին

Ձայնասկավառակում ընդգրկված է 10 երգ, 8 երգ հեղինակային է: Երկար էի մտածում և աղոթում, որ նույնիսկ այս հնարավորությունն օգտագործեմ մարդկանց ավետարանելու համար: Եվ Տերը սրտումս մի տեսիլք դրեց, որը զգում էի՝ շատ մոտ ապագայի համար է, և ես քնում և արթնանում էի՝ տեսնելով «Նայիր Խաչին» խորագիրը կրող ավետարանչական երեկոն, որը և տեղի կունենա օգոստոսի 23-ին: Ես ինձ երջանիկ եմ զգում, որ լինելով այսքան երիտասարդ՝ Տերը ինձ վստահեց սա: Այն բարի գործը, որ սկսել է Հիսուսն՝ օգձագործելով իմ փոքրիկ և աննշան կյանքը՝ Իր մեծ ու հզոր անունը փառավորելու համար, Նա էլ ավարտին կհասցնի:

Ամեն: Հետաքրքիր է՝ կա՞ որևէ երգ, որն ամենից շատ եք սիրում:

Մեծ սիրով այս հարցին երգելով էլ կպատասխանեի: «Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի, թեև հալածանքն ու սուրն սպառնի»… Այո՛, «Հավատքս չեմ մոռանա» երգը, որի հեղինակը Վերապատվելի Րաֆֆի Շահվերդյանն է: Այս երգն այն երգերից մեկն է, որն օրորոցային է եղել ինձ համար: Երբ լսում էի այս երգը, աչքերս փակում էի և երազում, որ մի գեղեցիկ օր ես այն կկատարեմ:

Merry HovhannisyanՏերն իրականացրեց իմ սրտի բաղձալի երազանքը, և ես «Կյանքի Խոսք» եկեղեցու երիտասարդական փառաբանության խմբում` «Իխտուս»-ում իմ ծառայակից ընկերների հետ պատիվ ունեցա կատարելու այդ երգը: Անկեղծորեն կնշեմ, որ սա ինձ համար պարզապես երգ չէ, այլ հավատարմության խոստում իմ Տեր Հիսուսին: Եվ առիթից օգտվելով՝ իմ սրտի մեծ շնորհակալությունն եմ հայտնում հովիվ Րաֆֆիին, որ հնազանդվելով Սուրբ Հոգուն՝ հանձնել է թղթին այս հրաշալի հնչյուններն ու խոսքերը:

Կարծես թե Ձեզ առավել հոգեհարազատ են նախորդ դարավերջին գրված կամ ավելի հին երգերը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Այո՛, իրավացի եք, իմ երգացանկում շատ կարելի է հանդիպել հոգևոր հին երգերի: Ես ունեմ շատ մեծ երազանք, որի մասին չեմ վախենա այսօր բարձրաձայնել, այն ինչ դուք տեսնում եք իմ յություբյան էջում, իմ երազանքի հետ անմիջական կապ ունի, սակայն դա դեռ մի փոքրիկ սկիզբ է: Ես Տիրոջ կամքով և շնորհքով ուզում եմ այս սերունդի մեջ վերածնունդ տալ հին հոգևոր երգերին: Վստահ եմ, որ այս երազանքն Աստծուց է: Գիտե՞ք, դժվարությունների մեջ ծնված երգերը, երբ մարդիկ հալածանք էին կրում նույնիսկ միայն Քրիստոնյա լինելու համար, այդ երգերում ես շատ մեծ խորություն, անկեղծություն և նվիրում եմ տեսնում:

Ես ժամանակակից երաժշտությանը դեմ չեմ, բայց մի փոքր կանկեղծանամ՝ սրտումս ոչ մեկին չդատապարտելով. այսօրվա հարմարավետությունը, որից երիտասարդները չեն ցանկանում դուրս գալ, վտանգավոր անհոգություն է առաջացրել և ոչ միշտ, բայց հաճախ դա փոխանցվում է նաև այժմյան երգերի մեջ: Թույլ տվեք մի փոքր համարձակ գտնվել ու նաև ասել, որ այն երաժշտությունը, որը հնչում է որպես փառաբանություն և երկրպագություն առ Աստված, չպետք է զվարճացնի մարդկանց և ժամանակավոր անհոգություն, ուրախություն պարգևի, այն պետք է մոտեցնի մարդկանց Աստծուն, բացահայտի Աստծո նկարագիրը նրանց համար, ստիպի վերանայել իրենց կյանքը որպես Քրիստոսի հետևորդներ, պետք է նորոգի միտքը և լցնի Տիրոջ խաղաղությամբ: Որի արդյունքում էլ կբարձրանան հոգով և ճշմարտությամբ երկրպագողներ: Աստծո հանդեպ մեր ունեցած երկյուղն ու ակնածանքը, պատկառանքն ու մեծարանքը պետք է հորդի հոգևոր երաժշտությունից: Եվ այս նշված որակը ես գտնում եմ հին հոգևոր երգերի մեջ: Նաև հավատում, որ մեր օրերում էլ կծնվեն նման երգեր և արդեն ծնվել են: Փառք Տիրոջը:

Ձեր ուղերձը մեր ընթերցողին:

Իմ կոչն է՝ փոխզիջման չգնալ այս աշխարհի հետ և չվտանգել իրենց հավիտենությունը՝ այս աշխարհի ժամանակավոր հաճույքներին տրվելով: Նաև կոչ եմ անում չլռել Հիսուսի մասին այլևս, քանի որ ամեն բան մոտ է իր ավարտին, սուրբը թող էլ ավելի սրբվի: Տերը օրհնի յուրաքանչյուրիդ:

Շնորհակալություն անկեղծ և բովանդակալից զրույցի համար:

Աստված օրհնի Ձեզ:

Զրուցեց Սուրեն Սահակյանը

Մեկնաբանություններ