Կամավորներ ներգրավելու արգելքը պետք է հանվի․ Ա․Լուսյան

384

Օրերս Երևանում տեղի ունեցավ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքների մասին» ՀՀ օրենքի նախագծի հասարակական քննարկում։

Քննարկման ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց նաև «Կրոնի և իրավունքի կենտրոնի» ղեկավար Արմեն Լուսյանը։  Գնահատելով ՀՀ Սոցապ նախարարության մասնագետների կողմից օրինագծի մշակման առումով կատարված մեծածավալ աշխատանքը, այդուհանդերձ, նա շեշտադրում կատարեց երկու իրողության վրա։

Նախ՝ նկատեց, որ այս օրինագծի գերնպատակը պետք է լինի Հայաստանում կամավորության մշակույթի զարգացմանը նպաստելը, հետևաբար՝ օրենքը չպետք է ծանրաբեռնված լինի խիստ կարգավորումներով։ Ավելին՝ այն պետք է նախատեսի կամավոր աշխատանքը խրախուսող լրացուցիչ միջոցներ, քան որ ներկայացված է օրինագծի ներկայիս տարբերակում։

Այնուհետև Արմեն Լուսյանն անընդունելի համարեց օրինագծում տեղ գտած այն սահմանափակումը, ըստ որի՝ կուսակցությունների և առևտրային կազմակերպությունների շարքում նաև կրոնական միավորումներին է արգելվում կամավորներ ներգրավել իրենց օգտին և կամ իրենց նախաձեռնությամբ կատարվող աշխատանքներին։

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում կամավորության զարգացման գլխավոր շարժիչ ուժերից մեկը կրոնական կազմակերպություններն են, մասնավորապես՝ քրիստոնեական եկեղեցիները, որոնց արժեհամակարգը հիմնվում է բարի գործերին անշահախնդիր մասնակից լինելու աստվածաշնչյան հորդորների վրա։ Հետևաբար, եթե օրինագծի սույն արգելքն օրենքի ուժ ստանա, ապա Հայ Առաքելական եկեղեցին, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցիները, որոնք սոցիալական ուղղվածության բազմաբնույթ հանրօգուտ ծրագրեր են իրականացնում կամավորների օժանդակությամբ, կհայտնվեն հակաօրինական դաշտում։ Մի բան, որը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի։

Հարցադրմանն արձագանքեց ՀՀ Սոցապ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ով նշեց, որ այս առումով, իրոք, խնդիր կա, և օրինագծի լրամշակման ընթացքում իրենք կփորձեն այս դիտարկումները նույնպես հաշվի առնել։

Կրոնի և իրավունքի կենտրոն

Մեկնաբանություններ