Քերովբերներ

322

Քերովբեների մասին ամենահագեցած տեղեկությունը մեզ տալիս է Եզեկիել մարգարեն՝ 1: 5-24 և 10:1-22 հատվածում: Այստեղ նկարագրված չորս քերովբեները հետաքրքիր արտաքին տեսք ունեն, մի մասը՝ մարդու, իսկ մյուսը՝ կենդանու:

Նրանցից յուրաքանչյուրն ունի մարմին և ձեռքեր՝ ինչպես բոլոր մարդիկ (1:5,8), սակայն նրանցից յուրաքանչյուրը ունի չորս դեմք որոնք չորս տարբեր կողմեր էին նայում՝ մարդու, առյուծի, եզան, և արծվի (1:6,10): Նրանք չորս թևեր ունեին (1:6,11) և նրանց ոտքերը զվարակի ոտքերի նման էր (1:7), որոնք փայլում էին պղնձի նման: Ամբողջ մարմինը, մեջքը, ձեռքերն ու թևերը ծածկված են եղել աչքերով (10:12): Նրանք կարող էին շատ արագ շարժվել ցանկացած ուղղությամբ (1:19-21), իսկ շարժման ժամանակ նրանց թևերից շատ բարձր ձայն էր լսվում (1:24):

Ամենայն հավանականությամբ, քերովբեները հրեշտակների ամենաբարձր կարգին են պատկանում: Երկու փաստ գոյություն ունի այս տեսակետը հաստատելու համար:
1. Այն, որ նրանք ամենամոտ փոխհարաբերությունն ունեն Աստծու հետ:
2. Աստվածաշունչը նրանց մասին խոսում է ավելի մանրամասն, քան որևէ ուրիշ հրեշտակի մասին:
Այն բանից հետո, երբ Աստված Ադամին ու Եվային դուրս հանեց Եդեմական պարտեզից, Նա քերովբեներին դրեց որպես պահապան՝ պարտեզի արևելյան մասում: Ծննդ. 3:24
Աստծու շարժական աթոռ-կառքը կազմում են չորս քերովբեներ, ինչպես գրված է (Եզեկիել 1:5-28, 10:1-22, 11:22)
Չմոռանանք, որ երկու քերովբեները իրենց թևերով ծածկում էին ուխտի տապանակը, որը ցույց էր տալիս Աստծու ներկայությունը երկրի վրա: Ելից 25:17-22, Ա Մնաց. 28:18

Աստված յուրահատուկ ձևվով էր խոսում իր ժողովրդի հետ ուխտի տապանակի վրա եղած քերովբեների մեջտեղից՝«Երբ Մովսեսը ժողովքի խորանն էր մտնում, Նրա հետ խոսելու, այն ժամանակ նա լսում էր իր հետ խոսողի ձայնը վկայության տապանակի վրա եղած քավության վրայից՝ երկու քերովբեների մեջտեղից և ինքը Նրա հետ խոսում էր»։ Թվոց 7:89, Գ Թագ. 19:15, Սաղմ. 80:1
Քանի որ Աստված պատվիրել էր, որպեսզի երկրային խորանը կամ տաճարը՝ երկնային օրինակով կառուցվի (Եբր. 8:5), այստեղից կարող ենք հետևություն անել, որ երկնքում նույնպես Աստծու աթոռը շրջապատում են քերովբեները:
Քերովբեների կերպարի օգտագործումը շատ մեծ տարածում է գտել և՛ խորանի, և՛ Սողոմոնի տաճարի տարբեր ատրիբուտների մեջ:

«Եվ խորանը շինես տասը վարագույրներով՝ մանած բարակ քթանից ու կապուտակից, ծիրանագույնից ու կրկնակի կարմիրից: Ճարտար ոստայնագործ շինես նրանց՝ քերովբեներով»: Ելից 26:1,31
Երկու մեծ քերովբեներ՝ մոտավորապես 4,5 մետր բարձրությամբ և երկու մետր ամեն թևերից մեկը, պատրաստվեցին ձիթապտղի փայտից և պատվեցին ոսկիով, իսկ այնուհետև դրեցին Սողոմոնի տաճարի մեջ՝ Սրբության Սրբոցում: Գ Թագ. 3:23-28
«Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը իր տեղը՝ տան դաբիրը սրբությանց սրբության մեջ քերովբեների թևերի տակ։ Որովհետև քերովբեները իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները ծածկում էին տապանակն ու նրա ձողերը վերևից»: Գ Թագ. 8:6-7

Սողոմոնը պատվիրել էր նաև քերովբեների կերպարը քանդակել տաճարի պատերի, դռների և տասը պղնձե լվացարանների վրա: Գ Թագ. 6:29-35, 7:19-38
Քերովբեներ պատկերներն ասեղնագործել են նաև Սրբության Սրբոցը տաճարից բաժանող երկու վարագույրների վրա: Բ Մնաց. 3:14

Հազարամյա թագավորության ժամանակ, ապագա տաճարի պատերին ու դռներին նույնպես քանդակված կլինեն քերովբեների պատկերը: Եզեկիել 41:18-25
Պարզ է նույնիսկ, որ ոչ բոլոր քերովբեները ունեն այնպիսի տեսք՝ ինչպիսին այն չորս քերովբեներն են, որոնք անմիջապես Աստծու աթոռն են շրջապատում: Հազարամյա թագավորության ժամանակ, տաճարում՝ քերովբեները պատկերվում են երկու երեսով: Եզեկիել 41:18-19

Այդ պատճառով էլ կարող ենք հետևություն անել, որ ամենայն հավանականությամբ քերովբեների կարգը կազմված է տարբեր խմբերից:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ