Քեզ համար կուռք չշինե՛ս

618

«Քեզ համար կուռք չշինե՛ս…» — Ելից 20:4

Երբ խոսքը գնում է կռապաշտության մասին, մի պահ մեզ թվում է, որ այն հնացած տերմին է, հին ժամանակների մեղք, կամ ինչ-որ վայրենի մի ժողովրդի է այն վերաբերում, բայց այսպես չէ. մենք սխալվում ենք և չարաչար սխալվում:

Երբ Աստծուց բացի, մեր երկրպագության կենտրոնը դառնում է որևէ այլ բան, դա արդեն կուռք է, իսկ մենք՝ կռապաշտներ: Մեղքը չի հնանում և ոչ էլ էվոլուցիայի ենթարկվում: Այսօրվա աշխարհը թաղված է նույն մեղքերի մեջ, ինչպես հազարամյակներ առաջ: Հնարավոր է, որ մի քիչ ձևափոխվել է չարություն գործելու ձևը, սակայն արմատը՝ բուն մեղքը, մնացել է նույնը: Կռապաշտությունը մինչ արտաքնապես երևալը, նախ այն աննկատ ձևով ձևավորվում է մարդու ներսում և դառնում ներքին պաշտամունք՝ ուղղված որևէ մեկին, կամ ինչ-որ բանի, բայց ո՛չ Աստծուն: Մարդը սովոր է շատ արագ իր հայացքը կենդանի Աստծուց շեղելու: Եթե մեկը կասի, թե ես այդպիսին չեմ, մի՛ հավատացեք:

Հիշե՛նք Հովհաննես Առաքյալին՝ մարդ, որն աշակերտ էր անձամբ Հիսուսի, ում մասին այսպես է գրում. «Այն, որ սկզբից էր, որը մեր աչքերով ենք տեսել, որին նայել ենք, ու մեր ձեռքերը շոշափել են, Կենաց Բանի մասին» (Ա Հովհ. 1.1): Հովհաննեսը տեսել է այն, ինչը կերազեինք տեսնել մենք, նա սովորել է աշխարհի ամենաբարձրագույն՝ Քրիստոսի դպրոցում և նրա ուսուցիչը եղել է անձամբ Հիսուսը: Տերը խաչի վրա նրան վստահեց Իր մոր՝ Մարիամի խնամքը, սա շատ բանի մասին է խոսում:

Չմոռանա՛նք, որ երկնային Երուսաղեմ քաղաքի տասներկու հիմքերից մեկի վրա գրված է լինելու հենց Հովհաննեսի անունը, բայց արի ու տե՛ս, որ նման մարդը երկու անգամ ուզեց երկրպագել հրեշտակին, այն հրեշտակին, որը ցույց էր տալիս իրեն երկրագնդի ապագան: Հայտնություն 19.10, 22.8: Այստեղ հրեշտակն ուղղում է նրան՝ ասելով. «Զգուշացի՛ր և մի՛ արա այդ բանը… Աստծու՛ն երկրպագի՛ր»: Այս խոսքերը հիմա հնչում են երկրի վրա ապրող ամեն մի մարդու՝ այդ թվում և մեր ականջին «Աստծուն երկրպագիր»: Սիրելի՛ քրիստոնյա, այնքա՜ն բաներ կան, որոնք մեր հայցքը շեղում են Տիրոջից:

Մեր ծիսակարգերը, հավաքույթի անցկացման մեր կարգ ու կանոնը և շա՜տ նման հարցեր երբեմն մեզ համար դառնում են ավելի կարևոր ու ավելի առաջնային դիրք են զբաղեցնում, քան ինքը՝ Աստված: Երգը, աղոթքը, Խոսքի քարոզչությունը, ողորմություններն ու բարեգործությունները, կամ որևէ այլ ծառայություն չպետք է դառնա պաշտամունքի առարկա: Այո՛, սրանք անհրաժեշտ են, միջոցներ են, որոնցով հաղորդակցվում ենք, երկրպագում ու ծառայում Տիրոջը, սակայն շատ անգամներ մենք դրանցով այնքան ենք տարվում, որ նույնիսկ մոռանում ենք, թե ում է ուղղված այս ամենը:

Եվ երբեմն մեզ համար, ցավոք, ավելի կարևոր է այս ամենն առանց Աստծո ներկայության, քան Աստծո ներկայությունը՝ առանց այս ամենի: Սա արդեն կռապաշտություն է, իսկական կռապաշտություն: Պետք է Խաչյալի՛ն պաշտել, ո՛չ թե խաչին: Ո՞վ է սահմանել այս կարգ ու կանոնը, պաշտելու այս ձևը: «Մեր հայրերն ասում են այս լեռան վրա, իսկ Դուք ասում եք Երուսաղեմն է երկրպագության տեղը». ասում էր Սամարացի կինը: «Ո՛չ լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում, այլ Աստված հոգի է և Իրեն հոգով երկրպագողներ է ուզում». պատասխանեց Հիսուսը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ