Քրիստոնեությո՞ւնն է մեղավոր

847

Հաճախ կարելի է լսել տեսակետ, թե իբր մեր ազգի բոլոր ձախորդությունների ու դժբախտությունների պատճառը քրիստոնեությունն է: Առավել համարձակները նույնիսկ պնդում են, թե ցեղասպանության պատճառը նույնպես քրիստոնեությունն էր:

Մի ակնկալեք, թե պատրաստվում եմ խորը աստվածաբանական, պատմաքաղաքական կամ կրոնահոգեբանական վերլուծություններով հաստատել կամ հերքել այս տեսակետը: Ընդամենը կբերեմ մի քանի փաստեր, և արդյունքում հետևություններ անելը դժվար չի լինի:

Այսպես.

Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնյաներ են՝ երկու միլիարդ երեք հարյուր միլիոն մարդ: Նայեք աշխարհի քարտեզին: Մանուշակագույնով նշված են այն երկրները, որտեղ գերակայում է քրիստոնեությունը: Քրիստոնյա պետություններ են ամբողջ Եվրոպան, Ամերիկան և Ավստրալիան, Ասիայի և Աֆրիկայի մի մասը:

Պետությունների զարգացման մակարդակը դասակարգվում է ըստ տարբեր ցուցանիշների՝ համախառն ներքին արդյունք, կենսամակարդակ, մարդու իրավունքների պաշտպանություն, արտաքին պարտք, բնակչության երջանկության զգացում, մշակույթի, գիտության և կրթության մակարդակ, կոռուպցիա և այլն, և այլն:

Համացանցում փնտրում ենք ամենազարգացած երկրների ցանկն ըստ նշված տարբեր ցուցանիշների: Ինչպես և սպասվում էր, անկախ ընտրված ցուցանիշից, առաջին երեսուն հորիզոնականներում հիմնականում քրիստոնեական երկրներն են: Երկրներ, որոնք թեև քրիստոնեություն ընդունելուց հետո ունեցել են վերելքների և անկումների ժամանակաշրջաններ, սակայն ընդհանուր առմամբ առաջ են գնացել և իրենց ետևից տարել են ողջ համաշխարհային մշակույթը, գիտությունը և տնտեսությունը: Սա անհերքելի է:

Այս պետությունների մեջ առանձնապես աչքի են ընկնում այն երկրները, որտեղ հատկապես մեծ է բողոքականների թիվը՝ Սկանդինավյան երկրներ, Գերմանիա, Ավստալիա, Կանադա, ԱՄՆ…: Այս երկրներում բողոքականների թիվը կազմում է 40-50 % կամ ավելին: Հետաքրքիր է, որ առաջին տասնյակում հաճախ կարելի է տեսնել նաև Նոր Զելանդիան, որի բնակչության մոտ 60%-ը նույնպես քրիստոնյաներ են, հիմնականում՝ բողոքական: Զարգացած երկրների ցանկում մշտապես իր ուրույն տեղն ունի Հարավային Կորեան: Այո՝ Հարավային Կորեան, որտեղ բնակչության մոտ 25 %-ը ընդունել է քրիստոնեություն, իսկ 20 %-ը բողոքականներ են:

Կաթոլիկ երկրներից քչերն են հայտնվել զարգացած երկրենրի ցանկում՝ Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Իռլանդիա և այլն:

Որոշ ցուցակների 10-20 տեղերում կարելի է հանդիպել նաև մահմեդական մեկ երկրի՝ Արաբական Միացյալ էմիրությունների անունը: Սա, անկասկած, նավթի շնորհիվ: Կան նաև այլ կրոններ դավանող մի քանի փորք երկրներ՝ Ճապոնիա, Հոնգ-Կոնգ,  Սինգապուր… Զարգացած երկրների որոշ ցուցակներում այսպիսի երկրներն ավելի շատ են, քան կաթոլիկ երկրները:

Ուղղափառ երկրները քսանից կամ երեսունից ներքև գտնվող հորիզոնականներում են՝ Հունաստան, Ռուսաստան, Բուլղարիա, Ռումինիա:

Ինչպես հայտնի է, մեր երկրում գործող գերակա եկեղեցին տարբերվում է քրիստոնեական երեք հիմնական ուղղություններից՝ կոթոլիկ, բողոքական և ուղղափառ եկեղեցիներից: Հայ առաքելական եկեղեցին պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների թվին: Բացի հայերից, այս ուղղության հետևորդներ են նաև ասորիները, Եգիպտոսի ղպտիները, եթովպացիներն ու էրիթրեացիները և փոքր քանակությամբ հնդիկներ: Ասորիները պետականությունը վաղուց են կորցրել: Մյուս երկրներում այս եկեղեցու հետորդների  թիվը փոքր է և որոշիչ չէ: Ամեն դեպքում այս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, գտնվում են զարգացածության սանդղակի 90-ից 100-րդ տեղերում կամ ավելի ներքև:

Վերջում նշեմ, որ բացարձակապես մտադրություն չունեմ պնդելու, թե քրիստոնեության գնահատման չափանիշը երկրի զարգացածությունն է: Բոլորովին: Քրիստոնեությունն իր վեհությամբ, իր կատարելությամբ և իր ճշմարտացիությամբ իմ գնահատման կարիքը չի զգում:

Ողղակի նպատակ ունեի պատասխանել նրանց, ովքեր պնդում են, թե մեր դժբախտությունների պատճառը քրիստոնեությունն է:

Այսքանից հետո կարծում եմ կարելի է մի փոքր խորհել. ամբողջ քրիստոնյա աշխարհի համար քրիստոնեությունը եղել է առաջընթացի խթան, իսկ մեզ համար՝ ո՞չ:

Հետևաբար մեր ձախորդությունների ու դժբախտությունների պատճառը քրիստոնեությո՞ւնն է, թե՞…

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ