Այսօր պատմական տարեդարձ է

325

Այսօր պատմական տարեդարձ է․ քրիստոնեական աշխարհում տոնում են Ռեֆորմացիայի 500-ամյակը։

1517թ. հոկտեմբերի 31-ին կաթոլիկ վանական Մարտին Լյութերը Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի եկեղեցու դռանը փակցրեց իր հայտնի 95 թեզիսները։ Սկիզբ առավ Բողոքական Ռեֆորմացիան, որի գլխավոր կարգախոսն էր` վերադարձ դեպի արմատները` Քրիստոսի և առաքյալների անաղարտ վարդապետությունը:

Բնավ չցանկանալով իդեալականացնել Ռեֆորմացիան, այդուհանդերձ, կարող ենք վստահաբար ասել, որ այն քրիստոնեական եկեղեցու հզորագույն բարենորոգչական շարժում էր, որի արդյունքները ոչ միայն երկրորդ շնչառություն հաղորդեցին քրիստոնեությանը, այլև մեծապես բարեկարգեցին Եվրոպան։

Ռեֆորմացիայի հայրերը` ինչպես, օրինակ` Մարտին Լյութերը, Ժան Կալվինը, Ուլրիխ Ցվինգլին և ուրիշներ, իհարկե անթերի մարդիկ չէին, բայց Աստծուն և իրենց գործին անմնացորդ նվիրված ծառայողներ էին։ Նրանք հսկայական ազդեցություն թողեցին Եվրոպայում՝ հոգևոր վերածննդի, միսիայի և հավատի ջահը փոխանցելով հաջորդ սերունդներին։

Ներկայումս բողոքական-ավետարանական հարանվանություններն իրենց ավելի քան 800 մլն հետևորդներով երկրորդն են Կաթոլիկ եկեղեցուց հետո։ Հայաստանում բողոքական քրիստոնեությունը ներկայացված է մի շարք հարանվանություններով, որոնց հետևորդների թիվը, տարբեր գնահատականներով, գերազանցում է 100 000-ը։

Սկզբնաղբյուր

Մեկնաբանություններ