Ինչու՞ հաճախ երկար չի տևում ընկերությունը

350

Ընկերությունը չի կարող կայանալ կամ երկար տևել, եթե նրանում չկա զոհ: Իսկ ի՞նչ ասել է զոհ:

Զոհը միմյանց հանդեպ պարտավորված քայլերը չեն, այլ քայլեր, որոնք անում ես, բայց պարտավորություն չես կրում, այսինքն կարող էիր և` չանել, բայց անում ես, հաճախ նույնիսկ սեփական նեղության հաշվին: Անում ես` սիրելով ընկերոջդ:

*** Երբ տեսնում ես ընկերոջդ կարիքը ու փորձում լրացնել առանց իր խնդրանքին սպասելու, սա կոչվում է «պարտավորություն»: Չէ՞, որ քո հանդեպ էլ նույնն են արել, դու էլ պետք է փոխհատուցես: Պետք է փոխհատուցես: «Պետք է»-ն հենց խոսում է պարտավորության մասին: Լավ է, որ օգնում ես, բայց քիչ է` «Ընկեր» կոչվելու համար:

*** Երբ ընկերդ ինքն է խնդրում օգնես որևէ հարցում, ապա այս դեպքում ևս քո օգնությունը մեծ բան չէ: Խնդրելուց հետո անծանոթն էլ կօգներ: Լավ է, որ օգնում ես, բայց դարձյալ քիչ է` «Ընկեր» կոչվելու համար:

*** Իսկ երբևէ մտածե՞լ ես ընկերոջդ հենց այնպես ուրախացնելու մասին: Այո, պարզապես ուրախացնել՝ առանց ավելորդ անհրաժեշտության:

Երբ ընկերդ օգնության կարիք չունի, ոչ մի խնդրի մեջ էլ չէ: Հակառակը, գուցե հենց ինքդ ես շտապում որևէ տեղ գնալու, բայց մի պահ կանգ առնես, հենց այնպես ընկերոջդ ինչ-որ կերպ ուրախացնես, նոր գնաս:

Զոհել քո ճամփից կես րոպեն ու ընկերոջդ մի քաղցր խոսք ասել: Կամ ընկերդ մի տեղ է գնում, երբ քեզ այնքան էլ անհրաժեշտ չէ նրա հետ գնալ, մանավանդ, որ նա չի էլ խնդրում: Դուրս գաս քո հարմարավետության գոտուց ու գնաս նրա հետ, ուղղակի, որպես ճամփի ընկեր:

Եթե այո, ապա սա արդեն կոչվում է զոհել: Զոհել հանուն միաբանության և ընկերոջդ կողքին լինելու:

Պարտավորվածությունից ելնելով արված քայլերը ընկերության ձևաչափի մեջ չեն մտնում: Մենք պարտավոր ենք հարկեր մուծել, բայց հարկային աշխատողին դրանից հետո ընկեր չենք կոչում: Մենք պարտավոր ենք վճարել գնված ապրանքի դիմաց, բայց դրանից հետո վաճառողը մեզ ընկեր չի դառնում և այլն:

Ընկերությունը` զոհ է:

Երբ կարողանում ես քո կոմֆորտից մի պահ դուրս գալ և միաբանվել ընկերոջդ հետ, երբ կարողանում ես չքնել՝ հանուն նրա, որ ընկերոջդ հետ ճամփա գնաս, որպեսզի իրեն մենակ չզգա, այլ զգա սիրված, սպասված: Թե չէ խնդրելով կամ շահից ելնելով ով էլ ասես կհամաձայնվի ընկերակցել, իր հետ ճամփա գնալու համար:

Զոհը կարևոր ցուցիչ է ընկերության և սիրո մեջ: Եթե չկա զոհ, չի կարող լինել սեր, իսկ եթե չկա սեր, ուրեմն ընկերության մասին խոսելն ավելորդ է:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ