Protestant.am-ի զրուցակիցն է ճանաչված և սիրված երգչուհի Սալբի Քելեշյանը

401

Ի ՞նչ է Ձեզ համար Հարության տոնը:

Սուրբ Հարության տոնը հաղթություն բերեց մահվան և մեղքի վրա, իսկ մեզ՝ հույս, զորություն և կյանք։

Ինչպե՞ս եք այն նշում Ձեր ընտանիքում և համայնքում:

Սուրբ պատարագին մասնակցելով և փառաբանական պաշտամունք բարձրացնելով։

Կարո՞ղ եք մտաբերել Ձեր կյանքում տեղի ունեցած որևէ մի իրադարձություն, որը կապված է հենց Հարության տոնի հետ:

Փա՜ռք Տիրոջը, բազմաթիվ են, Հարուցյալ Փրկչի զորությունով, բժշկություն, փորձություններ դիմագրավելու զորությունը հաճախ եմ ունեցել այդ օրը։

2014 թվականին այցելեցիք հայրենիք, իսկ այս տարի արդյոք նախատեսո՞ւմ եք նորից այցելել, և եթե այո, ապա ինչպիսի՞ ծրագրեր ունենք:

Տիրոջ Կամքով առաջիկա հունիս ամսվա մեջ երաժշտական և քարոզչական առաքելությամբ պետք է այցելենք հայրենիք, որից հետո՝ Լիբանան։

Ինչպե՞ս ծնվեց Օրհներգ առաքելությունը և ի՞նչ հիմնական նպատակներ է այն հետապնդում:

«Օրհներգ առաքելությունը» 1995 թվականին ծնվել է Բեյրութում և մինչ օրս Տիրոջ կամոք շարունակում է գործել։ Այս առաքելության նպատակը երաժշտական և քարոզչական առաքելությունն է, որը երաժշտության միջոցով հրամցվում է տեղական և արտասահմանյան եկեղեցիներին։

Ինչպե՞ս եք գնահատում տեղի միջեկեղեցական և միջհարանվանական շփումները:

Եղբայրասիրությունը երկրորդ և ամենամեծ պատվիրանն է մեզ տրված, իսկ միաբանությունը աստվածային հրահանգ է, որն ամեն գնով իրագործվելու է։ Համաձայն առաջին դարի Եկեղեցու նշանավոր հայրերից մեկի՝ Սուրբ Օգոստիանոսի սկզբունքի՝ հիմնական վարդապետությունների մեջ միաբանություն, երկրոդական բաների մեջ ազատություն, իսկ ամեն բանի մեջ՝ սեր։

Ձեր յուրահատուկ երգարվեստը շատ մեծ ժողովրդականություն է վայելում թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում: Առաջիկայում ի՞նչ կարող է սպասել Ձեր լսարանը:

Փառքը միշտ և միմիայն Աստծուն լինի՝ Իր տված շնորհքը և պարգևն է:
Իմ փափագն է, որ օրեցօր ընդարձակվի մեր հայ ժողովրդի մեջ հարուցյալ Փրկչի Բարի լուրը ժամանակակից և հոգեշունչ երգերի միջոցով։ Մանավանդ հարյուրամյակի առթիվ աղոթքս է, որ վերադառնանք մեր նախահայրերի հավատքին։

Միգուցե բարդ հարց է, բայց այնուամենայնիվ՝ ո՞րն Է Ձեր ամենասիրելի կատարումը Ձեր իսկ երգացանկից և ինչո՞ւ:

Այո՛, իրոք բարդ հարց է, ո՞ր մեկն ասեմ, բոլորը գեղեցիկ երաժշտություն և բառերով, երկնային օծությունով ներշնչված գրված են տարբեր եղբայրների և քույրերի կողմից, որոնց Աստված հրաշալիորեն օժտել է: Բառերը, երաժշտությունը, ոճը և իմաստը առաջին անգամից ներթափանցում են մարդկային հոգու մեջ։ Օրինակ՝ որպես ավետարանչական երգ «Աշխարհ մը լուսե», որ գրվել է Սամսոն Մկրտչյանի կողմից։

Որպես պաշտամունքի և փառաբանության երգ «Երկրպագում եմ» երգը, որի հեղինակը մեր շատ սիրելի Հայկուհի Բաբայանն է, հիշատակը օրհնյալ լինի։

Հետևո՞ւմ եք արդյոք մեր կայքի աշխատանքներին և ի՞նչ տոնական մաղթանք կուղղեք մեր ընթերցողին:

Գնահատելի է ձեր կատարած աշխատանքը, Աստված օրհնելով օրհնի ձեզ։
Տերն օրե օր ընդարձակի ձեր ծառայությունը՝ ի փառս Իրեն։

Իսկ գալով ընթերցողներին՝ իմ աղոթքն է, որ այս սուրբ Հարության տոնը յուրաքանչյուր հայորդու կյանքը նորոգի և ճոխացնի այն Իր Ներկայությամբ և Սիրով։

Շնորհակալություն: Մենք նույնպես օրհնում ենք Ձեզ, Ձեր սքանչելի արվեստը:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ