Սկիզբը․ Բանաստեղծություն

310

Եվ ո՞րն էր սկիզբը.

 

Երբ Աստված ստեղծեց երկի՞նքն անսահման
Ու սահման դրեց ջրերի վրա,
Թե՞, որ մարդ ստեղծեց` սկիզբ դրեց կյանքին:

Եվ ո՞րն էր սկիզբը.
Որ մարդն անեղծ էր ու անապակա՞ն,
Բայց իր որոշմամբ սկիզբ դրեց մեղքին,
Մարդկային կյանքի լուռ տառապանքին:

Եվ ո՞րն էր սկիզբը.
Երբ Աստված դրեց օրենքի կապա՞նք,
Թե՞, որ ազատեց կապանքից մարդկանց:

Եվ ո՞րն էր սկիզբը` սկիզբը մարդկության:
Նոր դարասկզբին, նոր կյանքի հույսով
Հենց Ինքը ծնվեց, որ սկիզբն էր`
Դրված երկինքներից վեր,
Որ դեռ երկինքը երկրին խառնված,
Եվ ջուրն էլ չկար և մարդն էլ չկար:

Եվ Նա է սկիզբը, որ չունի ավարտ:
Եվ Նա սկիզբ դրեց մի նոր շրջանի
Երբ ադամական մեղքը էլ չկար:
Նա ծնունդ առավ, որ մինչև հիմա
Ծնունդ էր տվել միայն ու միայն:

Եվ ո՞րն էր սկիզբը.
Սկիզբը հենց դրվեց այն իսկ վայրկյանից
Երբ Աստված այնպես աշխարհը սիրեց
Որ իր միածին Որդուն ուղարկեց:

Նա ծնվեց մի օր, որ իր ծնունդով,
Իր կյանքով, մահով ու հարությունով
Կյանքի ու մահվան պատնեշը քանդի:

Եվ ո՞վ է սկիզբը. հենց Նա է սկիզբը,
Եվ Նրանով ենք մենք սկիզբ առնում նորից,
Նորից Արարչի ձեռքով մենք անցնում,
Ծնվում ենք նորից ու էլ չենք մեռնում:
Եվ Ո՞վ է սկիզբը.
Քրիստոսն է սկիզբը, սկիզբը ամենքի:

Մարինե Մանուկյան

Մեկնաբանություններ